Թուրքիան կարող է մինչև 25 մլրդ «զբոսաշրջային» դոլար կորցնել Իրանի պատերազմի պատճառով
Թուրքիան կարող է մինչև 25 մլրդ դոլար կորցնել զբոսաշրջությունից ստացված եկամուտներից, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը երկարաձգվի, քանի որ աշխարհաքաղաքական լարվածությունը անմիջականորեն ազդում է զբոսաշրջության ոլորտի վրա, գրում է թուրքական «Ekonomim» բիզնես թերթը։
«Մերձավոր Արևելքում պատերազմի տնտեսական ազդեցությունը չի կարելի գնահատել միայն նավթի գներով։ Զբոսաշրջությունը, ավիացիան, անշարժ գույքը և ծառայությունների ոլորտը առաջինն են արձագանքում աշխարհաքաղաքական ցնցումներին, քանի որ դրանց հիմնական շարժիչ ուժը անվտանգության զգացումն է», – նշել է թերթը։
Թերթը նշում է, որ ռազմական ռիսկերի աճին զուգընթաց զբոսաշրջիկները սկսում են հետաձգել ուղևորությունները, ավիաընկերությունները ճշգրտում են երթուղիները, ներդրողներն էլ նախընտրում են ժամանակավորապես հետաձգել անշարժ գույքի ձեռքբերումը։ Սա, իր հերթին, հանգեցնում է ռեստորանային բիզնեսի, մանրածախ առևտրի և զբոսաշրջության հետ կապված այլ ոլորտների եկամուտների անկմանը։
«Սովորական պայմաններում Թուրքիան տարեկան մոտ 60 մլն զբոսաշրջիկ է ընդունում և ստանում շուրջ 60 մլրդ դոլար եկամուտ։ Եթե զբոսաշրջիկների հոսքը նվազի 10%-ով, երկիրը կարող է մոտ 6 մլրդ դոլար կորցնել, մինչդեռ զբոսաշրջության հետ կապված ոլորտները՝ տրանսպորտը, ռեստորանները և մանրածախ առևտուրը, կարող են բախվել շրջանառության 7-8% անկման», – գրում է հրատարակությունը։
Ավելի լուրջ սցենարի դեպքում, եթե զբոսաշրջիկների հոսքը նվազի մոտ 25%-ով, զբոսաշրջային եկամուտների կորուստը կարող է հասնել մոտ 15 մլրդ դոլարի։ Այս դեպքում ռեստորանների, տրանսպորտային ընկերությունների և մանրածախ առևտրի եկամուտները կարող են նվազել 15-18%-ով, զբոսաշրջային շրջաններում էլ կաճի աշխատատեղերի կրճատման ռիսկը։
«Վատագույն սցենարի դեպքում, զբոսաշրջային հոսքի ավելի քան 40%-ի անկման պարագայում, կորուստները կարող են 24-25 մլրդ դոլար կազմել։ Նման իրավիճակում հարվածի տակ կհայտնվի ոչ միայն զբոսաշրջային ոլորտը, այլև ծառայությունների ոլորտի զգալի մասը. ռեստորանների, տրանսպորտային ընկերությունների և մանրածախ առևտրի շրջանառությունը կարող է նվազել 25-30%-ով, հանգստավայրերում էլ կավելանա բիզնեսի փակման և գործազրկության աճի ռիսկը», – պարզաբանել է «Ekonomim»-ը։



