Բաժիններ՝

«Մենք կհամաձայնե՞նք Հայաստանում մի ոտքը փրկել, եթե արտասահմանում հնարավոր է երկու ոտքը փրկել». ԱԻՆ փոխնախարար

Փրկարարական ծառայողներն արտերկրում բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման մասով կհավասարեցվեն զինծառայողներին: Այսօր ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մաuին օրենքների նախագծերին:

ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը ներկայացրեց, որ նախագծերով օրենսդրորեն ամրագրվում է առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս կամ մարտական հերթապահություն իրականացնելիս փրկարարական ծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման անհնարինության դեպքում, փրկարարական ծառայողների` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժման իրավունքը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Հարությունյանի կարծիքով` օրենքում հստակ չէ, թե ինչ ձևով է որոշվում, թե որտեղ բուժել. «Եթե բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում, բայց ոչ պատշաճ մակարդակով, այդ դեպքում ի՞նչ որոշում է կայացվում»:

Հ.Մխիթարյանը նշեց, որ խնդիրը լիարժեք բուժում ապահովելն է. «Մենք կհամաձայնե՞նք Հայաստանում մի ոտքը փրկել, եթե արտասահմանում հնարավոր է երկու ոտքը փրկել»:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով` չափորոշիչները սահմանված են զինծառայողների մասին օրենքում, և նպատակն է՝ առավելագույն հնարավոր լավ բուժում անելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս