«Անկախ Արդբեջանը 25 տարեկան է. սկսվում է փոփոխությունների և ցնցումներ նո՞ր փուլ». Թոմաս դե Վաալ

«Կարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ, քաղաքագետ Թոմաս դե Վաալը «Անկախ Ադրբեջանը 25 տարեկան է. սկսվում է փոփոխությունների և ցնցումների նո՞ր փուլ» խորագրով ծավալուն հոդված է հրապարակել «Կարնեգի» պարբերականում, որը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով։

«Ադրբեջանը մուտք է գործում նոր պատմական փուլ։ Նավթային բումը, որը ապահովում էր տնտեսական աճը, ամրապնդում պետականությունն ու երկրին տալիս նոր միջազգային նշանակություն, ավարտվել է։ Իշխանությունն այլևս չի կարող հասարակությանն ապահովել ֆինանսական ռեսուրսների բավականաչափ ծավալով, իսկ հասարակությունն արդեն այնքան քաղաքականապես պասիվ չէ, որքան 10 տարի առաջ։ Դրանում աստիճանաբար ձևավորվում են ընդդիմության նոր ֆորմաներ, օրինակ՝ քաղաքական իսլամը։

Գլխավոր հարցը, որ կանգնած է հիմա երկրի ղեկավարության առաջ, հետևյալն է՝ կհաջողվի՞ արդյոք նրան անցկացնել տնտեսական ազատականացում և դրանով իսկ աշխուժացնել տնտեսությունը՝ չդիմելով քաղաքական ազատականացման, որն ի վիճակի է խաթարել գործող իշխանությանը։

Այո, Ադրբեջանի կառավարությունում տեխնոկրատներն արդեն անցկացնում են որոշակի բարեփոխումներ, սակայն, եթե էլիտան չկարողանա կամուրջներ գցել անդունդի վրայով, որը տարանջատում է իշխանություններին և ժողովրդին, երկրին, ամենայն հավանականությամբ, սպասվում են քաղաքական ցնցումներ:

Կարդացեք նաև

Այսօր Ադրբեջանում բռնապետության աստիճանը հասել է իր առավելագույն մակարդակին՝ սկսած 1991 թվականից:

Նրա պատմությունը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կարելի է բաժանել 4 փուլի՝ 1991-1993թթ. երկիրը պառակտվում էր ներքին տարաձայնություններից, բացի այդ, պարտություն էր կրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում՝ Հայաստանի դեմ պայքարում:

Այդ խառնակ ժամանակներում իշխանությունից զրկվեցին անկախ Ադրբեջանի առաջին երկու նախագահները՝ Այազ Մութալիբովն ու Աբուլֆազ Էլչիբեյը:

1993թ. վերջին իշխանության վերադարձավ վետերան քաղաքական գործիչ Հեյդար Ալիևը, որը ղեկավարել էր հանրապետությունը դեռևս խորհրդային տարիներին: Նրան հաջողվեց կասեցնել Ղարաբաղի պատերազմը՝ կնքելով զինադադար և սկիզբ դնել կայունացման շրջանին: Կարգուկանոնն ու կայունությունը, սակայն, կատարվում էր՝ ի հաշիվ քաղաքական բազմակարծության:

Ալիև-Ավագի մահից հետո 2003թ. նախագահի պաշտոնը ժառանգեց նրա որդի Իլհամը: Նոր նախագահը կարողացավ օգտվել հնարավորություններից, որոնք երկրի առաջ բացեց երկարատև տնտեսական բումը: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակատարը պետությանը բերում էր հսկայական նավթային եկամուտներ և համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռում Ադրբեջանի վրա:

Երկրի զարգացման 4-րդ փուլը սկսվում է միաժամանակ Իլհամ Ալիևի նախագահական երրորդ պաշտոնավարմամբ՝ 2013թ. հոկտեմբերին, երբ դարձավ 51 տարեկան: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը դարձավ ավելի փակ պետություն՝ իշխանությունների կոշտ վերահսկողության ներքո՝ կենտրոնաասիական ձևով:

Անձամբ Ալիևի վերընտրումը երրորդ անգամ դարձել է հնարավոր 2009թ. Սահմանադրությունում կատարված վիճահարույց փոփոխության արդյունքում, որը վերացրեց նախագահի՝ պաշտոնում գտնվելու ժամկետի սահմանափակումը:

2016թ. սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայացավ հանրաքվե, որի կետերից մեկը նախագահական ժամկետը 5 տարուց 7-ը դարձնելն է: Այդ փոփոխությունների հետևանքով՝ Ալիևի անձնական իշխանությունը կարող է շարունակվել գրեթե մինչև անվերջություն:

Բռնապետության կողմը գնալը մասնակի կարելի է բացատրել նաև «վարակից» վախի հետ, որը տարածվում է ուկրաինական Մայդանից կամ հեղափոխական Մերձավոր Արևելքից:

2013-ից Ալիև-Կրտսերը սանձազերծել է այլախոհների նկատմամբ քաղաքական բռնաճնշումների արշավ, անգամ ավելի խիստ, քան ԿԳԲ-ի դպրոց անցած հայրը: Այն սկսվել է ընդդիմադիր REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի կալանավորումից, որը պատրաստվում էր մասնակցել նախագահական ընտրություններին:

Ավելի ուշ բանտում հայտնվեցին ժողովրդավարական շարժումների բազմաթիվ ակտիվիստներ, իսկ արևմտյան կազմակերպությունների մասնաճյուղերը փակվեցին:

Միաժամանակ, Ադրբեջանը սահմանափակեց փոխհամագործակցությունն Արևմուտքի երկրների հետ էներգետիկայի և անվտանգության ոլորտներում և ամրապնդեց կապերը Ռուսաստանի հետ: 2015-2016թթ. տնտեսական անկումն առիթ դարձավ Արևմուտքի հետ հարաբերությունների վերանայման համար, սակայն ընդհանուր առմամբ կենտրոնաասիական բռնապետական մոդելը ոչնչով չի փոխվել:

 Կյանքը՝ տնտեսական բումից հետո

3 տարի շարունակ՝ 2005-2007թթ., երկիրն առաջին տեղն էր զբաղեցնում տնտեսական աճի տեմպերով:

Ձեռք բերված հարստությունն օգտագործվում էր երկրի ներսի ենթակառուցվածքների զարգացման և միջազգային հարթակում դերի բարձրացման համար:

Փողերի հոսքը քաղաքական կառուցվածքի մեջ, որը զրկված էր զսպիչ հուսալի համակարգից ու հակակշիռներից, սակայն, հանգեցրեց կոռուպցիայի աճին և խթան չստեղծեց տնտեսության բոլոր ոլորտների արդիականացման համար:

Երկրի ռազմական բյուջեն ավելացավ տարեկան գրեթե մինչև 4 միլիարդ դոլարով, սակայն ներդրումներն այն ոլորտներում, հատկապես նրանցում, որոնք չափազանց կարևոր են աղքատության դեմ պայքարի և ժողովրդի բարեկեցության աճի համար, անհամեմատ փոքր ծավալի էին:

Առաջացավ տնտեսական մեծ խզում բարգավաճող Բաքվի և երկրի մյուս մասի միջև: Աղքատության մակարդակն Ադրբեջանում կտրուկ նվազեց: Ըստ ՀԲ-ի տվյալների՝ 2000-ականների 50 տոկոսից հասնելով մինչև 2013թ. 5 տոկոսի: Սակայն գործազրկության սոցիալ-տնտեսական խնդիրը, որը բնորոշ է Հարավային Կովկասի մյուս պետություններին, մնաց, հատկապես՝ գյուղական բնակավայրերում:

Տվյալների համաձայն՝ Ադրբեջանի աշխատուժի 40%-ը զբաղված է գյուղատնտեսության մեջ:

2013-ին՝ նավթային  բումի պիկին, «Կովկասյան բարոմետր» սոցհարցման համաձայն՝ բնակչության միայն 12%-ի անձնական եկամուտն էր գերազանցում ամսական 400 դոլարը, 48%-ը հայտարարել էր, որ գումարը չի բավականացնում կամ պարենի, կամ պարենի ու հագուստի գնման համար: Ադրբեջանի ցուցանիշները մի քիչ գերազանցում են Հայաստանի և Վրաստանի ցուցանիշները, որոնք նավթային եկամուտներ չունեին:

2016թ. Ադրբեջանի գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշներն անշեղորեն նվազել են: Բաքվի Տնտեսական և սոցիալական զարգացման վերլուծական կենտրոնի տվյալներով՝ 2016թ. առաջին 8 ամիսներին ՀՆԱ-ն նվազել է 3,9%-ով, արտահանումը կրճատվել է 37%-ով: Նվազել է նաև նավթի արտահանումը՝ այսօր «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով» մատակարարվում է օրական 850 000 բարել, իսկ 2010-ի պիկին այն գերացանցում էր 1 միլիոն բարելը:

Նավթի գնանկումը հատկապես ուժեղ հարված է հասցրել Ադրբեջանի տնտեսությանը: Վերջին 15 ամսում Ադրբեջանի ԿԲ-ն ծախսել է իր պահուստների երկու երրորդը՝ փորձելով ոչ այդքան հաջող կերպով աջակցել ադրբեջանական մանաթին:

2014թ. հուլիսից 2016թ. սեպտեմբեր ամիսներին պահուստները կրճատվել են 15.19 մլրդ դոլարից՝ մինչև 4.19 մլրդ դոլարի:

Մանաթի փոխարժեքի անկման հետևանքով թանկացել են պարենային մթերքների գները, ինչը հատկապես վատացրել է քաղաքացիների վիճակը, որոնք կախված են ներմուծումից:

Ադրբեջանի պաշտոնատար անձինք, այդ թվում՝ նախագահ Ալիևը, վերջերս խոսել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման, հատկապես՝ հացահատիկի և կաթնամթերքի արտադրության մասին՝ երկրի պարենային անվտանգության ամրապնդման համար: Այդ խնդիրն անհրաժեշտ է լուծել՝ որքան հնարավոր է արագ: 2016թ. ինֆլյացիան արդեն գերազանցել է 12%-ը:

Տվյալների համաձայն՝ 2016թ. դրամային փոխանցումների ծավալը 2015թ. համեմատ նվազել է 90%-ով:

Հիմնական ռեսուրսը, որի շնորհիվ կառավարությանը դեռևս հաջողվում է հանգստացնել ժողովրդին, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամն է, որը ստեղծվել է սև օրվա համար միջոցների կուտակման նպատակով:

Եթե այդ միտումները պահպանվեն, Ադրբեջանում նավթի պահուստները կարող են սպառվել արդեն 20 տարում:  1994 թվականից երկրում չի բացվել ոչ մի նոր նավթային հանքավայր:

Համաձայն BP ընկերության «Համաշխարհային էներգետիկայի վիճակագրական ակնարկի»՝ 2014թ. վերջին Ադրբեջանում նավթի հետախուզված ծավալները հավասար են 7 մլրդ բարելի (համեմատության համար՝ Ղազախստանում՝ 30 մլրդ բարել, Ռուսաստանում՝ 103 մլրդ, Իրանինը՝ 158 մլրդ բարել):

Իշխանությունները հուսով են՝ ապագայում կունենան կայուն եկամտի նոր աղբյուր՝ բնական գազը: Սակայն պնդումները, թե Ադրբեջանը կդառնա նոր «Հարավային գազային միջանցքի» գլխավոր հանգույցը՝ Եվրոպա գազ մատակարարելու համար, չափազանցություն են:

Երկրի գլխավոր առավելությունը նրա աշխարհագրական դիրքն է: Ադրբեջանը կապված է հուսալի արտահանման երթուղով դեպի Արևմուտք՝ Վրաստանով ու Թուրքիայով, որը հիմնականում գտնվում է BP կորպորացիայի վերահսկողության ներքո:

Այնուհանդերձ, կան գործոններ, որոնք մատնանշում են, որ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի» նմանությամբ գազային անալոգ չի լինի:

Արտաքին քաղաքականությունը

Ադրբեջանում ներքին ու արտաքին քաղաքականությունը սերտորեն միահյուսված է։ Դրանցում փոփոխությունները զուգահեռ են տեղի ունենում։

Խոսքն առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է։ Ահա արդեն 25 տարի այդ հակամարտությունն Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունն  է։ Դա միակ խնդիրն է, որի շուրջ որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով ժողովրդի կարծիքը։

Հակամարտության չկարգավորումը հարուցում է վրդովմունք ու ազգայնական տրամադրություններ ողջ երկրում։ Եթե էլիտան ցանկանում է խաղալ հայրենասիրության վրա, այդ տրամադրությունները կարելի է օգտագործել՝ որպես քաղաքական վերահսկողության գործիք։

Բացի այդ, դրանք են որոշում Ադրբեջանի հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ՝ Բաքուն մշտապես փորձում է եղանակներ գտնել՝  ստանալ Հայաստանի վրա ազդեցության ու ճնշման լծակներ։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը փորձում է առավելագույնս ավելացնել իր նշանակությունն աշխարհում հավասարակշռված արտաքին քաղաքականության հաշվին, դրա հետ միասին՝ չմտնելով ոչ մի այնպիսի կազմակերպության մեջ, որոնք գլխավորում են արևմտյան երկրները կամ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ, ՀԱՊԿ, ԵՏՄ։

Բաքուն ցուցաբերել է ինքնուրույն կուրս անցկացնելու ձգտում՝ 2011թ. անդամակցելով Չմիավորված երկրների շարժմանը։

Բացի այդ, վերջին 5 տարում Ադրբեջանը փորձում է գտնել նոր ընկերներ Ասիայում՝ ի դեմս Չինաստանի և Մալազիայի։

Թուրքիան Ադրբեջանի գլխավոր դաշնակիցն է՝ անկախությունից ի վեր։ Չնայած «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո թաքնված են ադրբեջանաթուրքական մի շարք դժվարին կողմեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի նկատմամբ բավական տարբերվող դիրքորոշումները։ Թուրքիան 2016թ. ապրիլին վճռականորեն աջակցեց Ադրբեջանին ԼՂ-ում բռնկված ռազմական գործողությունների ժամանակ։

Որքան էլ կարևոր նշանակություն Ադրբեջանը չտա Ղարաբաղյան հակամարտությանը, փոքրիկ Հայաստանի հետ 25-ամյա վեճը, փաստացի, շեղում է Բաքվին ավելի  կարևոր երկարատև ռազմավարական մարտահրավերից՝ ինչպես կառուցել հարաբերությունները երկու խոշորագույն հարևանների՝ ՌԴ-ի ու Իրանի հետ:

Բաքվի հարաբերություններն Արևմուտքի հետ կտրուկ վատացել են 2013թ.: Ադրբեջանական իշխանությունները զգայուն են Արևմուտքի քննադատությունների նկատմամբ»:

Հոդվածը ստեղծվել է հետազոտության հիման վրա, որն անցկացվել է Նորվեգիայի ԱԳՆ-ի աջակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս