Քիուեսթյան սրբագրումներ

«Ազատություն» ռադիոկայանի հետ սեպտեմբերի 3-ի հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի միտումներին և հատուկ ուշադրություն հրավիրել կողմերի մոտ զիջումների գնալու պատրաստակամության անհամաչափության վրա: Թվում էր, թե այս գնահատականից հետո ամենաանցանկալի հիշատակումը կարող էր լինել Քի Ուեսթի փաստաթուղթը, որն անհամաչափ զիջումներով գերազանցում է կարգավորման գրեթե բոլոր ծրագրերին: Բայց Քոչարյանը չէր լինի ինքը, եթե իր «դիվանագիտական նվաճումները» չիմաստավորեր՝ սրբագրելով ինչպես՝ Քի Ուեսթի գործընթացը, այնպես էլ՝ փաստաթուղթը, որն իրավամբ կարելի է համարել Քոչարյանի հոգեզավակը:

«Իմ նախագահության 10 տարիների ընթացքում, միայն մեկ անգամ` Քի Ուեսթում, մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն, հենց ստորագրման արարողության ժամանակ: Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում»,- ասել է Ռ. Քոչարյանը:

Միանգամից ասենք, որ պնդումը, թե Քի Ուեսթում նախատեսվում էր փաստաթղթի «ստորագրման արարողություն», մեղմ ասած, արժանահավատ չի թվում, քանի որ հակասում է այն օրերի Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների հանդիպմանը նախորդած հայտարարություններին: Ասենք` հանդիպումից մեկ ամիս առաջ Ռ. Քոչարյանն իր խոսնակի միջոցով ընդգծում էր կողմերի սկզբունքային տարաձայնությունները: Ռոբերտ Քոչարյանի այն օրերի խոսնակ Վահե Գաբրիելյանը բացատրում էր, որ, եթե Ալիևի և Քոչարյանի միջև սկզբունքային համաձայնություն ձեռք բերված լիներ, բանակցությունների շրջանակը կընդլայնվեր, և ավելացնում, նրանք «չեն բանակցում խնդրի կարգավորման մանրամասների շուրջ, այլ փորձում են փոխադարձաբար ընդունելի սկզբունքներ գտնել» («Ազգ», 28.2.2001թ.): Իսկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մարտի 21-ին ԼՂՀ ԱԺ քննարկումների ժամանակ հայտարարում էր, որ Քի Ուեսթը նախկին հանդիպումների շարունակությունն է, և որևէ փաստաթուղթ չի ստորագրվի: («Ազգ», 24.3.2001թ.):

Փաստաթղթի «ստորագրման արարողության» մասին պնդմանն անդրադառնալու կարիք չէր լինի, եթե այն պայմանավորված լիներ զուտ Ալիևի ապակառուցողականությունն ընդգծելու՝ Քոչարյանի ցանկությամբ: Բայց նրա խոսքի շարունակությունից հստակ երևում է, որ փորձ է արվում մտայնություն ստեղծել, թե արդեն պատրաստի փաստաթղթում գոյություն ուներ ԼՂՀ-ն Հայաստանին միավորելու մասին կետ: Իսկ Ռ. Քոչարյանի այս ձգտումն արդեն բավականին ինտրիգային է թվում՝ բանակցային գործընթացում ու ներքաղաքական կյանքում թափ հավաքող զարացումների ֆոնին: Ու հիմա կրկին պետք է վերադառնալ կարգավորման այս փուլի ակունքներին:

Գալով իշխանության՝ Ռոբերտ Քոչարյանն առաջ քաշեց «առանց նախապայմանների բանակցությունների սկսում համապարփակ (փաթեթային) լուծման շուրջ» պահանջը, Ալիևն իր հերթին՝ պահանջեց վերադառնալ փուլային լուծմանը: Սակայն, կարճ ժամանակ անց՝ ապրիլի 28-ին, ԱՊՀ գագաթաժողովում (Մոսկվա) տեղի ունեցավ Քոչարյան-Ալիև երկկողմ անդրանիկ հանդիպումը, և, ինչպես հետագա իրադարձությունները ցույց տվեցին, հանդիպմանը գտնվեց հայ-ադրբեջանական փոխզիջումը: Իսկ ավելի ստույգ` Ալիևը համաձայնեց քննարկել կարգավորման փաթեթային տարբերակը` երկկողմ հանդիպումների միջոցով Ղարաբաղին բանակցություններից դուրս շպրտելու և «Գոբլի ծրագրի» շուրջ քննարկումներ սկսելու նախապայմանով: Քոչարյանն ակնհայտորեն ընդունեց Ալիևի նախապայմանները: Ավելին, վերադառնալով Երևան, նա «խոստովանեց», թե Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելու գաղափարն իրենն էր: «Ես հիմնականում փորձում էի իմ կարծիքը հայտնել Ադրբեջանի նախագահին ոչ միայն՝ մոտեցումների, փաթեթի կամ քայլ առ քայլի վերաբերյալ, այլ՝ բանակցությունների տրամադրվածության կողմերի մասնակցության վերաբերյալ: Դա հետաքրքիր էր նաև իր համար: Գիտեք՝ իսկապես վերջին մի քանի տարվա ընթացքում կողմերը փորձում էին միջնորդների ներկայությամբ ցույց տալ, որ իրենք ավելի ճիշտ են: Փորձում էին փաստարկներ գտնել մյուս կողմի դեմ՝ թե ում դիրքորոշումն է զիջողական, կամ ումը՝ ծայրահեղական: («Հայաստանի Հանրապետություն», 1.5.1998):

98-ի հունիսին տարածաշրջան այցելեց ԱՄՆ-ի պետքարտուղարի նորանկախ պետությունների գծով խորհրդական Ս. Սեստանովիչը, որը Քոչարյանի և Ալիևի հետ հանդիպումներից հետո Բաքվում շեշտադրեց երկկողմ բանակցությունների նշանակությունը: Եթե սրան ավելացնենք, որ այս ընթացում ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին ասաց. «Տեղյակ եմ, որ Հայաստանում շատերն այն կարծիքին են, որ սահմանները պետք է փոխվեն կամ առնվազն պետք է քննարկվի դրանց հարցը», կարելի է եզրակացնել, որ բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակ քննարկելու երաշխիքներ Քոչարյանը Ս. Սեստանովիչին նույնպես տվել էր:

Ի դեպ, արդեն 2014 թվականին Փոլ Գոբլը, ըստ էության, խոստովանեց, որ Քի Ուեսթի փուլում քննարկվում էր «Գոբլի ծրագիր» կոչվող կարգավորումը: «Որքան ես հասկանում եմ, սեղանին դրված փաստաթղթի կետերից շատերը չափազանց մոտ էին այն տարբերակին, որ ես էի առաջարկել մինչ այդ»: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Փ. Գոբլը նույնպես կարծում է, որ Քի Ուեսթում կողմերը մոտ էին կարգավորմանը, քան երբևէ» («168 Ժամ», 4.12. 2014թ.):

Հիմա՝ բուն բանակցությունների մասին: Քի Ուեսթի փուլի մեկնարկի համար կարևոր նշանակություն ունեցան Վաշինգտոնում, Ժնևում, կրկին Ժնևում, իսկ վերջում` Սադարակում կայացած Քոչարյան-Ալիև հանդիպումները: Վաշինգտոնի հանդիպումը, որը տեղի ունեցավ ապրիլի 21-ին, ՆԱՏՕ-ի հոբելյանին նվիրված հանդիսությունների շրջանակում, հավաստեց ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի ակտիվացումը: Հունիսի 28-ին Քոչարյանին հղած ուղերձում ԱՄՆ պետքարտուղար Մ.Օլբրայթը ցանկություն հայտնեց հանդիպման ժամանակ արծարծված գաղափարները հնարավորինս արագ տեղափոխել գործնական հուն («Հայաստանի Հանրապետություն», 29.6.1999թ.): Հուլիսի 16-ի Ժնևի հանդիպումը նշանավորվեց համանախագահների առաջարկներում Մ. Օլբրայթի կատարած լրացումներով: Եթե սրան ավելացնենք, որ մեկ տարի անց Փիթեր Ռոզենբլանթը բացահայտեց, որ «տարածքների փոխանակման գաղափարը սկբզնապես բարձրացավ 1999թ. երկրորդ կեսին» («Ազգ», 23.5.2000թ.), ապա պարզ կդառնա, որ «Օլբրայթի լրացումները» վերաբերում էին տարածքների փոխանակմանը: Օգոստոսի 22-ի Ժնևի երկրորդ հանդիպումն առանձնացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու որոշման մասին հայտարարությամբ, ինչը վկայում էր կողմերի միջև տարաձայնությունների կրճատման մասին: Ինչպես հետագայում պարզվեց, Սադարակի հոկտեմբերի 11-ի հանդիպումն արդեն կոչված էր իրականացնելու «Գոբլի ծրագրում» կատարված փոփոխությունները:

2014 թ. դեկտեմբերի 4-ի «168 Ժամ» թերթին տված հարցազրույցում Փոլ Գոբլը բացել էր փակագծերը՝ ասելով՝ «Ես չեմ կարծում, որ «Գոբլի ծրագիրը» այսօր որևէ տեղ ունի կարգավորման գործընթացում, նույնիսկ այն դեպքում, երբ ես 1990-ականների վերջերին փոփոխեցի այդ ծրագիրը, որպեսզի Հայաստանը ցամաքային կամուրջ ունենա Իրանի հետ` Նախիջևանի հյուսիս-արևմուտքի (Սադարակի շրջանի.- Մ.Կ.) տարածքով»: Հետաքրքրական է, որ Սադարակի հանդիպումից հետո Երևանում ասուլիսի ժամանակ Քոչարյանը բացատրում էր. «Այսօր մի շարք հարցերում մենք անում ենք այն աշխատանքը, որը բանակցային գործընթացը վերսկսելուց հետո պետք է անեն բանակցային խումբը կամ խմբերը» («Հայաստանի Հանրապետություն», 19.10.1999թ.):

Այսպիսով` երկկողմ հանդիպումները սկսելու բոլոր հարցերը սպառվել էին: Ուստի բոլորովին անակնկալ չէր, երբ հոկտեմբերի 20-21-ը կայացած տարածաշրջանային այցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարի նորանկախ պետությունների գծով խորհրդական Ս. Սեստանովիչը խոստանալով Ստամբուլի գագաթաժողովում հատուկ ուշադրությամբ քննել Ղարաբաղյան հիմնահարցը՝ ընդգծեց ճեղքման հասնելու հավանականությունը: Հարկ է նշել, որ այդ օրերին «ճեղքումը» նույնացվում էր Ստամբուլի գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի մասին համատեղ հռչակագրի ընդունմանը: Ընդ որում, ամերիկյան դիվանագետների վստահությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ «Հոկտեմբերի 27»-ի հաջորդ օրը ԱՄՆ փոխնախագահ Ա.Գորը Քոչարյանին հղած ուղերձում համոզմունք է հայտնում, որ «այս գրոհը չի թուլացնի այդ նպատակներին հասնելու Ձեր վճռականությունը և Հայաստանի ժողովրդի աջակցությունը»:

Քոչարյանի «դիվանագիտական հմտությունը» թերագնահատած կլինեինք, եթե չնշեինք, որ Ստամբուլում Քոչարյանը չստորագրեց հռչակագիրը, բայց առանց վերապահումների ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի փաստաթղթերը, որոնցով հակամարտությունների լուծման հարցում գերապատվությունը տրվում էր տարածքային ամբողջականության սկզբունքին: Ուստի ԱՄՆ-ը բարեհոգություն դրսևորեց Քոչարյանի նկատմամբ՝ իր վարչակազմի ներկայացուցչի միջոցով. «Քլինթոնն ըմբռնումով է մոտեցել այն հարցին, որ գագաթաժողովի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հրաժարվել են ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հռչակագիր: Պատճառը վերջերս Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն էր, և Քլինթոնը քաջ գիտակցում է, որ Քոչարյանին հարկավոր է ժամանակ՝ վերականգնելու ներքաղաքական կոնսենսուսը» («Առավոտ», 23.10.1999թ.):

Հիմա վերադառնանք Քոչարյանի այն պնդմանը, թե Քի Ուեսթի փաստաթուղթը հիմքում ուներ ԼՂՀ-ի միացումը Հայաստանին: Ցավալի է, բայց փաստ, այս փուլի ողջ ընթացքում ոչ միայն միավորման մասին հայտարարություն չի հնչել, այլև Հայաստանի իշխանությունները, ըստ էության, վերահաստատել են նախորդ փուլի ընթացքում արված հայտարարությունները, թե իրենք բանակցությունների հիմքում չեն դնում վերամիավորման կամ անկախության գաղափարը: Բավական է հիշել, «Արցախը դե ֆակտո կարող է լինել անկախ, դե յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում» Օսկանյանի անեկդոտիկ ձևակերպումը: Ավելորդ չէ հիշել նաև, որ, երբ «Օլբրայթի լրացումները» Քոչարյանն ընդունեց՝ ասելով ՝ «ՀՀ ներկա իշխանությունները գտնում են, որ հանուն ինտեգրացիայի պետք է զիջել սեփական անկախության մի հատվածը», անհասկանալի պատճառներով չնշեց, որ դրա դիմաց ակնկալում է «ԼՂՀ միավորումը Հայաստանին»:

Հատկանշական է նաև, որ միջազգային հարթակներում Քոչարյանն ընդհարապես չի հիշատակել ինքնորոշման իրավունքը: Օրինակ՝ ՄԱԿ-ի 53-րդ նստաշրջանի (սեպտեմբեր, 1998թ.) Գլխավոր ասամբլեայի ելույթում նա ընդամենն ասել է. «Մեր կարծիքով՝ հակամարտության խորությունն ու առանձնահատկությունները ենթադրում են դրա կարգավորման նկատմամբ ոչ ստանդարտ մոտեցումներ, որի հիմքում պետք է ընկած լինեն հակամարտության կողմերի իրավահավասարության սկզբունքները, ԼՂ անկլավայնության բացառումը և նրա բնակչության անվտանգության միջազգային երաշխիքը»: Մեկ այլ՝ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի (նոյեմբեր,1999), ելույթում Քոչարյանն անգամ չխոսեց կարգավորման հայեցակարգի մասին՝ կարևորելով Հեյդար Ալիևի հետ իր երկխոսությունը. «Մենք ուղղակի շփումների միջոցով փորձում ենք միմյանց և ողջ աշխարհին հավաստիացնել մեր մտադրությունների լրջությունը: Մեր կողմից Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվելու դեպքում, մենք ողջ ԵԱՀԿ-ի զորեղ աջակցության կարիքը կունենանք»: Ավելորդ է նշել, որ Քոչարյանի այս ելույթում ոչ միայն տեղ չգտավ ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, այլև չդատապարտվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շարունակական շրջափակումը:

2000թ. տարածքների փոխանակումը վերահաստատող հայտարարությունները շարունակվում էին: Հունվարի 29-ին Դավոսում կայացած Քոչարյան-Ալիև-Օլբրայթ հանդիպումից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում էր. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց անկեղծ երկխոսության մեջ դուրս են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների շրջանակներից և ձգտում են ղարաբաղյան խնդրի լուծման ավելի նորարարական և համարձակ լուծում գտնել»: Այդ լուծումների էությունը բացահայտեց Ադրբեջանի արտգործնախարար Գուլիևը՝ Ժնևում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ավարտին. «Լաչինի միջանցքի դիմաց Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք ստանալը մեծ հաջողություն կլիներ» («Ազգ», 24.2.2000թ.): Ապա ապրիլ ամսվա սկզբին ինտերնետով տարածած նամակում բարոնուհի Քերոլայն Քոքսը գրում էր, որ Հայաստանի իշխանությունները մեծ զիջումների են գնում և պատրաստվում են հանձնել Հայաստանի հարավային հողերը: Բարոնուհին զգուշացնում է. «Եթե դեպքերի ներկա ընթացքը չդադարեցվի, Երևանում ձեր ղեկավարությունը ճակատագրականորեն թուլացած է լինելու և դավաճանած երկրին» («Ազգ», 12.04. 2000թ.): Տեղեկատվության արտահոսքը ստիպեց Օսկանյանին ասուլիսի ժամանակ կիսով չափ խոստովանել, որ Դավոսում Քոչարյանն ու Ալիևը Մեղրիի ու Ղարաբաղի շրջակա տարածքների փոխանակմամբ ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկ շոշափել են» («Ազգ», 13.4.2000թ.): Հետաքրքրական է, որ Դավոսից մի քանի օր անց երկարատև այցով ԱՄՆ էր մեկնել Հայաստանի մի շարք կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը: Հանդիպումների շարքում ուշադրություն էր գրավում նրանց հանդիպումը Պոլ Գոբլի հետ: Բանակցությունները փակուղի մտնելուց հետո 2002թ. սկզբին արդեն Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը և ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ Ա. Գրիբկովը հաստատեցին, որ Քի Ոիեսթի սկզբունքները նախատեսում էին Մեղրիի տարածքի վրա Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում: Ու դարձյալ այս ընթացքում ԼՂՀ-ի՝ Հայաստանին միանալու մասին որևէ ակնարկ չի հնչում:

Անշուշտ, չի կարելի բացառել, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանը պատրանքներ ուներ, թե տարածքները փոխանակելու գաղափարը բարենպաստ հիմքեր կստեղծի Հայաստանին ԼՂՀ միավորման համար: Հավանաբար, այս մոլորության մեջ էլ նա բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ ֆորմատից տեղափոխեց երկկողմ հանդիպումների ֆորմատ, որի արդյունքում Ղարաբաղը դուրս մղվեց իր իսկ կարգավիճակի շուրջ բանակցություններից: Չի բացառվում նաև, որ Քոչարյանը մի քանի անգամ անհաջող փորձեր է արել՝ Մեղրիի դիմաց ստանալ ԼՂՀ-ի անկախությունը կամ նրա միավորումը Հայաստանին: Բայց փաստ է, որ, ի վերջո, Քի Ուեսթի փաստաթղթում ամրագրվեց միան Լաչինի միջանցքը Մեղրիով փոխանակելու գաղափարը: Հակառակն ապացուցելու մի տարբերակ գոյություն ունի` Քոչարյանի գրասենյակը պետք է հրապարակի Քի Ուեսթի փաստաթուղթը:

Ի դեպ, փաստը, որ ի տարբերություն մյուս փաստաթղթերի՝ Քի Ուեսթինն առ այսօր գաղտնի է պահվում, արդեն ոչ միայն տարօրինակ, այլև բավականին վտանգավոր է թվում, որովհետև դրա համար երկու բացատրություն կարող է լինել: Կամ փաստաթուղթը նախատեսում է ոչ համարժեք զիջումներ, կամ այն դեռ կարող է դրվել բանակցությունների սեղանին: Իսկ այս համատեքստում կարևոր է նաև հասկանալ, թե արդյո՞ք սրբագրելով Քի Ուեսթի փաստաթուղթը՝ Քոչարյանն ընդամենը փորձում էր կոծկել ժամանակին իր կողմից արված անհամաչափ զիջումները:

ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս