Ո՞վ առաջինը Սերժ Սարգսյանին կասի ճշմարտությունը

«1. Шеф всегда прав, 2. Если шеф не прав, смотри п. 1…»
Հայաստանի գրեթե բոլոր հիմնարկներում կարելի է հանդիպել այս արտահայտությունների ցանկին, որը կամ ենթականերն են փակցնում պատերին՝ իբրև թե որպես հումոր, կամ ղեկավարներն են փակցնում որևէ այլ հարթ մակերեսի վրա՝ կրկին որպես հումոր։ Նման գրությունների կարելի է հանդիպել՝ սկսած տաքսի ծառայությունների կարգավարների կրպակներից՝ մինչև ակադեմիական հաստատություններ ու պետական կառավարման հիմնարկներ։

Որպես հումոր ներկայացվող ռուսական այս տափակաբանությունն իրականում շատ ավելի լուրջ է, քան պաշտոնական որևէ հրաման կամ կարգադրություն։ Որովհետև այն ոչ թե որևէ ֆորմալ հաստատության կողմից արձակված փաստաթուղթ է, այլ գիտակցության ու ենթագիտակցության մեջ դաջված հոգեբանական շեղում՝ ղեկավարի մշտապես իրավացի լինելու մասին։ Ընդ որում, այս մեխանիզմն աշխատում է հետևյալ սկզբունքով՝ որքան ավելի ոչ կոմպետենտ է ղեկավարը, այնքան ավելի ճշմարտացի է նա։

Կենցաղային մակարդակում ու առօրյայում դրսևորվող այս ճղճիմությունն իրականում այն երևույթի արտահայտությունն է, որն ավելի հնչեղ ձևակերպմամբ անվանում են անձի պաշտամունք կամ այլակարծության բացակայություն։ Հատկապես հայերիս մոտ այս երևույթն առանձնակի խորն արմատներ ունի, քանի որ հայերս ղեկավար ու տեր սիրող ազգ ենք, թելադրող ու ասող հարգող ազգ ենք, լսող ու չհակադրվող ազգ ենք, չհակադրվող ու ճորտի պես ծառայող ազգ ենք, «ով՝ էշ, ես՝ փալան» հոգեբուժական ախտորոշման ենթակա արտահայտությունը որպես ժողովորդական իմաստություն ներկայացնող ազգ ենք…

Ծառայամտությունը հոգեվիճակ է, որի պարտադիր բաղադրիչը տիրոջ անսխալականության ընդունումն ու պաշտամունքն է։ Ծառայամտությունը հակաժողովրդավարական ու հակամարդկային հոգեբանություն է, որովհետև սխալական մարդուն դարձնում է անսխալական, կարծիքների բազմազանության, ժողովրդի, բոլորի ձայնի փոխարեն՝ ընդունում է մեկի՝ ղեկավարի ձայնն ու որոշումը։

Սա Հայաստանում ամենախորն արմատներ ունեցող արատներից ամենաարատավորն է, որովհետև արմատներն այդ գտնվում են մեր հինգհազարամյա մշակույթում ու եսիմքանիհազարամյա գեներում։

Հանրային մակարդակում պետություն չունենալու տևականությունն ու, առանց պետության՝ որպես ազգ, գոյատևելու պատմական ճակատագրականությունն անհատական մակարդակում այդ որակները հավասարեցնում են ստրկամտությանն ու ծառայամտությանը։ Հենց այդ որակներն են դրված պետական կառավարման հիմքում՝ ներքևից մինչև վերև, հենց այդ որակներն են դրված հայաստանյան գրեթե բոլոր կուսակցություններում ու մնացյալ այլ խմբերում։

Չեք հավատում՝ կարդացեք սեպտեմբերի 8-ի պաշտոնական-կուսակցական լրահոսը՝ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերում կուսակցությունը Կարեն Կարապետյանին միաձայն երաշխավորել է վարչապետի պաշտոնի համար: Միաձայն։ Առանց նույնիսկ փռշտոցի կամ հորանջի։ Որովհետև՝ «1. Шеф всегда прав, 2. Если шеф не прав, смотри п. 1…»։

Նույնը կկարդաք ՀՀԿ-ի ցանկացած այլ որոշման վերաբերյալ, որը՝ անկախ նրանից՝ ինչին և ում է վերաբերում, ընդունվում է միաձայն։

Մինչդեռ իրական ժողովրդավարության հիմքում իրականում ընկած է «Ղեկավարը միշտ սխալ է» սկզբունքը, ինչը հնարավորություն է տալիս ենթականերին խոսել, կարծիքներ հայտնել, հակադրվել, բանավիճել, որը, ինչպես խելոք մարդիկ էին ասում, ճշմարտության որոնման ամենաարդյունավետ ու անայլընտրանք եղանակն է։

Իսկ խելոք մարդկանցից առաջ՝ գրքում, որը ՀՀԿ-ականների մեծամասնության համար ծանր ու սև քառակուսի տուփ է, գրված է՝ ի սկզբանե Բանն էր։ Այսինքն՝ խոսքը, այսինքն՝ միտքը, այսինքն՝ կարծիքը։

Ու քանի որ ՀՀԿ բոլոր մարմինների նիստերում որոշումներն ընդունվում են միաձայն, մնում է արձանագրել, որ Հայաստանի իշխող կուսակցությունն «անբաների» միավորում է։ Հատուկ նրանց համար շեշտենք, որ իրենց իմացած թամբալի հայերեն արտասանությունը գրվում է երկու «ն»-ով։ Ու այս դեպքում անբանն իրենց իմացած մյուս բանի բացակայությունը չէ նաև։ Ինչպես որ ճշմարտությունն իրենց իմացած ճշտի հոմանիշը չէ, ու սխալականությունը ոչ թե՝ իրենց իմացած «սխալվելն» է, որի համար «նակազատ են անում պանյատներով», այլ յուրաքանչյուր մարդուն բնորոշ, անբաժանելի հատկանիշը։ Եթե անգամ այդ մարդը կուսակցության, երկրի, երկրների միավորների կամ աշխարհի ղեկավարն է։

Հանրապետականների գործադիր մարմինը բաղկացած է երևի մեկ-երկու տասնյակ անդամներից։ Խորհրդի անդամների թիվը, հավանաբար, հաշվվում է մի քանի տասնյակներով։ Կա՞ արդյոք այդքան չափահաս մարդկանց մեջ մեկը, ով համարձակվում է Սերժ Սարգսյանին ասել ճշմարտությունը։

Ստանիսլավսկին մի քանի տասնամյակ առաջ պատասխանել է այդ հարցին. «Չեմ հավատում»։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս