Եթե այնքան թույլ եք, որ Ռուսաստանը, ինչպես դուք եք ասում, Արցախը ձեր ձեռքից վերցնում, տալիս է Ադրբեջանին, ուրեմն ինքնիշխանության մասին ձեր բոլոր խոսքերը գրոշի արժեք չունեն. Ռուբեն Մելքոնյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Պաղեստինի խնդիրը Հայաստանում ամենալավ ուսումնասիրված խնդիրն է՝ թե գիտական, և թե պատմական առումով, այսինքն՝ մեզ շատ ծանոթ խնդիր է, և կարելի էր ավելի վաղ քայլ անել, որը կարող էր կանխարգելիչ գործոն լինել։ Իսկ ինչո՞ւ հիմա, և ի՞նչ էֆեկտ այն կարող է ունենալ։ Կարող ենք հիմնավոր կասկած ունենալ, որ Թուրքիան շահագրգռվածություն ունի Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչման այս հարցում։
- Ծանրակշիռ դիվանագիտության առումով քայլը պետք է երկար մտածված և կշիռ ունեցող լինի։ Մանրանկարչության նման նուրբ դիվանագիտական քայլ պետք է լիներ, հատկապես, երբ գործ ունենք Մերձավոր Արևելքի նման բարդ տարածաշրջանի հետ։ Հաշվի չառնել Իրանի պարագան՝ լուրջ չէ, բայց Հայաստանի քայլերը մակերեսային են և հաշվարկված քայլի տպավորություն չեն թողնում։
- Ի՞նչ հետևանք կարող է ունենալ սա։ Արդեն Իսրայելն իր սև գործն արել է։ Ինչպես միշտ՝ Փաշինյանի քայլերում կա երկակի ստանդարտ. մի կողմից՝ Լուկաշենկոյի դեմ կոշտ հայտարարություններ են արվում, մյուս կողմից՝ Իսրայելի դեպքում լռություն է։ Երկակի ստանդարտի դրսևորում էր նաև Փաշինյանի՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը գնալը։ Մեզ մնում է սեթևեթող հայտարարություններ անելն ու դրանց դիմաց Թուրքիայից քաջալերող հայտարարություններ ստանալը։
- Փաշինյանը երբևէ չհամարձակվեց պատասխանել Էրդողանին, երբ նա 44-օրյա պատերազմից հետո Բաքվի շքերթում հայտարարեց, որ «Էնվեր փաշայի հոգին փառավորվում է…», 100 տարի առաջ երիտթուրք պարագլուխ Էնվեր փաշան էր, որ կազմակերպեց հայկական կոտորածները և զավթեց հայկական տարածքները։ Չհամարձակվեց երբևէ պատասխանել Հայաստանի գլխավոր թշնամի Թուրքիային և այն Էրդողանին, որը 44-օրյա պատերազմի իրական կազմակերպիչն ու կոորդինատորն էր Ադրբեջանի հետ: Մեր 5000 երիտասարդների մահվան իրական պատճառ Թուրքիային երբևէ չպատասխանեց…
Փաշինյանը նաև չհամարձակվեց պատասխանել Ալիևին, որը նրան անվանեց հարբած ծաղրածու…
«Կառուցելով ապագան» խորագիրը կրող «ԱՊՐԻ» ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է. «Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում: Մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու»,- հայտարարել է նա՝ խոսելով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին։
Արմեն Գրիգորյանը նաև հայտարարել է՝ «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա՝ շեշտելով՝ առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա։
- Եթե Հայաստանի իշխանություններն այնքան թույլ են եղել, որ, ինչպես իրենք են ասում, Ռուսաստանը մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը և հանձնել Ադրբեջանին, նշանակում է՝ այնքան թույլ եք եղել, որ դա տեղի է ունեցել: Ուրեմն, այս իշխանությունները չեն կարող այլևս մնալ իշխանության։ Հետևաբար, ձեր՝ ինքնիշխանության մասին բոլոր խոսքերը գրոշի արժեք չունեն։
- Բոլոր փաստերն անտեսում են և անում են տաղավարային՝ բեսեդկայի մակարդակի հայտարություններ. եթե չեք կարող կասեցնել, ուրեմն դուք տապալված իշխանություն եք, ասֆալտապատումը չէ իշխանության կարևորագույն խնդիրը։
- Հիմա ուրախանում են, որ ընդդիմության պայքարի շարժումը մարել է… Կասեցնել բնական պրոցեսները և ուրախանալ, որ երկրում ճահիճ է առաջացել, դա ինքնախաբեություն է։ Նույն մարդը գոնե մեկ անգամ կարող է ինքն իրեն հարց տալ, որ գուցե չեմ կարողանում անել այն, ինչ պետք է, և գուցե իմ գնալը կօգնի՞… Եթե այս հարցերը չկան, ուրեմն մենք գործ ունենք անհասկանալի մի երևույթի հետ, տապալված մարդու հետ։
- Հակառուսականությունը Հայաստանում հիմա թրենդի մեջ է, հաշվարկն ավելի շատ ներքին լսարանի համար է, նպատակը՝ հակառուսական տրամադրված զանգվածին իրենց շուրջ համախմբելն է։
- Հայաստան-Թուրքիա հարաբերություններն այնքան նախապայմանների տակ են, որ «առանց նախապայման հարաբերությունների հաստատում» ասելը պարզապես ծաղր է։ Դեռ 90-ականների բոլոր պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ Թուրքիայի համար Արարատ սարը հանելու հարցը միշտ եղել է, բայց նախկինում այդ հարցը չի բարձրացվել երբեք։ Երբևէ եղե՞լ է, որ Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը քննադատի Հայաստանի իշխանության հայտարարությունը Ցեղասպանության վերաբերյալ։ Սփյուռքի հանդեպ ՀՀ գործող իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը նույնպես Թուրքիայի պահանջն է, Էրդողանն ասում է՝ Հայաստանը գերի է Սփյուռքին, պետք է ձերբազատվել։ Թուրքիայի պահանջն է նաև ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված քայլերը։ Որպես նախապայման՝ տարբեր փաթեթավորումներով դրված է նաև Զանգեզուրի միջանցքի հարցը։ Այս բոլոր նախապայմաններից հետո հնարավո՞ր է խոսել ինքնիշխան պետության մասին։ Սա կապիտուլյացիա է։
- Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցի հիմքը՝ Կուրբան Բայրամը շնորհավորելը, չափազանց արհեստական էր։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որևէ առաջընթաց չկա, բայց հայկական կողմը փորձում է ինչ-որ քայլեր անել, ինչպես, օրինակ՝ հեռախոսազանգով շնորհավորել Թուրքիայի նախագահին։
- Թուրքիան Արևմուտքի ներկայացուցիչն ու դաշնակիցն է այս տարածաշրջանում։
- Թուրքիան գուցե հիմա փորձի ակտիվացնել Անիի կամուրջի վերականգնման աշխատանքները, բայց դա միայն սիմվոլիկ է, որի դիմաց ՀՀ գործող իշխանությունները զիջում են Զանգեզուրի միջանցքը, Սահմանադրությունը, Արարատ սարի խորհրդանիշը, Սփյուռքը, Եկեղեցին, Ցեղասպանության ճանաչումը, մեր անցյալը… Այդ կամուրջի վերականգնումը լոգիստիկ առումով որևէ նշանակություն չունի։
- ՀՀ նախկին նախագահներից որևէ մեկը՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը դեմ չեն եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն երբեք նման զիջումների չեն գնացել:
Հայաստանի նախկին երեք նախագահներն էլ ուզել են Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատել, բայց ոչ մեկի ժամանակ չի եղել Հայաստանը ծովից ծով դարձնելու թեզը, այսինքն՝ իրատեսական են եղել հարաբերությունների հաստատման հիմքերը: Միևնույն ժամանակ՝ մենք Թուրքիայի հետ բանակցություններում թույլ չենք տվել քննարկել անգամ Արարատ սարի հարցը, միջամտել Սփյուռքի հետ մեր հարաբերությունների մեջ, քննարկել Ցեղասպանության հարցը։ Սա արժանապատվության հարց է եղել՝ պահելով արժանապատվությունը՝ կողմ էր Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։
- Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը ամեն ինչ արել և անում է, որ Հայաստանը թեքվի դեպի Արևմուտք։ Խորհրդային Միության փլուզումից հետ ԱՄՆ-ը՝ որպես հիմնական խաղացող, փորձել է Հայաստանը դեպի Արևմուտք թեքել՝ հանուն իր շահերի: Եթե մինչ այդ Արցախը խոչընդոտ էր, հիմա այդ խոչընդոտը չկա։ Խաղը ոչ թե մենք ենք, այլ Ռուսաստան-Արևմուտք խաղն է, Արևմուտքի նպատակը Ռուսաստանին այստեղից հեռացնելն է:
- Արտատարածաշրջանային պետությունները վաղուց արդեն տարածաշրջանում են և թելադրում են։
- Սյունիքի՝ Զանգեզուրի միջանցքի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ չէ, մինչդեռ շատ հստակ է Իրանի դիրքորոշումը։ Այդ միջանցքը սպառնալիք է Իրանի համար, իսկ Իրանի դեմ Արևմուտքն է, եթե Թուրքիայի միջոցով Արևմուտքը կարողանում է Իրանի դեմ ռումբ դնել, նշանակում է՝ դա սպառնալիք է։ Նշանակում է՝ Հայաստանում Արևմուտքը գործում է Թուրքիայի դեմքով։
- Մեր դիվանագիտությունն ավարտված է: Երբ Կիրանցի բնակչությանը Փաշինյանը համոզում էր՝ եթե այդ տարածքները չտանք՝ պատերազմ է լինելու, անգամ, եթե տանք էլ՝ կարող է պատերազմ լինի, դա նշանակում է՝ չես կարողացել խոսել գերտերությունների հետ, նշանակում է՝ այստեղ դիվանագիտություն չկա։ Այս խաղի մեջ Փաշինյանը թույլ է և պարտված։ 6 տարվա ընթացքում այս իշխանությունն անընդհատ զիջել է, երկիրը փոքրացել է։ Եթե չեն կարողանում Ջերմուկից հանել ադրբեջանցի օկուպանտներին, ո՞ւմ է պետք լավ հարաբերությունները Տոյվո Կլաարի, Շառլ Միշելի և մյուս եվրոչինովնիկների հետ։
- Այս իշխանությունները 6 տարվա ընթացքում երկրի համար բոլոր կարևոր խնդիրներում արձանագրում են շարունակական նահանջներ, իրենք տապալված են, ավարտված։ Իրենք նույնիսկ իրենց հայտարարած՝ ինքնիշխան պետության 29 հազար 743 քկմ տարածքը չեն կարողացել պահպանել։
- Այս իշխանություններն արդեն գտնվում են կարմիր գծերը հատած մի տիրույթում, որտեղ չկան զսպող մեխանիզմներ։ Այս իշխանությունները գտնվում են ազատ անկման մեջ։ Արդյո՞ք հայ ժողովուրդն ադեկվատ է, համարժեք է այս իշխանություններին։
- Ռուսաստանն այս ամբողջ պրոցեսի մեջ ունի իր սխալների առյուծի բաժինը։
- Ռուս-թուրքական հարաբերություններ ստատիկ չեն, դրանք սիրախաղեր են, որ երբեմն ընդմիջվում են գժտություններով։
- Ծայրահեղ արևմտամետ և ծայրահեղ ռուսամետ շրջանակների ոճերը շատ նման են, տարատեսակ միջոցառումներ անող մարգինալ խմբեր, որոնք որևէ ազդեցություն չունեն պրոցեսի վրա, չեն բացառվում նաև գրանտային հոսքերը և դրանից հետո հաշվետվություն անելու անհրաժեշտությունը…
- Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցությունն իրական օրակարգ չէ, ԵՄ-ին անդամակցելուն ուղղված տարբեր միջոցառումներն ու քննարկումները մարգինալ երկու խմբերի բախման արտահայտություն են։
Մանրամասները՝ տեսանյութում.