Ինչո՞ւ համայնքային հողերի վաճառքի աճուրդներն օնլայն չեն անցկացվում, և ինչո՞ւ են դրանց մասնակիցների հեռախոսահամարները հայտնվում 3-րդ անձանց մոտ
Հայաստանի Հանրապետությունում համայնքային հողերի վաճառքի մութ շերտերի մասին շատ չի խոսվում, մինչդեռ այդ ոլորտում բազմաթիվ չլուծված խնդիրներ ու խնդրահարույց զարգացումներ կան: Պարզապես Հայաստանում մարդիկ նախընտրում են՝ մի բան անեն, մարդ գտնեն, էդ հողը ստանան, քան թե հետևողական լինեն դրա ձեռքբերման օրինականության նկատմամբ:
Համայնքային հողերի ձեռքբերման օրինական կարգը
Երբ որևէ համայնքում ազատ հողեր են ի հայտ գալիս, ըստ կարգի՝ հայտարարվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի դասական աճուրդ կազմակերպելու մասին:
Օրինակ՝ …(համայնքի անունը) համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դասական աճուրդ: Հողամասերը սերվիտուտով ծանրաբեռնված չեն: Աճուրդը կկայանա սույն հայտարարության հրապարակումից 1 ամիս հետո` 2024 թվականի (օր, ժամ) …-ի համայնքապետարանում: Աճուրդում ներկայացվելու են հետևյալ լոտերը….
Եվ հերթով ներկայացվում են այն հասցեները՝ համապատասխան կադաստրային ծածկագրով, որոնք պետք է դրվեն աճուրդի:
Հետո համապատասխան համայնքապետարաններ աճուրդի մասնակիցները ներկայացնում են փաստաթղթերը ու մասնակցում նշված հողի աճուրդին:
Ինչպես են համայնքային հողերը ձեռք բերվում իրականում
ՔՊ-ական թավշյա իշխանությունների օրոք, սակայն, ամեն ինչ այլ կերպ է ընթանում հայտերը ներկայացնելուց հետո: Հատկապես երևանամերձ համայնքների հողային աճուրդների մասնակիցներին տեղական իշխանիկները սկսում են հերթով չեզոքացնել պարզ սցենարով:
168.am-ը ահազանգեր է ստանում այն մասին, որ խախտվում է մարդկանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը, որովհետև երբ քաղաքացին փաստաթղթերը, որում նշված կան նաև անձնական տվյալներ, տանում է որևէ համայնքապետարան, այդ փաստաթղթերի մեջ առկա նրա հեռախոսահամարը հանկարծ հայտնվում է 3-րդ անձի ձեռքում: Վերջինս զանգահարում է պայմանական հայտատուին ու սկսում համոզել նրան, որ տվյալ հայտատուն հրաժարվի մասնակցել նշված լոտի աճուրդին:
Մեր տեղեկություններով՝ գործի են դրվում մի քանի սցենարներ՝ «Ապե՛ր, էդ հողը իմն ա, 20 տարի ա՝ ես եմ օգտագործում» (թեպետ, բնականաբար, սեփականության վկայական մարդը չունի, պարզապես վարել-ցանել է, համարում է իրենը), «Ընգե՛ր, էդ հողը ուզում ենք տանք մեր գյուղից մեկին, պետք ա, էլի (այստեղ կարող է լինել որևէ սրտաճմլիկ պատմություն որևէ խոցելի խավի մասին), կարող է լինել 3-րդ տարբերակը:
Հիմա՝ հարց: Ինչպե՞ս են համայնքային հողերի վաճառքի աճուրդի մասնակիցների հեռախոսահամարները հայտնվում կողմնակի անձանց մոտ, և ի՞նչ կապ ունեն այդ անձինք համայնքային պաշտոնյաների հետ, որովհետև արտահոսքի աղբյուրն ակնհայտ է:
Ի՞նչ անել
Եվս մի կարևոր հարց՝ ինչո՞ւ, ինչպե՞ս, շատ դեպքերում, համայնքային հողերի աճուրդը ևս օնլայն տեղի չի ունենում: Այդ դեպքում մարդը օնլայն փաստաթղթեր կներկայացներ, օնլայն կմասնակցեր, ով կհաղթեր, կհաղթեր: Ինչո՞ւ են մարդիկ աճուրդի մասնակցում համայնքապետարաններում, ինչո՞ւ պետք է որևէ 3-րդ անձ տեսականորեն անգամ դեմքով ճանաչի, իմանա աճուրդին մասնակցողին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Զեղծարարությունից խուսափելու համար թերևս արժե այս ոլորտում ևս գործարկել պետական այլ հարթակներում կիրառվող անձի նույնականացման գործընթացը։ Միգուցե առցանց համապատասխան կանխավճարի սառեցում կատարվի, որի դիմաց անձին կտրվի համայնքային հողերի վաճառքի աճուրդին մասնակցության իրավունք։ Եվ, ի վերջո, տեղական բդեշխների հողային ռեկետը զսպելու համար աճուրդների կենտրոնացված հարթակի ստեղծումը խիստ անհրաժեշտ է: