ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը կարող է 30-40%–ով ավելացնել գործարքների ծավալը. Իրանի ԱԳՆ

Իրանի և Ռուսաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համաձայնագրի վավերացումը կարող է 30-40 տոկոսով ավելացնել երկրների միջև առևտրային գործարքների ծավալը: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին օրինագծի ստորագրմանը և այն ներկայացրել խորհրդարան: Իրանի հետ ազատ առևտրի մասին որոշումներ են ընդունվել նաև Ռուսաստանում և Հայաստանում։

«Ռուսաստանն ու Իրանը վավերացրել են Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագիրը, և, իմ կարծիքով, այդ համաձայնագրի շրջանակներում գործարքները մինչ օրս լավ են զարգացել: Սակայն այս վավերացումից հետո (երկու երկրների կողմից. խմբ.), կարծում եմ, Իրանի և Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Եվրասիայի միջև առևտրային գործարքները կաճեն 30-40 տոկոսով», – ասել է Սաֆարին։

Կողմերի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։ Դրա նպատակը ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև առևտրի ազատականացումն ու պարզեցումն է՝ սակագնային և ոչ սակագնային արգելքների նվազեցման կամ վերացման, տնտեսական և առևտրային փոխգործակցությանն աջակցելու միջոցով:

Այս փաստաթուղթը ձևավորում է ստորագրող կողմերի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք հնարավորինս մոտ են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: Դրանք են, օրինակ, առավել բարենպաստ ռեժիմն ու ազգային ռեժիմը, պաշտպանական միջոցների և մաքսային վարչարարության կիրառումը, ապրանքների ներմուծման քանակական արգելքներից և սահմանափակումներից հրաժարվելը։ Այն նաև դրույթներ ունի, որոնք ամրագրում են ԱՀԿ հիմնական ստանդարտները անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների, տեխնիկական կարգավորման առումով:

Տեսանյութեր

Լրահոս