Հայ պաշտոնյայի ասել են՝ եթե ՌԴ-ն մեզ զինամթերք մատակարարի, դիրքորոշումները կոշտանալու են․ Գրիգորյան

«Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ քիչ, որը եղել է Ռուսաստանի որոշումը։ Ռուսաստանն է որոշել զենք-զինամթերք չմատակարարել։ Մինչ այսօր էլ չեն մատակարարել»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը։

«Հետաքրքիր է, որ նույնիսկ այսպիսի խնդիրների պայմաններում, երբ նրանք (ՌԴ ներկայացուցիչները։- խմբ.) պարբերաբար բողոքում են, որ Հայաստանը զենք է գնում այլ երկրներից, այնուամենայնիվ, չեն շարունակում մատակարարումներն այն պայմանագրերով, որոնք կնքվել են 21 կամ 22 թվականներին»,- նշեց նա։

Թե ինչպե՞ս են զարգանալու Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն անվտանգային ոլորտում՝ Գրիգորյանն ասաց՝ դա կախված է նրանից, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի այն բոլոր խնդիրներին, որոնք գոյություն ունեն։ Հարցին՝ ինչո՞վ են հիմնավորում մատակարարումներ չիրականացնելը, նա պատասխանեց, որ Հայաստանը բացատրություններ է լսել, որ հիմնական պատճառը Ուկրաինայի հետ պատերազմն է։

«Բայց նաև պայմանագրեր կան, որ 2021 թվականին են կնքվել։ Ես չեմ ուզում անուն տալ, բայց ուզում եմ ասել, որ Հայաստանից բարձրաստիճան մեկ պաշտոնյայի ժամանակին ասվել է՝ եթե Ռուսաստանը մեզ մատակարարի զենք-զինամթերք՝ մեր դիրքորոշումները կոշտանալու են, նաև դա է պատճառը, որ չեն մատակարարում»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս