Բաժիններ՝

Պայմանագրային զինծառայողի սպանության հանգամանքները դեռ պարզ չեն. Ո՞ւմ կրակից է սպանվել՝ հակառակորդի՞, թե՞…

Հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում է. «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»:

Հունիսի 15-ին էլ ՀՀ քննչական կոմիտեն էր հաղորդագրություն  տարածել, որտեղ հայտնում է. «2024թ. հունիսի 14-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություն:

Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Կարդացեք նաև

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ»:

Այսինքն, քրեական վարույթը սպանության հատկանիշներով է: Արդյոք այդ սպանությունը հակառակորդի՞ց է, թե՞ ոչ հակառակորդի կրակից, ըստ էության, հստակ չէ:

Դեպքից 12 օր անց 168.am-ը փորձել է ՀՀ քննչական կոմիտեից ճշտել՝ արդյո՞ք պարզվել են ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողի մահվան կամ սպանության հանգամանքները՝ ներքի՞ն, թե՞ արտաքին գործոն է, հակառակորդի կրակի՞ց է, թե՞ ոչ:

«Դեռևս հանգամաքնները պարզվում են»,- մեզ հետ զրույցում նշեց ՔԿ մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հավելենք, որ 168.amանդրադարձել էր այս դեպքին, ինչպես նաև դրանից առաջ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի անհետացմանը և օրեր հետո սպանված հայտնաբերվելուն, Ադրբեջանի զինվորական դատախազության հաղորդագրությանն իրենց զինվորի սպանության հետ կապված, որտեղ հետագա հայտարարությունների համար բաց տեղեր էին թողնված:

Նշենք նաև, որ այդ օրերին Ադրբեջանը Հայաստանի դեմ քարոզչական արշավ էր իրականացնում՝ մեղադրելով նախիջևանյան թևում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Սպասենք իրադարձությունների զարգացումներին, հատկապես Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ երկկողմ հետաքննության մեխանիզմներ ձևավորելու համատեքստում:

Տեսանյութեր

Լրահոս