Երևի թե խոսքն ինչ-որ քարտուղարուհու մասին է. Զախարովան ծաղրեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը սեփական ժողովրդի նկատմամբ վիրավորանք է համարել։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը վերցրել է Հայաստանից և վերադարձրել Ադրբեջանին։
Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել է, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել առանց բժշկական կրթություն ունենալու։
«Լինելով իշխանության ներկայացուցիչներ՝ նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիներն իրենց արյամբ պաշտպանել են իրենց տարածքը։ Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է այս թեզերի վրա, նրանք գիտեին, թե ինչի համար են մարտի գնում, ինչի համար էին իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։ Ինչպե՞ս կարելի է այդքան ցինիկ կերպով դավաճանել նրանց հիշատակը, զրոյացնել այն, ինչը նախկինում և, կարծում եմ, հիմա էլ Հայաստանում սխրանք էր կոչվում։ Ո՞վ է իրավունք տվել դրսից սնվող ակնհայտ ժամանակավոր աշխատողներին վիրավորել իրենց ժողովրդին»,- ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ իր համար զարմանալի է, թե ինչպես մարդիկ կարող են իրենց բազմաչարչար ազգի պատմական հիշողությանը վերաբերվել այդքան նվաստացուցիչ կերպով։
Ի դեպ, նա ծաղրել է Գրիգորյանին՝ ասելով. «Երևի թե խոսքն ինչ-որ քարտուղարուհու մասին է»։