Իսկ առհասարակ մարդը պետք է ամոթ ունենա. պատմական էքսկուրս՝ Աննա Հակոբյանի համար դեպի «ԱՌԱՋ»-վա Հայաստան
Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր անվան հերթական PR ակցիայի շրջանակներում այցելել էր Արմավիրի մարզ: Միջոցառման պաշտոնական անվանումն էր՝ «Ամփոփիչ հանդիպում «Իմ քայլը» հիմնադրամի՝ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման» ծրագրի Արմավիրի մարզի շահառուների հետ»: Հանդիպման բովանդակությանն անդրադառնալու կարիք չկա. վաղուց հետաքրքիր չեն օրինականացված «ռեկետի» փշրանքների մասհանումների տիեզերական ցույցերը տեսախցիկների համար:
Բայց Աննա Հակոբյանը՝ Աննա Հակոբյան ու Նիկոլ Փաշինյանի կողակիցը չէր լինի, եթե այդ հանդիպումը չօգտագործեր նախկին-ներկա արատավոր դիսկուրսը ևս մեկ անգամ և այն էլ՝ պատերազմի մասնակիցների մոտ չշրջանառելու համար, բայց դա չաներ այդքան փնթի ու ծիծաղելի կերպով:
«Խնդրում եմ շնորհակալություն չասել: Ամենաշատը էդ չեմ սիրում: Ու անկեղծ դրա կարիքը չկա: Էդ մենք ենք ձեզ շնորհակալ: Ոչ միայն հիմնադրամը, այլ բոլորն են ձեզ շնորհակալ… Էն, որ աշխատանքը լավ ա արվում, շնորհակալության բան չի: Դա նորմալ ա: Ուղղակի մեր երկրում տարիներ շարունակ էնքան վատ ա ամեն ինչ եղել, որ ամեն նորմալին սկսում են շնորհակալ լինել: Բայց շնորհակալի համար պետք ա ավելին լինի: Էն, որ ձեր աշխատակիցը, պետությունը, մյուսը, մյուսը լավ են աշխատում, դա նորմալ ա: Տենց պետք ա լինի»,- պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Արմավիրում ասել է Աննա Հակոբյանը:
Այսինքն՝ Աննա Հակոբյանը համարում է, որ ինչ-որ մարդիկ պարտական են եղել իրենց, և կարիք չկա շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր, ըստ Փաշինյանի ասած՝ օդում կախված լուրերի, դեռ մինչև իրենց համար բաղձալի հեղաշրջումն իրենց տուն են նվիրել, ընտանեկան թերթի խմբագրությանը՝ գույք ու տեխնիկական միջոցներ, «безвозврат» իրացրել են իրենց ընտանեկան թերթը՝ իրենց ընտանիքի համար ապահովելով բավականին պատկառելի շահույթներ:
Բնականաբար, որոշները պատմել են՝ ինչու են այդքան շռայլ «նվերներ» արել Փաշինյան-Հակոբյան զույգին, ովքեր էլ չեն պատմել հրապարակայնորեն, պատմել են նեղ շրջանակներում, ու համենայնդեպս ողջ քաղաքական-հասարակական ու լրատվական դաշտը տեղյակ է՝ ինչո՞ւ են իրենց հանդեպ այդքան առատաձեռն եղել, սակայն ամեն դեպքում Աննա Հակոբյանը մտածում է, որ դա այդպես էլ պետք է լիներ, ինչ շնոհակալություն, ինչ բան…
Այն, որ այս ընտանիքը երախտապարտ ու շնորհակալ լինելու հետ խնդիրներ ունի, ու շատ վաղուց, ասում են՝ դեռ այն ժամանակներից, երբ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, իր պատիժն էր կրում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, ու կնոջ հետ խոսելու համար հեռախոս հայթայթելու խնդիր ուներ, ոչ ոքի համար վաղուց գաղտնիք չէ, բայց վերադառնանք Աննա Հակոբյանի՝ վատ քողարկված քաղաքական մեսիջին:
Աննա Հակոբյանի կարծիքով՝ առաջ ամեն ինչ շատ վատ էր, ինչն ինքնին ենթադրում է, որ նա մտածում է՝ հիմա ամեն ինչ լավ է:
Իր ու իր ընտանիքի համար, իհարկե, հիմա ամեն ինչ լավ է, բայց պետք էր անկեղծ լինել ու պատերազմի մասնակիցներին ասել այդ մասին: Բայց քանի որ նա հաստատ դա նկատի չի ունեցել, ակամայից ուզում ես տիկնոջը հարցնել՝ բա որ ամեն ինչ այսքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ…
Աննա Հակոբյանի ասած «ԱՌԱՋ»-վա Հայաստանը հաղթած ու հաղթող երկիր էր, «ԱՌԱՋ» հայկական երկու պետականություն կար, «ԱՌԱՋ» հայ մարդը գլուխը բարձր էր քայլում թե՛ սեփական երկրում, թե՛ արտասահմանում, «ԱՌԱՋ» գործընկերներ ունեինք ու գործընկեր էինք, «ԱՌԱՋ» պատերազմի ժամանակ 11.000 դասալիք չկար, մեկն էլ չկար, «ԱՌԱՋ» մեզ չէին պարտադրում հրադադար մուրալ, մենք էինք պարտադրում, «ԱՌԱՋ» Արցախն Ադրբեջան չէր, «ԱՌԱՋ» թուրքը չէր մտնում Հայաստան ու օկուպացնում երկրի ինքնիշխան տարածքներն ու տնավորվում, «ԱՌԱՋ» հայ մարդու գյուղը չէր կիսվում 2 մասի, «ԱՌԱՋ» հայի տնից անզեն աչքով 50 մետրի վրա զինված թշնամի չէր երևում, «ԱՌԱՋ» Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը մերն էր, «ԱՌԱՋ» թշնամու ագենտուրան 100 դոլարով հայ գործակալ չէր վարձում, «ԱՌԱՋ» թշնամու ահուսարսափ բանակ կար, «ԱՌԱՋ» թշնամու դիվերսիան կանխելու ու նրան ոչնչացնելու համար զինծառայող չէին դատում, «ԱՌԱՋ» ոչ ոք չէր ասում՝ Արարատի փոխարեն՝ երկրպագեք Արագածին, ու պատերին նկարում, «ԱՌԱՋ» եկեղեցու վրա չէին ասպատակում, «ԱՌԱՋ» չէին ասում՝ հրաժարվեք ձեր պատմական կաղապարներից ու մոռացեք ձեր ինքնությունը, «ԱՌԱՋ» 5000 երեխա մի ամսում մատաղ չէին անում, որ հետո նրանց թիվն ու անունները չհրապարակեն ու պլյուս-մինուսով հաշվեն, «ԱՌԱՋ» զոհված զինվորի մարմինը սրբություն էր, ոչ թե պարկի մեջ գետնին նետված սառնարանային ապրանք, և վերջապես, «ԱՌԱՋ» կոռուպցիա կար, բայց ոչ այսպիսի տիեզերական ծավալների, ու սուտն էլ չէր հասնում արդյունաբերական մասշտաբների, «ԱՌԱՋ» երկրի ղեկավարի կինը տասնյակ թիկնազորով ու կիսամերկ չէր շրջում, ավելին, ուրիշի արած գործերն իրեն երբեք չէր վերագրում…
Թե ինչ կար «ԱՌԱՋ», և ինչ չկա, ու ինչ կա հիմա, անվերջ կարելի է գրել, բայց դա Աննա Հակոբյանին ոչինչ չի ասի: Իրենց համար ներկան փայլուն է այնքան ժամանակ, քանի դեռ իր ամուսինը զբաղեցնում է երկրի ղեկավարի աթոռը, և դրա համար այդ աթոռին հնարավորինս երկար նստելու համար այս զույգը պատրաստ է ամեն ինչի՝ Արցախի հանձնումից, հազարավոր զոհեր տալուց, Հայաստանի տարածքները թշնամուն առանց դիմադրության տալուց, ոստիկանապետության ամրապնդումից, ոստիկանական, քննչական ու դատական տեռորից մինչև ցանկացած վատագույն սցենարի իրագործում…
Իսկ առհասարակ մարդը պետք է ամոթ ունենա: