Բանակային հարցերով ստեփանավանցիներն առաջին տեղո՞ւմ են. նորահայտ ընկերությունը 61 միլիոն դրամով կկազմակերպի բանակային խաղերը
Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո 2024 թվականին ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մրցաշարի համար այս անգամ Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարարությունը հատկացրել է 61 միլիոն 20.200 դրամ։
Այս խոշոր դրամաշնորհն օրերս տրվել է ընդամենը 2 ամիս առաջ գրանցված «Սփլայեր» ընկերությանը․ դրամաշնորհը նաև այս ՍՊԸ-ի դեբյուտն է պետգնումներում։
Պարզվում է՝ «Սփլայեր»-ը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, գրանցվել է 2024 թվականի մարտի 29-ին, ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արամ Մարգարյանին։ ՍՊԸ գտնվելու վայրն է Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան, Չարենցի փողոց 106 Ա հասցեն։
Նշենք, որ նախորդ տարի բանակային խաղերի մրցաշարը կազմակերպել էր այս ընկերությանը հարևան՝ կարելի է ասել՝ մի քանի տուն այն կողմ գտնվող «Լոռե Գրուպ» ՍՊԸ-ն (ՉԱՐԵՆՑԻ Փ., 122), որը Վլադիմիր Գևորգյանի ընտանեկան բիզնեսի մի կտորն է։ 2023 թվականին այս խաղերը պետության վրա արժեցել էին շուրջ 43 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գևորգյանը տարբեր ՍՊԸ-ներով պետգնումներում ակտիվ խաղացող է։
Այժմ էլ, պարզվում է, որ երջանիկ պատահականությամբ, շատ հետաքրքիր զուգադիպությամբ, խաղերը կկազմակերպի Վլադիմիր Գևորգյանի հարևանը՝ իր նոր գրանցված ՍՊԸ-ով։
Դրամաշնորհի պայմանագրի մասին
Ըստ ԿԳՄՍՆ և ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի՝ ծրագրի ավարտի ժամկետ է նշվել հուլիսի 8-ը։ ՍՊԸ-ն այս գումարի շրջանակներում ստանձնել է մրցաշարի նախապատրաստական աշխատանքների, եզրափակիչ փուլի անցկացումը և հաշվետվության կազմումը։ Առավել մանրամասն՝ նախատեսվում է գովազդային նյութերի, մարզաշապիկների, հուշանվերների ու հուշամեդալների, պարգևատրման և տեսանկարահանման ապահովում, ինչպես նաև՝ մասնակիցների տեղափոխում ՀՀ մարզերից և Երևանից՝ Դիլիջան ու հակառակ ուղղությամբ։