Մեր տունն էլ անվտանգ չէ, ի՞նչ անենք, թողնենք գյուղից հեռանա՞նք. եթե աշխատանքներն ավարտվեն, սեպտեմբերից գնալու ենք դպրոցի նոր շենք. Կիրանցի դպրոցի տնօրեն

Արդեն երեք տարի է՝ Կիրանցում սպասում են, որ շահագործման հանձնվի կառուցվող դպրոցի նոր շենքը, որպեսզի աշակերտները հին, վթարային շենքից տեղափոխվեն նորը։

Տավուշում տեղի ունեցած սահմանազատման և սահմանային սյուների տեղադրման գործընթացներից հետո, երբ Ադրբեջանին հանձնած տարածքներում տեղակայվեցին ադրբեջանցի սահմանապահները, իրավիճակը տեղում, մասնավորապես՝ Կիրանցում ավելի խնդրահարույց դարձավ անվտանգության առումով: Նախ՝ գյուղի մի քանի բնակչի տուն մնացին թշնամու հսկողության տակ գտնվող տարածքներում, թշնամին ավելի  մոտեցավ գյուղին, և երկրորդ՝ դպրոցի նորակառույց շենքը, ըստ բնակիչների՝  ևս անվտանգ չէ: Կիրանցեցիներն ասում էին, որ դպրոցը թշնամուց գտնվելու է 100-150 մետր հեռավորության վրա։

Բացի դրանից, լուրեր են շրջանառվում, թե Կիրանցի նորակառույց դպրոցը կարող է  դառնալ սահմանապահների զորանոց։

168.am հետ զրույցում մեր հարցին ի պատասխան՝ Կիրանցի դպրոցի տնօրեն Վոլոդյա Բադիրյանն ասաց, որ նման տեղեկատվության չեն տիրապետում, բայց սպասում են, որ սեպտեմբերից դասերը շարունակեն  դպրոցի նոր շենքում։

Կարդացեք նաև

«Ինքս նման տեղեկատվություն չունեմ ու չգիտեմ, թե ովքեր են այդ լուրեր տարածողները։ Մենք պատրաստվում ենք սեպտեմբերից մեր դասերն անցկացնել նոր դպրոցում, եթե հասցնեն աշխատանքներն ավարտեն ու շահագործման հանձնեն»,- նշեց Վոլոդյա Բադիրյանը։

Հարցին՝ նոր դպրոցն անվտանգ կլինի՞ երեխաների համար, հաշվի առնելով Ադրբեջանի Զու ներկայությունն այդ տարածքում, Վալոդյա Բադիրյանը պատասխանեց.

«Մեր դպրոցի հին շենքն ինքն իրենով վտանգավոր է, քանի որ վթարային է։ Իսկ առհասարակ եթե խոսենք անվտանգությունից ու հարցին այդ տրամաբանությամբ նայենք, ապա մեր տունն էլ անվտանգ չէ, ի՞նչ անենք, թողնենք գյուղից հեռանա՞նք։ Իհարկե, այսօր ապահովում ենք գյուղի անվտանգությունը, մերոնք կանգնած են, բայց դե ո՞վ կարող է երաշխիք տալ, թե հաջորդ պահին ինչ է լինելու, չգիտենք։

Բայց դե, մեր նոր դպրոցի շենքի շահագործման հանձնելուն երեք տարի սպասում ենք, որ վերջապես ունենանք նորմալ պայմաններ։ Գուցե մեկ-երկու ծնող չցանկանա, որ երեխան գնա այդ դպրոց՝ ասի, որ անվտանգ չէ, բայց այնպես չէ, որ դպրոց չենք գնալու ու այդ շենքում դասեր չենք անելու»,- եզրափակեց Կիրանցի դպրոցի տնօրենը։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Կիրանցի դպրոցի աշակերտները դասադուլ էին արել՝ Տավուշում ՀՀ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացի դեմ։

Այն ժամանակ Վոլոդյա Բադիրյանն ասել էր. «Մենք չգիտենք՝ այս ճանապարհը լինելու է դպրոցի հետևի հատվածո՞վ, թե՞ դիմացով, մեզ որևէ բան հայտնի չէ։ Չգիտեմ, գուցե 150 մետր հեռավորության վրա լինի թշնամու զբաղեցրած դիրքից։

Եթե, Աստված ոչ անի, մի բան լինի, բոլորս ենք վտանգված»։

Հանրային հեռուտաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով թեմային, թե այդ դպրոց հաճախելիս երեխաները տեսնելու են թշնամու զինվորին, ասել էր. «Եթե երևալու խնդիր է, թող ծառ տնկեն, կարող ենք պատ կառուցել»։

Տեսանյութեր

Լրահոս