ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չէ և չի դառնա։ Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվի կառույցի դերի ամրապնդումն Ուկրաինային աջակցության համակարգման և [Ուկրաինայի Զինված ուժերի] պատրաստման հարցում», – ասել է Շոլցը՝ Բունդեսթագում ելույթ ունենալով ԵՄ-ի (հունիսի 27-28) և ՆԱՏՕ-ի (9- հուլիսի 11) գագաթնաժողովների օրակարգի շուրջ:
«Միաժամանակ հստակ է և ինձ համար կարևոր է արձանագրել. ՆԱՏՕ-ն չի լինի հակամարտության մաս: Մենք չենք անցնի այդ սահմանը»,- ասել է նա: Կանցլերը պնդել է, որ ՆԱՏՕ-ում այս հարցում միաբանություն կա:
ՆԱՏՕ-ի հերթական հանդիպումը բարձր մակարդակով կանցկացվի հուլիսի 9-11-ը ԱՄՆ-ի մայրաքաղաքում։ Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ Կիևը վաշինգտոնյան հանդիպմանը չի ստանա Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հրավեր։
2022 թ. սեպտեմբերին Ուկրաինան արագացված կարգով Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ էր ներկայացրել։ ՆԱՏՕ-ում քանիցս ընդգծել են, որ դաշինքին միանալն անհնար է, քանի դեռ Ուկրաինան գտնվում է հակամարտային իրավիճակում։