«Եթե Ադրբեջանը դուրս չի բերում իր զինված ուժերը հայկական տարածքներից, ապա բանակցությունների իմաստ չկա». Ռուբեն Գալչյան
Վերջերս Սյունիք կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ սահմանագծման հաջորդ գործընթացը կարող է տեղի ունենալ Սյունիքի մարզում։ Այս ամենին զուգահեռ, փորձագետները բարձրաձայնում են, որ ՀՀ իշխանությունը նախ պետք է ՀՀ սահմաններից հեռացնի Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչներին, այնուհետև համաձայնի գնալ սահմանագծման աշխատանքների, հակառակ պարագայում, ամեն օր թշնամին խորանալու է երկրի ներսում։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը նույնպես ասաց, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից, այնուհետև ՀՀ իշխանությունը գնա սահմանագծում իրականացնելուն։
«Քարտեզները, որով կողմերը համաձայնել են գնալ սահմանազատման ու սահմանագծման, 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրում նշվել են, դրանք խորհրդային վերջին քարտեզներն են։ Խորհրդային շտաբի վերջին քարտեզները թեպետ գաղտնի են, բայց ինքս գիտեմ, թե այդ սահմանները որտեղով են անցնում, դրանց պատճեններն ունեմ։
Եթե այս պահին որոշեն որևէ տեղում իրականացնել սահմանագծումը՝ Շորժայում լինի թե Ջերմուկում, այն նույն քարտեզներով են անում, որով գործընթացն արեցին Տավուշում։ Այդ քարտեզները երկկողմ Հայաստանն ու Ադրբեջանը վավերացրել են 1969-1970 թվականերին, այնուհետև 1991 թվականին Ալմա Աթայի հռչակագրում է դրա մասին նշվել։ Իսկ արդեն 2022 թվականի հոկտեմբերին՝ Պրահայում, այնուհետև՝ Սոչիում սրա մասին կրկին շեշտվել է։ Եթե Ադրբեջանը համաձայնել է աշխատել այդ քարտեզներով, պետք է Հայաստանին վերադարձնի 200 քառակուսի մետրից ավելի այն բարձունքները, որոնք գրավել է 2021 թվականի մայիսին՝ ներառյալ Շորժա, Ջերմուկ, Սև լիճ, Կապանի որոշ տարածքներ և այլն»,- նշեց Ռուբեն Գալչյանը։
Նրա խոսքով՝ եթե սահմանագծման հաջորդ աշխատանքների մեկնարկին Ադրբեջանի իշխանությունը կրկին հրաժարվի իր զորքը դուրս բերել ՀՀ տարածքից, ապա այլևս միտք չկա այդ թեմայով նրանց հետ բանակցությունները շարունակել։
«Եթե Ադրբեջանը դուրս չի բերում իր զինված ուժերը հայկական տարածքներից, ապա բանակցությունների իմաստ չկա, առավել ևս՝ սահմանագծման աշխատանքներ իրականացնել։ Բայց տեսեք, Ալիևը երկու տարի հայտարարում էր, որ չի ընդունելու 1991 թվականի քարտեզները, այնուհետև հասկանալով, որ դրա արդյունքում Տավուշում իրեն տարածքներ են վերադարձվելու՝ ընդունեց։ Սակայն Տավուշում ճանապարհների հատվածներում վերջնականապես սահմանագծում չի եղել, քանի որ որոշում կար, որ Կիրանցի կամուրջը տեղափոխվելու է այլ տեղ, այն մնալու է Ադրբեջանին։ Մի քանի հատվածներում ճանապարհները ևս պետք է փոխվեն, սակայն ՀՀ իշխանությունը չի հայտարարում, թե ինչ են անելու, բայց պետք է այնպիսի ճանապարհ գտնեն, որ մեր ուղին ապահով անցնի մինչև Նոյեմբերյան»,- հավելեց Ռ. Գալչյանը։
Ինչ վերաբերում է Տիգրանաշենին, մեր զրուցակիցն ասաց, որ Տիգրանաշենն առհասարակ առնչություն չունի այս գործընթացի հետ, քանի որ այն առանձին «անկլավների» հարց է։
«Ադրբեջանը որևէ հիմք չունի պահանջել, այսպես կոչված՝ «անկլավները», քանի որ դրանք պահանջելու համար չկա որևէ հիմք ու փաստաթուղթ։ Եթե Ադրբեջանն «անկլավներ» է պահանջում, նա պետք է փաստաթուղթ մեզ ներկայացնի, թե ինչպես ենք հանձնել իրեն։ Կարծում եմ՝ հարցն այնպես պետք է լուծվի, որ Արծվաշենը մնա Ադրբեջանին, իսկ Տիգրանաշենը, Ասկիպարը և Բարխուդարլուն մնան Հայաստանին»,- եզրափակեց Ռուբեն Գալչյանը։