Բաժիններ՝

Պատմական ակնարկ Կենտրոնական բանկի անկախության շուրջ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հրապարակել է  փորձագետ Աշոտ Խուրշուդյանի վերլուծությունը։ Ներկայացնում ենք այդ հրապարակումն ամբողջությամբ։

* * *

Ժողովրդավարությունն ու Կենտրոնական բանկը

Հայտնի ճշմարտություն է՝ ժողովրդա­վարություն կերտելը հեշտ չէ։ Սակայն ժողովրդավարությունը հասկանալն ինքնին մարտահրավեր է։  Ժողովրդավարությունը ոչ միայն արդար ու ազնիվ ընտրությունների ապահովումն է, այլև «զսպումների ու հակակշիռների» կայացումը։ Հայաստանի ժողովրդավարացման պրոցեսում Կենտրոնական բանկի կայացումը նախկինում բազմիցս կարևորել եմ ու ցանկանում եմ անդրադառնալ հենց դրան։ Մոնետար  և ֆիսկալ քաղաքակա­նությունների միջև հակասությունը երբ բերում ես ինստիտուցիոնալ դաշտ, անհրաժեշտություն է ծագում պատշաճ ապահովել այն կառույցների միջև հակակշիռներն ու զսպումները, որոնք այդ քաղաքականության կրողներն են։ Հարց է ծագում, ինչու՞ հենց Կենտրոնական բանկը պիտի լինի անկախ, իսկ ասենք ֆինանսների նախարարության անկախության մասին չենք խոսում։ Իհարկե՛, պրոֆեսիոնալ պետք է լինեն պետական բոլոր կառույցները։ Սակայն պետությունը միայն կառավարվման պրոֆեսիոնալիզմ չի ենթադրում, այլապես կբավարավեինք մերիտոկրատիայով, դեմոկրատիայի չէինք ձգտի։ Էական դեր ունի նաև քաղաքական իշխանությունը։ Հենց այստեղ էլ, թերևս, թաքնված է հարցի պատասխանը։ Որպեսզի հասկանանք Կենտրոնական բանկի անկախությունը, որպես ժողովրդավարության ապահովման տարր, պիտի հասկանանք, թե ինչից կամ ումից պետք է անկախ լինի Կենտրոնական բանկը։ Ընտրություններով ձևավորվում է քաղաքական դաշտը, որից էլ կազմվում են օրենսդիր, գործադիր, իսկ Հայաստանի պարագայում՝ դեռևս նախագահական, ու ուստիև «արդարության երաշխավորից կախված» անկախ դատական մարմինները։ Վերջինս հատուկ եմ այդ կերպ ձևակերպել, քանի որ հենց խոսելու եմ այն մասին, թե ինչպես կախում ունեցող կառույցից ստղծել անկախ մարմին։ Քաղաքական իշխանությունը տնտեսության վրա ազդելու գործիքներով շատ հզոր է, այն ընդունում է օրենքներ, հարկում է, իրականացնում է տնտեսկան քաղաքականություն, միջամտում է տնտեսական գործու­նեությանը՝ աջակցելով կամ չաջակցելով, իսկ գործադրի հիմնական գործիքի՝ պետական բյուջեի միջոցով իրականացնում է այդ հիմնական քաղաքականությունը՝ այդտեղ հավաքվում են հարկերը,  որից վճարվում են աշխատավարձեր ու կատարվում այլ ծախսեր, դեֆիցիտ է ստեղծվում, որն էլ ֆինանսավորման աղբյուրներ է պահանջում։ Ու երբ տնտեսությունդ կաղում է, իրականացվող տնտեսական քաղաքականությունը արդյունավետ չի, հարկերը քիչ են, իսկ ծախս անելը անհրաժեշտ է, ապա քաղաքական տեսակետից ծախս անելու ամենադյուրին աղբյուրը դառնում է էմիսիան՝ փող տպելը։ Մինչև Կենտրոնական բանկի կայացումը Հայաստանը սրանով էլ զբաղված էր՝ էմիսիոն վարկեր էր աջուձախ տրամադրում և ունեինք հիպերինֆլյացիա։ Սրա մասին է վկայում ստորև աղյուսակը.

Տարի 1994 1995 1996 1997 1998 1999
Ինֆլյացիա (%) 1761.9   32.2 5.6 21.7 -1.3 2.0

Ըստ էության, Կենտրոնական բանկի անկախությունը քաղաքական շահից անկախությունն է։ Իհարկե, սա չի նշանակում, որ նման շահը չի կարող լինել հանրային, սակայն ժողովրդավարությունը, հակակշիռ­ների մեխանիզմը, կամ այլ կերպ ասած կոմպոզիտ՝ մրցակցային իշխանության մոդելը, ենթադրում է հենց այսպիսի անկախություն, քանի որ դրա այլընտրանքը մոնոլիտ մոդելն է, որում Կենտրոնական բանկի հիմնական նպատակը՝ գների կայունությունը, կարող է զոհաբերվել ֆիսկալ նպատակին։ Քաղաքական ուժը, քաղաքական իշխանությունը այնքան զորեղ է, որ միտ փորձելու է իրեն ենթարկել պետական կառույցներին՝ ներառյալ Կենտրոնական բանկին։ Երբ ես քննադատում եմ Կենտրոնական բանկին, միշտ սա մտքումս եմ պահում՝ գիտակցելով Կենտրոնական բանկի անկախության կորստի ռիսկերը։ Սա է պատճառը, որ հանրային իմ խոսքը լսածները երևի նկատել են, որ Կենտրոնական բանկին քննադատելուն զուգահեռ, քննադատում եմ նաև կառավարության նույն խնդրին առնչվող բացթողումները, որպեսզի ակամա չխախտվի ինստիտուցիոնալ հավասա­րակշռությունը՝ ի օգուտ քաղաքական իշխանության։

Կարդացեք նաև

Տեսությունն ընդդեմ պրակտիկայի

Այս ակնարկում չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ Կենտրոնական բանկի անկախության տեսական ու էմպիրիկ մոդելներին ու անկախությունը չափելու մեխանիզմներին։

1995 թվականի Սահմանադրությամբ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը հատուկ առանձնացվեց։ Իսկ 1996 թվականին ընդունված Կենտրոնական բանկի մասին օրենքով ամրագրվեց նրա անկախությունը ապահովող կարևոր օրենսդրական դրույթներ. Հիմնական նպատակի սահմանվեց՝ գների կայունությունը, մոնետար քաղաքակա­նության մշակումն ու իրականացումը, ֆինանսական անկախությունը և անձնական անկախությունը։ Սրանցից յուրաքանչյուրը առանձին ու լայն թեմա է։ Այստեղ կանդրադառնամ միայն վերջինին, քանի որ քաղաքական դաշտից անկախության համար ամենաէականը հենց դա է՝ ինչպես ապահովել կենտրոնական բանկի ղեկավար մարմնի անկախությունը քաղաքական դաշտից։ Ակնհայտ է, որ զուտ օրենսդրական ամրագրումը բավարար չէ ինստիտուտի կայացման համար։ Դրա համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ կադրեր, ավանդույթ ու …. իշխանություն։ Եվ ինչպես հակակշռել պրոֆեսիոնալ կամ ավելի ճիշտ՝ ինստիտուցիոնալ իշխանությունը քաղա­քական իշխանությանից։ Սրա համար պետք են գաղափարախոսություն, ավանդույթ, պրոֆեսիոնալ կարողություն ու կոնֆլիկտներ, որոնք կհանգեցնեին այնպիսի հավասարակշռության կետի, երբ կարելի է խոսել անկախության մասին։ Ե՛վ ժամանակի վարչապետը, և՛ հետո շատ քաղաքական ուժեր, այդ թվում ԱԺ հեղինակավոր նախագահ, դեմ են եղել ՀՀ Կենտրոնական բանկին շնորհված անկախությանը և ցանկացել են, որ Կենտրոնական բանկը ենթարկվի կառավարությանը։ Ինքս այս պրոցեսներից շատերի մասնակիցն եմ եղել ուականատես եմ եղել բազմաթիվ կոնֆլիկտների։

Եթե գուգլեք, կգտնեք բազմաթիվ նյութեր կենտրոնական բանկերի անկախության մասին։ Դրա գաղափարական հիմքն ու տեսությունը վաղուց մշակված են, նաև բազմաթիվ քննադատական նյութեր կգտնեք։ Կենտրոնական բանկը Հայաստանում, թերևս, առաջինն էր, որ որոշեց զանգվածաբար գործի ընդունել նորավարտ, տնտեսական նոր գիտելիք ստացած կադրերի։ Ավելին, ընդունելությունը խիստ մրցակցային էր ու այդ մրցակցությունը ստեղծում էր նպաստավոր միջավայր՝ կադրերի ինքնազարգացման համար։ 1995-96 թվականներին, ըստ էության, ձևավորվեց կադրային հզոր  բազա։ Ու այն պահելու համար մի կետ էր ամրագրվել օրենքում՝ Կենտրոնական բանկի աշխատողների միջին աշխատավարձը չպետք է ցածր լինի բանկային համակարգի միջին աշխատավարձից։ Հենց սրանով Կենտրոնական բանկը սկսեց տարբերվել պետական այլ հիմնարկներից։ Սրա մասին չգիտես ինչու հաճախ ամաչում են խոսել։ Պրոֆեսիոնալիզմը պահանջում է համապա­տասխան ֆինանսավորում։ Այլապես, կամ կունենաս կադրային հոսք (բանկային համակարգում շատ գրավիչ պայմաններ էին), կամ կոռուպցիան կկարևորվի պրոֆեսիոնալիզմից, կամ էլ կունենաս ոչ պրոֆեսիոնալ, սակայն լոյալ աշխատողների բանակ՝ ԽԾԲ-ն անսահման հնարավորություններ է սրա համար ապահովում։ Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե անցանկալի երևույթներ չեն եղել։ Եղել են։

Պրակտիկ կոնֆլիկտնե­րին ու դրանց հանգուցալուծումների մասին։ Կենտրոնական բանկի ներքին կյանքին շատ չեմ ցանկանում անդրադառնալ, թեպետ վառ հիշողությունները շատ են։ Նշեմ, որ դրա պատասխանատուները Դրամավարկային կոմիտեի անդամներն էին, որոնց մեջ առանձնահատուկ դեր ուներ այն ժամանակվա Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Դարբինյանը։ Այսպես, գաղափարը կար, ներքին կյանքի՝ պրոֆեսիոնալիզմի համար Արմեն Դարբինյանը ու մյուսները աշխատում էին։ Հիմնական կոնֆլիկտները արտաքին էին, պայմանավորված էին այլ պետական կառույցների ու քաղաքական իշխանության հետ հարաբերություններով ու շահերով ։

Պատկերացնելու համար այդ կոնֆլիկտները պետք է ընկալել կամ վերհիշել այն ժամանակվա ուժային/իշխանական համակարգը ու հասկանալ, թե ինչպես ամեն մանրուքի հետ կապված զանգեր էին գալիս Կենտրոնական բանկ։ Գրեթե հրահանգի աստիճանի հասնող ազդեցություն կար, ասենք. «Այս բանկին այս կուրսով դոլար է պետք ծախել, քանի որ բանակը այդ բանկի միջոցով կարևոր գնում պետք է անի»։ Չեմ ցանկանում կոնկրետ փաստեր նշել, բայց ցանկանում եմ վիճակն ու մթնոլորտը փոխանցել ընթերցողին։ Որպեսզի պատկերը պարզ լինի, ժամանակի բանկերի մեծ մասը ծառայում էին այս կամ այն  կոնկրետ բիզնեսմենի շահին, բյուջետային հիմնարկները դեռևս գանձապետարանով չէին սպասարկվում ու բանկերի միջոցով էին ծախսեր անում, բանկային ու բյուջետային շահերը խառնված էին, արտարժույթի լուրջ դեֆիցիտ կար և այլն։ Կենտրոնական բանկին քաղաքական իշխանությունից անկա­խություն ապահովող հիմնական դերակատարը Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանն էր։ Այս փաստին քիչ են անդրադառնում, բայց ցանկանում եմ հատուկ շեշտել։ Բագրատ Ասատրյանը, լինելով քաղաքական իշխանության մաս, քաղաքական իր այդ կշիռը օգտագործում էր Կենտրոնական բանկի շահերը քաղաքական այլ շահերից պաշտպանելու համար։ Այո Կենտրոնական բանկի անկախության սկիզբը շատ սուբյեկտիվ էր, բայց սա այն իրականությունն է, որը հաճախ մոռանում են՝ տեխնոկրատական կամ օրենսդրական ամրագրումները բավարար չեն ինստիտուտ կայացնելու համար, մարդկային գործոնը, թե՛ դրական, թե՛ բացասական մեծ ազդեցություն ունի։ Չմոռանանք նաև, որ այն ժամանակ էական ազդեցություն ուներ նաև Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը, որոնք Հայաստանին տրամադրվող վարկերի դիմաց պայմաններ էին դնում, ու սա հաճախ լծակի դեր էր Կենտրոնական բանկի իշխանությունը մեծացնելու համար։ Միջազգային կառույցների աջակցությունը, այնու­ամենայնիվ, երկարաժամկետ առումով բավարար չէր ինստիտուտ կառուցելու համար։ Անդրադառնամ չորս գործնական էպիզոդի, որոնց անմիջական մասնակիցը լինելով ցանկանում եմ համալրել Հայաստանի տնտեսական պատմության այս փոքրիկ էջը։

Էպիզոդ առաջին. Բյուջեի վարկավորումը

Բյուջեի ֆինանսավորումը Կենտրոնական բանկի կողմից, ըստ էության, նույն էմիսիան է, և խիստ կարևոր էր հստակեցնել ու պլանավորել բյուջեի ֆինանսավորման չափը՝ ինֆլյացիան կառավարելի մակադրակում պահելու համար։

Այս գործընթացին մասնակցել եմ 1996 թվականին։ Թեև ուսանող էի, բայց արդեն աշխատում էի Կենտրոնական բանկում։ Բագրատ Ասատրյանի աշխատասենյակում տեղադրվել էր մի մեծ հեռուստացույց, որի վրա պրեզենտացիաներ էինք անում։ Ներկա էին Բագրատ Ասատրյանը, ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը և Վիճակագրական վարչության պետ Էդուարդ Աղաջանովը։ Իմ պրեզենտացիան Կենտրո­նական բանկի կողմից բյուջեի ֆինանսավորման սենյորաժի՝ ինֆլյացիոն հարկի ռիսկերի մասին էր։ Բյուջեն կատարելու ամենահեշտ ձևերից մեկը պլանավորվածից բարձր ինֆլյացիա ապահովելն է, ինչի արդյունքում տեղի ունենում գների աճ, գների աճը հանգեցնում է հարկերի ավելի շատ հավաքագրման, մինչդեռ ծախսերը բյուջեում մնում են նույնը. Շատ եկամուտ, որի մի մասը ինֆլյացիոն եկամուտ՝ ֆիքսված ծախսերի պարագայում։ Սա ցանկացած կառավարության ու ֆինանսների նախարարի համար «մուրազ է»։ Ելույթս համաշխարհային փորձի ու սենյորաժի հաշվարկման մոդելի ցուցադրումն էր։ Ընդգրկել էի նաև մոտիվացիոն այն ռիկսը, որ վարկավորման ցուցանիշը ընթացիկ ՀՆԱ-ին կցելը կմոտիվացնի իշխանությանը կեղծել ընթացիկ վիճակագրական տվյալները՝ ավելի շատ փող ստանալու ակնկալիքով։ Ուստի առաջարկում էի ֆինանսավորման այլ սխեմա՝ նախկին ցուցանիշների վրա հիմնված։ Գործընկերներս այս «երիտասար­դական հանդգնությունս» դարձրել էին անեկդոտ, թե ինչպես եմ կանգնել ֆինանսների նախարարի ու վիճակագրության պատասխանատուի առաջ ու ասել, որ «կկեղծեն», միայն թե շատ փող «պոկեն»։ Իհարկե, մասնագիտական մոդելը կամ համաշխարհային փորձի ուսում­նասիրությունը բավարար չեն հակակշիռներ ձևավորելու համար, սակայն դրանք կարևոր փաստարկումներ են, որոնք Կենտրոնական բանկի նախագահը, ունենալով քաղաքական կշիռ, կարողանում էր օգտագործել ու պաշտպանել կառույցի ինստիտուցիոնալ շահերը։ Ըստ էության, փաստարկումն հաղորդակցության այն հիմնական ձևն է, որը խառնվելով տարբեր իշխանական կշիռների  սկսում ձևավորել նոր մշակույթ։ Սա էր էականը, փաստարկված լեզուն, փաստարկված բանավեճը՝ ահա այն միջավայրը, որն անհրաժեշտ է նոմինալ սահմանադրական և այլ կառույցների աշխատանքն ապահովելու համար։

Էպիզոդ երկրորդ. Բյուջեի ինստիտուցիոնալ վարկավորում

Որքան էլ խոսենք Կենտրոնական բանկի անկախության մասին, համարում եմ, որ Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ անկախութ­յունը ամրա­գրվեց հենց այն փաս­տա­թղթով, որը կցված է։ Որքան էլ զավեշտ հնչի, մինչև դրա ստորագրումը, այսինքն մինչև 1999 թվականը, Կենտրոնական բանկը ֆինանսավորում էր բյուջեն, այսպես կոչված, «զուտ վարկային գծով» կամ ավելի ճիշտ զուտ այնքանով, որքանով որ բանակցությունների արդյունքում մի փոքր աղյուսակի վրա որոշվում էր՝ «զուտ վարկավորում կառավարությանը» տողը։ Թերևս սա էր պատճառը, որ սուբյեկտիվ գործոնը, քաղաքական հանգամանանքերը, միջազգային կառույցների միջամտությունը ու, ի վերջո, փաստարկված բանակ­ցություններն էական դեր էին խաղում, մինչդեռ ինստիտուցիոնալ ու իրավական գործոնները կաղում էին։ Օրինակ, Կենտրոնական բանկում էր գտնվում կենսաթոշակային հիմնադրամը, որի գումարներն ավելանալու դեպքում Կենտրոնական բանկը նույն գումարի չափով հնարավորություն էր ստանում վարկային գիծը մեծացնել։ Կենտրոնական բանկի համար միևնույն էր, կարևորը՝ դրամական բազայի ցուցանիշը չխախտվի։ Մյուս կողմից, սա ֆինանսների նախարարությանը մանևրելու ու հնարքներ կիրառելու լայն դաշտ էր բացում, որի փակագծերը ցանկանում եմ բացել։ Կառավարությունը Կենտրոնական բանկում ուներ բազմաթիվ հաշիվներ։ Գանձապետարանում աշտաելուս տարիներին, երբ ներդրում էինք գանձապետական միասնական հաշիվը, այսինքն փակվում էին առևտրային բանկերիում առկա բոլոր բյուջետային հաշիվները, ներառյալ տեղական գանձապետարանների բանկային հաշիվները, բյուջեի կենտրոնացված միասնական համակարգ էր ներդրվում, որը պետք է մեծացներ հանրային միջոցների վերահսկելիությունը, արդյունավեությունն ու կառավա­րելիությունը։ Խնդիր դրվեց ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել կառավարություն-Կենտրոնական բանկ հարաբերությունը՝ նվազագույնի հասցնել սուբյեկտիվության գործոնը։ Նախ, մեծանում էր հստակությունը՝ կառավարման կարևոր տարր, մյուս կողմից էլ բարձրացնում էր ֆիսկալ և մոնետար քաղաքականության կոորդիանցիան։ Ինչպես նշել եմ, ֆիսկալ և մոնետար նպատակները հաճախ հակադրվում են, ու եթե Կենտրոնական բանկի անկախությունն անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանի գների կառավարման նպատակը քաղաքական շահերից, ապա ֆիսկալ և մոնետար քաղաքականնությունների կոորդիացիան անհրաժեշտ է, որպեսզի այդ շահերի հակադրության պատճառով չտուժի մակրոտնտեսական հավասարակշռությունը։ Սա, այսպես ասած օպերատիվ անհրաժեշտություն է, որին կանդրադառնամ վերջում։

Պատմությունը բացատրում է այս առաքելության դժվարությունը։ Օրինակ, նկատի ունեմ այսպես ասած «ջեմի» հաշիվները։ Կառավարությունը Կենտրո­նական բանկում ուներ մի քանի հաշիվ, որոնց վրա կային մեծ գումարներ։ Դրա դիմաց էլ Կենտրոնական բանկը բացել էր վարկային հաշիվ, որն օգտագործվում է բյուջետային ծախսերի համար։ Ի՞նչ հաշիվներ էին սրանք։ Ինչու՞ կառավարությունը իր միջոցները չէր կարողանում օգտագործել և ապավինել էր վարկային գծին։ Ահա այստեղ էր հնարքի հնարավորությունը։ Սրանք Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրված օգնության հաշիվներն էին։ Հայաստանը ստացել էր օգնություն, սակայն իրավունք չուներ դրանք օգտագործելու։ Օգնությունը դրամային չէր, խոսքը 1990-ականների սկզբի Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրված սննդային տեսքով օգնությունն էր, որը … կորել էր։ Հայաստանի պաշտոնական տեսակետն էր, որ այդ օգնությունը պահեստներում փչացել է։ Ֆիսկալ քաղաքականության խնդիրը չէր դրանով զբաղվել, դրանցող զբաղվում էր դատախազությունը, սակայն այդ հիմնավորումը Եվրոպական միությանը չէր բավարարում և պահանջել էր գումարային տեսքով վերադարձնել օգնությունը։ Բացվել էին հաշիվներ, որտեղ կուտակվում էր գումարներ, որոնց ճակատագիրը պետք է ապագայում որոշվեր։ Անցնելով առաջ նշեմ, որ բարդ բանակցությունների արդյունքում կարողացանք այդ գումարները պահել Հայաստանում, վերաձևակեպել դրանք որպես ԵՄ կողմից օգնություն։ Ընդհանրապես, այս էպիզոդը վիճակագրորեն մի քիչ սխալ է ձևակերպված մեր բյուջեում։ Սա օգնություն է, որը չենք ստացել (այլապես կստացվի կրկնակի օգնություն, մի անգամ ապրանքային տեսքով, մյուս անգամ դրամային)։ Վիճակագրությունը մի կողմ թողնելով ասեմ, որ շատ բարդ խնդիր էր դրված՝ այդ տարատեսակ հաշիվների, գումարների ու վարկային գծի էությունները հասկանալ և ունենալ մեկ միասնական վերջնական հաշիվ։ Դրանց մի մասն այնքան հին պատմություններ ուներ, որ անհասկանալի էր։ Բանակցությունները ֆինանսների նախարարության կողմից վարում էի ես, իսկ Կենտրոնական բանկի կողմից Արթուր Ստեփանյանը։ Դրանք հեշտ չէին, քանի որ մենք արդյունքները զուգահեռ վերաբանակցում էինք մեր վերադասների հետ։ Կցված փաստաթուղթի պատճենը պատահաբար արխիվումս հայտնաբերեցի։ Դա էլ հենց պատճառ հանդիսացավ վերհիշելու ու այս նյութը գրելու համար։ 1998 թվականի հունվարի մեկի դրությամբ վերջնական հաշվարկած վարկային մնացորդը կազմեց 9 մլրդ դրամ, որն էլ վերաձևակերպեցինք արժեթուղթ ու Կենտրոնական բանկի ու կառավարության հարաբերությունը վերջնա­կանապես ֆորմալացվեց։

Էպիզոդ երրորդ. Հետքայլ ու քաղված դաս

Եթե նայեք կից փաստաթղթի դրված «վիզաների» ամսաթվին, պարզ կլինի, թե ինչպիսի քաղաքական փոթորիկի ժամանակա­շրջանում էին ընթանում բանակցությունները։ Խոսքը գնում է քաղաքական մեծ լարվածության՝ ՀՀ նախագահի հրաժարականի ժամանա­կաշրջանի մասին։ Այդ լարվածությունը նկարագրելու համար առանձին ակնարկի կարիք կա։ Այստեղ, թերևս, երկու փոքրիկ դիտարկում կանեմ։

Նախ, ինչպես ստորագրվեց պայմանագիրը։ Վախենում էի, որ քաղաքական թոհուբոհի պատճառով ամբողջ աշխատանքը ջուրը կլցվի։ Ամսի յոթին՝ շաբաթ էր, ոչ աշխատանքային օր, մտանք Բագրատ Ասատրյանի աշխատասենյակ և ներկայացրինք վերջնարդյունքը։ Բագրատ Ասատրյանն ասաց, որ բերեմ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի՝ Արմեն Դարբինյանի ստորագրությամբ փաստաթուղթը, որպեսզի ինքն էլ ստորագրի։ Ասաց, որ ունեմ կես ժամ։  Թեպետ աշխատանքային հումոր էր, բայց լուրջ ընդունեցի։ Կենտրոնական բանկից վազելով հասա ֆինանսների նախարարություն, մտա ընդունարան, որտեղ Արայիկը չթողեց ներս մտնեմ։ Ասացի՝  «Արայիկ ջան, այ ցավդ տանեմ, շատ շտապ գործ է»։ Թե՝ «չէ, բոլոր փաստաթղթերը դիր այստեղ նոր մտիր»։ Սա էլ մյուս հումորն էր, որ չէի հասկանում։ Մտա, տեսնեմ բաժակները շամպայն լցված ուշացումով շնորհավորում են Դարբինյանի ծնունդը։ Միացա շնորհավորանքին, արագ խնդրեցի պարոն Դարբինյանին լսել ինձ, ստացա ստորագրությունն ու հետ վազեցի Կենտրոնական բանկ։ Իհարկե, կես ժամից շատ ավելին էր անցել։ Բայց դե, փաստաթուղթը ստորագրվեց ու հիմք դրվեց ՀՀ Կառավարության ու Կենտրոնական բանկի հարաբերության նոր շրջանին՝ արդեն հստակ վարկային գծով ու պետական արժեթղթերի, որպես դրամավարկային ու ֆիսկալ քաղաքա­կանության առավել ճկուն նոր գործիքի ներդրմամբ։ Անուղղակիորեն սա հիմք հանդիսացավ նաև պետական արժեթղթերի երկրորդային շուկայի ակտիվացման համար։

Սակայն …. Բագրատ Ասատրյանը շուտով հրաժարական տվեց։ Մինչև հիմա համարում եմ ՀՀ Կենտրոնական բանկի անկախությանը այս հրաժարականը մեծ հարված հասցրեց։ Սա հետքայլ էր օրենսդրորեն ամրագրված կարևոր դրույթից։ Անկախության տարրերից մեկը, ինչպես նշել եմ, անձնական անկախությունն է։ Ու սրան հասնելու համար ամրագրվել էր Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնավարման յոթ տարի, որպեսզի այն ավելի երկար լինի ու չհամընկնի այլ քաղաքական ընտրական պարբերա­շրջաններին։ Փաստորեն օրենսդրա­կան հիմքը բավարար չեղավ՝ քաղաքական ուժի անկման հետ հրաժարական տվեց նույն քաղաքական ուժի ներկայացուցիչը՝ չմնաց որպես հակակշիռ։

Էպիզոդ չորրորդ. Ավանդույթի ուժը

Օրենքը, ինչպես ապացուցում է պատմական օրինակը, բավարար չէ ինստիտուտի անկախությունը ապահովելու համար։ Կառավարման զարգացմանը զուգահեռ բազմաթիվ անկախ մարմիններ են ստեղծվել, որոնց անաչառ ու ինստիտուցիոնալ շահերին հետամուտ աշխատանքը պետք է ձևավորի Հայաստանի կառավարման հակակշիռների մեխանիզմ։ Բայց արյդո՞ք այդ կառույցները կայացել են։ Ավելի հեշտ է, լինելով օրենսդրորեն անկախ, գործնականում լինել ենթակա ու լոյալ տվյալ պահի իշխանությանը։ Անկախ կառույց ձևավորելու իրական ճանապարհն ավելի երկար է։

Քաղաքական փոփոխություններից հետո սկսվեցին ընտություններ, նոր նշանակումներ, չափից շատ նոր աշխատանք։ Այս ընթացքում ֆիսկալ ու մոնետար քաղաքականության համագործակցությունը մղվեց երկրորդ պլան՝ այս անգամ իմ մեղքով։ Ցանկանում եմ նշել նաև իմ մեղավորությունը, քանի որ ես էի պատասխանատուն, մինչդեռ վերոնշյալ փոփոխությունների պատճառով ստացել էի նոր գորառույթներ, պատասխա­նատվությունս ու գործերս բազմապատկվել էր, ժամանակը չէր հերիքում։ Կենտրոնական բանկի ու Ֆինանսների նախարարության հարաբերությունները նորից խաթարվել էին։ Ըստ էության, գանձապետարանում չկար այն ինստիտուցիոնալ հիմքը ինչը կար Կենտրոնական բանկում, այն նոր պետք է ստեղծեինք։ Ահա մի պատառիկ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ներսես Երիցյանի մոտ կայացած Կենտրոնական բանկի ու Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ խորհրդակցության արձանագրությունից.

«Ն. Երիցյան – … հանձնաժողովի աշխատանքները չեն կայանում, մեր կապերը ինքնըստինքյան խզվում են։ Մեզ հետաքրքրում է, թե երբ է հանձնաժողովն սկսելու աշխատել … հարաբերությունները պետք է կարգավորվեն ինստիտուցիոնալ մակարդակով և ոչ թե անհատականացված ռեժիմով ինչպիսի պրոբլեմներ էլ որ լինեն։ Այս ինստիտուտներից դուրս աշխատանքները արդյունավետ չեն կարող լինել։ Սա նաև կապահովի ՀՀ կենտրոնական բանկի և կառավարության միջև փոխհարաբերութ­յունների թափանցիկությունն ու հրապա­րակայնությունը …»

Կառույցները իրար հետ պետք է աշխատեն, համագործակցեն, հարաբերութ­յունները պահպանվեն ու սա սուբյեկտիվ հողի վրա չպիտի լինի։ Ակնարկիս կցում եմ նիստի ամբողջական արձանագրությունը։ Եթե հետաքրքիր է ժամանակի լարված մթնոլորտը, հաղորդակցման լեզուն, փաստարկումներն ու ակնհայտ կառուցվածքային կոնֆլիկտը, ապա կարդացեք արձանագրությունը։ Իմ սիրած բանաձևն է. համագործակցությունը չի ենթադրում կոնֆլիկտի բացակայություն։ Ու եթե ցանկանում ենք ունենալ կառավարման կոմպոզիտ համակարգ, որտեղ ինստիտուտներն աշխատում են ելնելով իրենց շահերից, ոչ թե քաղաքական իշխանության կոնյուկտուրայից, որտեղ կա  հզոր քաղաքական թելադրող ուժ, ապա պետք է մեր պատմությունից դասեր քաղենք ու հասկանանք, թե ինչ դժվար է այն կերտելը։ Կրկնակի դժվար է այն ավանդույթ դարձնելն ու գործնական հարաբերություններում  այդ ավանդույթը վերջնականապես խարսխելն ու պահպանելը։

Ինչպիսին է այսօր վիճակը

Լիարժեքորեն չգիտեմ, թե ինչպիսին է իրավիճակն այսօր։ Կենտրոնական բանկի անկախությունը պարզապես իրավական նորմ չէ, այն ենթակա է քաղաքական կոնյուկտուրային, պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով, առկա ավանդույթի պահպանմամբ ու պրոֆեսիոնալ կադրերով, ԱԺ-ի վերահսկման ուժով և այլն։ Կարող եմ ասել, որ Կենտրոնական բանկի կարդրերը բարձրորակ են։ Եթե անգամ շատերը քննադատում են Կենտրոնական բանկը, այդ թվում՝ երբեմն ես, հաճախ քննադատության թիրախ է դառնում կենտրոնական բանկերի գաղափարա­խոսությունը։ Սակայն փորձից մի բան ասեմ։ Հաճախ Կենտրոնական բանկը տնտեսությունում կատարում է արգելակի դեր, որպեսզի գները շատ չաճեն։ Ու որպեսզի այն չափազանց չլինի, ֆիսկալ քաղաքականությունը պետք է համապատասխան պրոֆեսիոնալ հենք ունենա, որ կարողանա մրցել Կենտրոնական բանկի շահի դեմ։ Ահա այդ շահերի բախումից էլ պետք է ծնվի արդյունավետ համագործակցությունը։ Այսօր թվում է,  խնդիրն ավելի շուտ ֆիսկալ հատվածում է, որի ոչ կոմպետենտությունից օգտվում է Կենտրոնական բանկը, կարողանում է համոզել և իրացնել իր անկախությունից բխող քաղաքականությունը։ Դիմադրությու­նը թույլ է։

Քաղաքական մակարդակով հետընթաց եմ տեսնում։ Հիմնական մտահոգությունը ֆիքսված փոխարժեքով արտաքին պարտքի սպասարկման նախադեպն էր, որն այս տարվա բյուջեի համար նույնիսկ օրենքով ամրագրվեց։ Սա Կենտրոնական բանկի կողմից հանուն բյուջեի կատարման անկախության զիջում էր, ու չպիտի լիներ։ Այն իհարկե չբերեց տնտեսական ցնցումների, սակայն չեզոքացրեց բյուջեի չկատարաման քաղաքական բարոյական ռիսկը։ Հնարավորություն ընձեռեց ֆինանսա­տնտեսական ճգնաժամից բխած փոխարժեքի ռիսկը կառավարությունից տեղափոխել Կենտրոնական բանկի վրա։ Սա հակասում է ինստիտուցիոնալ հարաբերությունների ոգուն, ինչպես նաև արժույթի ազատ փոխարժեքի կարգավորման սկզբունքին։ Կառավա­րությունը կամ պիտի կրճատեր բյուջեն, կամ էլ մեծացներ դեֆիցիտը։ Վերջինս կազդեր տոկոսադրույքների վրա։ Բայց ծախսի բեռը Կենտրոնական բանկի վրա դնելու արդյունքում, Կենտրոնական բանկն ինքուրույն փոխեց տոկոսադրույքի քաղաքակա­նությունը, Ըստ էության բարոյական ռիսկի հարցն էր, իսկ արդյունքը, ի վերջո, նույնն է։ Հարցն էր, թե ռիսկն ով իր վրա կվերցնի։

Առաջարկություններ

Ակնարկս պատմական է։ Դրա նպատակը ավանդույթի ու ինստիտուտի կայացման պատմական կարճ էքսկուրսն է` որպես Հայաստանի տնտեսական պատմության էջ իմ դիտանկյունից։ Դիտանկյունները տարբեր են, ու բնականաբար, սա օբյեկտիվ պատմություն չէ։ Սակայն Հայաստանի պատմության մեջ կան ձեռքբերումներ, որոնց հետընթացը բացառելու համար դրանք պետք է ամրագրել։

Կցանկանայի, որ փոխարժեքի նշած բյուջետային օրենսդրական ամրագրումը վերացվեր ու այլևս չկրկնվեր՝ բյուջեի ռիսկերը Կենտրոնական բանկի վրա չի կարելի տեղափոխել։ Կենտրոնական բանկի նպատակի համար բյուջեն զսպելը նույնպես անթույլատրելի է, սակայն սա անելու համար էլ անհրաժեշտ է ֆիսկալ քաղաքականության կարողությունները հզորացնել, մեծացնել ֆիսկալ և մոնետար քաղաքակա­նությունների համադրումը։

 

Քաղաքական ուժերը պետք է ա) գիտակցեն Կենտրոնական բանկի անկախության կարևորությունը, բ) պահեն Կենտրոնական բանկին հաշվետու, գ) եթե հանկարծ Հայաստանում քաղաքական իշխանա­փոխություն լինի, չստիպեն կամ ընդունեն Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի մյուս անդամների հրաժարականը։ Այսօր սա արդեն օրենք չէ։ Այն դարձել է Սահմանադրական դրույթ, 2005 թվականի փոփոխությունը ավելի հստակեցրել է Կենտրոնական բանկի անկախության տարրերը, իսկ 2015 փոփոխությունները առավել մանրամասնել են դրանք։ Ավելին, նշվել է, որ խորհուրդը պետք է քաղաքական զսպվածություն դրսևորի։ Ինչպես ցույց է տալիս պատմությունը, իրավական ամրագրումը բավարար չէ, անգամ Սահմանադրական ամրագրումը։ Այն կիրառելը՝ պրակտիկան նման նորմը կարրող է դարձնել քաղաքական մշակույթ։ Մենք դեռևս նման փորձ չունենք ու ապագայում չպիտի կրկնենք 1998 թվականի սխալը։

* * *

Ա. Խուրշուդյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ է: Աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում։ Մասնակցել է Հայաստանի տնտեսական բազմաթիվ բարեփոխումների։ Տնտեսագիտության թեկնածու է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս