«Եթե Ռուսաստանն ունի ազդեցություն ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները ՀՀ Կառավարությունն է ուրվագծում». Ուիլյամ Լահյու
168.am-ի զրուցակիցն է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
– Պարոն Լահյու, Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները շատ են քննարկվել: Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի կոշտացած քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, որը ենթադրում է նաև որոշակի հակաքայլեր Ռուսաստանի կողմից, ինչպե՞ս կզարգանան ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները:
– ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ՆԱՏՕ-ի գործընկերները բավականին կոշտ դիրքորոշում ունեն իր հարևանների դեմ Ռուսաստանի նախաձեռնած թշնամական գործողությունների վերաբերյալ: Խոսքը մասնավորապես Ուկրաինայի մասին է:ՆԱՏՕ-ն կոշտ դիրքորոշում ունի նաև իր այն քաղաքականության հարցում, համաձայն որի՝ յուրաքանչյուր եվրոպական երկիր ունի ինքնիշխան իրավունք՝ ընտրելու իր պաշտպանական գործընկերներին իր արտաքին քաղաքականության շրջանակներում: Այս հարցում ՆԱՏՕ-ն հաստատակամ է: Ուստի ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների ապագան կախված է հենց ռուսներից և նրանից, թե ռուսները կորդեգրե՞ն համագործակցային վերաբերմունք, թե՞ կպահպանվի ներկայիս թշնամական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ, որը գալիս է դեռևս սովետական տարիներից, և դա ոչ միայն թշնամանք է ՆԱՏՕ-ի նկատմամբ, այլև ագրեսիվ վերաբերմունք իր անմիջական հարևանների նկատմամբ, որն անընդունելի է արևմտյան համայնքի համար:
– Գագաթաժողովից հետո ինչպիսի՞ ռազմավարական փոփոխություններ են տեղի ունեցել ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում: Ինչպե՞ս այս փոփոխությունները կանդրադառնան Հարավային Կովկասի վրա:
– ՆԱՏՕ-ի անդամ երկրները գագաթաժողովի ընթացքում համաձայնեցին մեծացնել սևծովյան ավազանի կարևորությունը: ՆԱՏՕ-ի անդամ երկրները, դաշնակիցները նաև որոշում կայացրին համագործակցել անդամ երկրների անվտանգության ամրապնդման ուղղությամբ Սևծովյան տարածաշրջանում: Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ դաշինքի անդամները բոլոր համաձայնեցին, որ մենք պետք է ամրապնդենք մեր հավաքական անվտանգությունը, բարձրացնենք ինքներս մեզ պաշտպանելու ունակությունները, ավելի մեծ բյուջետային հատկացումներ ունենանք պաշտպանության ոլորտի համար, ավելի բարձր պաշտպանունակություն: Սա կարևոր արդյունք է, մենք գիտակցել ենք, առանձին անդամների կարողությունների պակասը չպետք է այլևս անտեսվի: Այս ամենը ԽՍՀՄ փլուզման հետևանք էր, մտածում էին, թե այլևս չպետք է անհանգստանալ արևելյան ուղղությունից եկող մարտահրավերների և սպառնալիքների մասին, քանի որ այլևս ԽՍՀՄ չկա: Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Ուկրաինայի խախտեց ՆԱՏՕ անդամ երկրների անվտանգության ընկալումը: Սա հիմնավոր փոփոխություն է:
ՆԱՏՕ-ն կայուն հարաբերություններ ունի Հարավային Կովկասի բոլոր 3 երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ: ՆԱՏՕ-ի շրջանակներն այս երկրների հետ հարաբերությունների համար չեն փոխվել, կա հավելյալ շեշտ Վրաստանի ուղղությամբ, քանի որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածու երկիր է, կա ՆԱՏՕ-Վրաստան հիմնարար փաթեթ: ՆԱՏՕ-ի որոշ անդամներ հանձն են առել ապահովել խորհրդատուներ Վրաստանի Պաշտպանության նախարարության համար: Մենք կանխատեսում ենք, որ սա կօգնի ՊՆ-ին՝ փոխակերպել իրեն, դառնալ ավելի արդյունավետ կազմակերպություն, ինչն ակնհայտորեն բարձրացնում է երկրի պաշտպանությունը և աջակցում Վրաստանի ինտեգրացիոն ջանքերին: Ինչպես գիտեք, Վրաստանն Աֆղանստանում ունի զինվորների բավականին մեծ առաքելություն, նրանք ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերում են արդեն: ՆԱՏՕ-ի այս հանձնառությունն օգնում է հետագայում նրանց ավելի հեշտորեն ինտեգրվելու հարցում: Այս քայլերն աջակցում են Վրաստանին՝ որպես ՆԱՏՕ-ի ապագա անդամ երկիր:
– Պատասխան քայլերի շրջանակում չունե՞ք մտավախություններ, որ լարվածության օջախներ կստեղծվեն Ուկրաինայում, ԼՂ-ում, քանի որ փորձագիտական համայնքի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ պատասխանը կարող է այս ուղղություններից լինել, ու արդեն իսկ կան դրա նախադրյալները:
– Ես չեմ կարող ենթադրություններ անել այս հարցի վերաբերյալ: ՆԱՏՕ-ի անդամներն ու գործընկերները մոնիտորինգի են ենթարկում իրավիճակն այս տարածաշրջաններում՝ ուշադրությամբ հասկանալու համար՝ իրականում ինչ կարող է պատահել, և ինչպես են այդ զարգացումներն առնչվում մեր գործընկերների և մեր դաշինքի անդամների հետ: Բոլոր որոշումները, որոնք կայացվում են այդ պոտենցիալ քայլերի վերաբերյալ, կատարվում են ներքին կարգով և հիմնված են անդամ երկրների կայուն որոշումների վրա:
– Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը մտավախություններ ունի, որ Ռուսաստանը կարգելափակի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները: Դուք ի՞նչ եք կարծում այս մասին:
– Պարոն Շահնազարյանը փորձագետ է, փորձառու է, դա իրավիճակի իր ընկալումն է: Որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ՝ ես չեմ կարող ենթադրություններ անել Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ: ՀՀ Կառավարությունն է ուրվագծում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Եթե Ռուսաստանն ունի կամ չունի ազդեցություն այս հարցում, կրկին որոշումը պետք է Հայաստանի հասարակությանն ու Կառավարությանը լինի, և ոչ՝ ՆԱՏՕ-ինը: