Ուրիշի փող հաշվելու հմայքը

Տնտեսական տեղեկատվության տեսանկյունից այս շաբաթը բացառիկ է: Մեր տնտեսական կյանքի տեղեկատվությունը երբեք այսքան հակասական զգացումներ չի ծնել: Մեկ-երկու տարի տնտեսվարողները շունչները պահած սպասում էին կառավարության խոստացած Հարկային նոր օրենսգրքին: Դրա նախագիծը դեռ անցած տարի հոկտեմբերի սկզբին էր արժանացել կառավարության հավանությանը: Կառավարությունը հավանել էր ու խոստացել էր կրճատել հարկային արտոնությունները, հստակեցնել պետբյուջեից սուբսիդավորման կարգը: Նաև հանձնարարել էր ուսումնասիրել փոքր ու միջին բիզնեսի վրա հնարավոր հետևանքները:

Համարյա վեց ամիս հետո այդ օրենսգրքի նախագիծը նորից հայտնվեց կառավարության նիստում: Նորից հավանության արժանացավ և ուղարկվեց խորհրդարան: Նախագիծը պաշտոնապես խորհրդարան հասավ ապրիլի 15-ին: Մեր խորհրդարանը միշտ էլ հայտնի է եղել իր աշխատանքի հարվածային տեմպերով: Նոր օրենսգրքի նախագծի հետ կապված դեպքերը ևս բացառություն չեն: Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 15-ին, նախագիծը հավանելու մասին հայտարարեց ԱԺ աշխատակազմի Իրավաբանական վարչությունը: Դրանից մեկ շաբաթ հետո նախագիծը հավանեց ԱԺ աշխատակազմի Տնտեսագիտական վարչությունը: ԱԺ պաշտոնական տարեգրությունը լռում է, թե այն երբ արժանացավ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:

Բայց այդ հանձնաժողովի անդամներն էլ հաստատ տեսել ու հավանել էին օրենսգրքի նախագիծը: Որովհետև հունիսի 6-ին այն ընդգրկվեց նստաշրջանի օրակարգ: Հենց նույն օրն այն հայտնվեց նաև քառօրյա նիստերի օրակարգում: Քաղաքում տարածված լուրերի համաձայն՝ մի քանի կիլոգրամանոց ու մոտ հազար էջանոց նախագիծը հավանաբար բաժանվեց մեր խորհրդարանականներին: Խորհրդարանականներից նրանք, ովքեր սովորաբար փորձում են կարդալ քննարկման դրված օրինագծերը, բողոքեցին, որ չեն հասցնում ծանոթանալ այդ նախագծին: Բայց հունիսի 16-ին այն արդեն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Քվեարկության արդյունքները բավական պերճախոս են:

68 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ: Կողմ ձայների քանակից կարելի է հասկանալ, որ իշխող կուսակցությունը կրկին միայնակ է մնացել: Կոալիցիայի անդամ ՀՅԴ-ականները հայտարարել էին, որ ձեռնպահ են մնալու և առանձին փաթեթով ներկայացնելու են իրենց առաջարկները: Դա ավելի թանձրացրեց խորհրդավորության այն շղարշը, որն ուղեկցում էր նախագծի կառավարական և խորհրդարանական քննարկումների ընթացքին: Հավանաբար, այդ խորհրդավորությունը պահելու ազնիվ մղումով է բացատրվում այն, որ Հարկային օրենսգրքի նախագիծը միակն է, որի էլեկտրոնային հասցեն ակտիվ չէ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում: Հետևաբար՝ անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ անձամբ ծանոթ չեմ նախագծի տեքստին:

Փոխարենը՝ հետևել եմ պետական բարձր պաշտոններ չզբաղեցնող տնտեսագետների գնահատականներին: Հետևել ու դրական գնահատական չեմ տեսել: Ամենատարածված կարծիքի համաձայն՝ այս օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո միայն եկամտահարկի փոփոխությունների պատճառով մեծանալու է տնտեսության ստվերային հատվածը: Պատճառն այն է, որ եկամտահարկի համակարգ ներմուծվելու է իր բնույթով սոցիալիստական, հետևաբար՝ շատ տնտեսագետների համար մերժելի հարկման «պրոգրեսիվ» համակարգը:

Կարելի էր կարծել, թե մինչ այս գործող համակարգը բոլոր աշխատավարձերից նույն գումարն էր գանձում, իսկ հիմա առաջարկում են ավելի շատ հարկել բարձր աշխատավարձ ստացողներին: Գործող օրենքի համաձայն՝ բարձր աշխատավարձ ստացողը, բնականաբար, ավելի շատ էր եկամտահարկ մուծում, քան ցածր աշխատավարձ ստացողները: Բայց նախագծի ընդունումից հետո բարձր վարձատրվողներն ավելի շատ կհարկվեն: Փորձագետների կարծիքով՝ դա առաջին հերթին՝ հարվածելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցներին: Տարիներ շարունակ մենք հավատում էինք այն կեղծ առասպելին, որ Հայաստանն էժան աշխատուժ ունի: Իսկապես ՏՏ ոլորտի մեր աշխատուժի արժեքը համադրելի չէ արևմտյանի հետ: Հենց այս պատճառով էլ արևմտյան շատ ընկերություններ գրասենյակներ էին բացում Հայաստանում: Հիմա նոր օրենսդրությունը հավանաբար 5 և ավելի տոկոսով կթանկացնի աշխատուժի արժեքը ՏՏ ոլորտում: Իսկ դա կարող է վերակողմնորոշել արևմտյան գործընկերներին: Բայց սա նոր օրենսգրքի միակ սպառնալիքը չէ:

Որոշ փորձագետներ ավելի խիստ ու բացասական հետևանքներ են կանխագուշակում: Հավանաբար, այս տխուր մտքերը ցրելու պատճառով հանրահայտ Սակագնային հանձնաժողովն օրենսգրքի առաջին ընթերցմանը համարյա միաժամանակ հայտարարեց օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի նվազման մասին: Էլեկտրաէներգիան էժանանալու է թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի համար: Ըստ հայտարարության, 5,9 տոկոսի չափով է էժանանալու: Շա՞տ է սա, թե՞ քիչ, դատեք ինքներդ: Ես պարզապես Ձեր ուշադրությանը կներկայացնեմ համարյա պաշտոնական բացատրություն: Միջին երևանյան ընտանիքն ամսական օգտագործում է 200 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Հետևաբար՝ յուրաքանչյուր ընտանիք օգոստոսի 1-ից հնարավորություն կստանա մոտ 500 դրամ խնայել: Ամսական: Ահագին բան է, օգոստոսյան սպասվող շոգերին կարելի կլինի մեկ գավաթ գարեջուր խմել երևանյան որոշ սրճարաններում՝ ի փառս Սակագնային հանձնաժողովի: Կամ ավելի բարի նպատակներով օգտագործել այդ հսկայածավալ խնայողությունը: Անկեղծ ասած, ինքս էլ դեռ չեմ որոշել, թե ինչպես եմ տնօրինելու ամեն ամիս 500 դրամը: Գուցե կարելի է ետ գցել սև օրվա, կամ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո օգտագործելու համար:

Տեսանյութեր

Լրահոս