«Շատ հայ բժիշկների գիտելիքները չեն զիջում մեր գերմանացի կոլեգաների գիտելիքներին»
Շարունակելով փնտրել և գտնել աշխարհի տարբեր երկրներում սովորող հայ ուսանողներին, «Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքում այս անգամ ներկայացնում ենք երիտասարդ բժիշկ-ուռոլոգ Արման Ծատուրյանի պատմությունը:
Արմանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան՝ ստանալով բժշկի որակավորում: Սովորել է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության դպրոցում (School of Public Health, AUA), և ստացել հանրային առողջապահության մագիստրոսի դիպլոմ: Այժմ DAAD-ի տասն ամսվա գիտահետազոտական ծրագրի շրջանակներում գտնվում է Գերմանիայում, Հեյդերբերգ քաղաքում:
«Գաղտնի չէ, որ Գերմանիայում բժշկությանը և առհասարակ գիտությանը մեծ տեղ է տրվում: Ուռոլոգիա մասնագիտությունը բացառություն չէ: Գերմանիայում են գտնվում Եվրոպայի և աշխարհի հայտնի համալսարաններից մի քանիսը: Հեյդերբերգի համալսարանը Գերմանիայի ամենահին համալսարանն է համարվում: Նման համալսարանում ստացած գիտելիքներն ու փորձն անփոխարինելի են: Բնական է, որ նման համալսարանը շատ գրավիչ է վերելք փնտրող ուսանողների համար: Վաղուց էի տեղյակ DAAD-ի կրթաթոշակների մասին: Արդեն 2010թ. մեկ ամսով ստացել էի ամառային դասընթացների հաճախելուն ուղղված կրթաթոշակ ԴԱԱԴ-ի կողմից: Այս անգամ հույս ունեի և, ինչպես ցույց տվեց կյանքը՝ հույսերս արդարացան, դիմել և արժանանալ ԴԱԱԴ-ի կրթաթոշակին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա:
Արմանը պատմում է, որ Գերմանիայում հենց առաջին օրվանից անցել է ակտիվ աշխատանքի. «Այստեղ ինձ հովանավորող պրոֆեսորների աջակցությամբ թույլտվություն ստացա, բացի գիտական աշխատանքների իրականացումից՝ մասնակցել նաև Հեյդերբերգի համալսարանական կլինիկայի ուռոլոգիայի բաժամունքի կլինիկական աշխատանքներին: Աշխատանքային կյանքը բավականին ծանրաբեռնված է: Օրը սկսվում է ինձ համար առավոտյան ժամը 7-ին՝ շրջայցով, որից հետո սկսվում են վիրահատություններ, որոնցում ունենում եմ կայուն մասնակցություն: Վիրահատարաններում օրս վերջացնելուց հետո գործս շարունակում եմ Գերմանիայի Քաղցկեղի ազգային կենտրոնում (National Tumor Center), որը նույնպես տեղակայված է Հեյդերբերգ քաղաքում: Հետազոտությունս նվիրված է երիկամի քաղցկեղով հիվանդ մարդկանց ռիսկի գործոնների հայտնաբերմանը և հետվիրահատական համապատասխան բուժման առավելագույնս արդյունավետ կազմակերպմանը:
Օրս վերջանում է համալսարանի՝ վիրաբույժների համար հատկացված ուսուցման կենտրոնում (Laparascopic Training Center), որտեղ պրակտիկ հմտություններս եմ մարզում լապարասկոպիկ վիրաբուժության մեջ»:
Նրա խոսքով՝ Հեյդերբերգն ուսանողական քաղաք է, որի բնակչության մեծ մասը, ինչպես՝ Գերմանիայից, այնպես էլ՝ տարբեր երկրներից եկած ուսանողներ են. «Նման քաղաքներում ուսանողների համար ստեղծված են բոլոր պայմաններն ուսումը և հանգիստը լիարժեք կազմակերպելու համար: Ուսումը Գերմանիայում անվճար է: Ամբողջ արդի գրականությունն ուսանողներին և բժիշկներին մատուցվում է անվճար: Հիվանդանոցները հագեցված են ամենավերջին սարքավորումներով: Գործում է համընդհանուր ապահովագրության համակարգ, որը հիվանդներին հնարավորություն է տալիս դիմել բժշկին յուրաքանչյուր անհանգստացնող խնդրի դեպքում: Սպասելի է, որ նմանատիպ հիվանդանոցներում տրամադրվող բուժման ծավալը որոշ դեպքերում նաև որակով տարբերվում է Հայաստանից»:
Սակայն, նա ընդգծում է՝ Հայաստանում բժիշկների կողմից մարդկային հոգատար վերաբերմունքը շատ հաճախ բուժիչ դեղամիջոցի է նման. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ շատ հայ մասնագետների գիտելիքները չեն զիջում մեր գերմանացի կոլեգաների գիտելիքներին: Դրանում համոզվեցի այն ժամանակ, երբ տեսա, որ Հայաստանում ինձ մատուցված գիտելիքները մրցունակ են նաև այստեղ, քանի որ գերմանացի պրոֆեսորները մեծ հարգանքով են մոտենում այն ուսանողներին, ովքեր ունեն մտքի բարձր թռիչք և անսասան կամք»:
Հիշելով Մարկ Տվենի խոսքերը՝ կյանքը շատ կարճ է գերմաներենը սովորելու համար, Արմանը նշում է, որ կյանքը կարճ է բժշկությունը սովորելու համար. «Բժշկությունը յուրահատուկ մասնագիտություն է, որը հնարավոր չէ ուսումնասիրել միայն կարդալով. բժշկությունը սովորում են հիվանդի անկողնու կողքին: Յուրաքանչյուր բժիշկ ուսումն արտերկրում կազմակերպելու պայմաններում կօգտվի հետևյալ առավելություններից. նոր տեխնոլոգիաների և նոր մոտեցումների ուսուցում, հիվանդների մեծ քանակ, քիչ հանդիպող հիվանդությունների ուսումնասիրում: Հաշվի առնելով նշված գործոնները, անհրաժեշտ եմ համարում ժամանակ առ ժամանակ այլ երկրներում վերապատրաստում անցնելը: Ինքս վարվելու եմ այդպես ու փորձելու եմ միշտ աշխարհի բժշկության կյանքի ռիթմի մեջ մնալ՝ չսահմանափակելով ինձ միայն Գերմանիայով»:
Նրա խոսքով՝ օտար երկրում գտնվելն ունի նաև այլ առավելություններ. «Մարդը հնարավորություն է ստանում ծանոթանալու ուրիշ մշակույթների, լեզուների և մարդկանց հետ: Բնականաբար, այս ընթացքում ձեռք եմ բերել նոր կապեր, բարելավել լեզվիս իմացությունը և ճանապարհորդել տարբեր երկրներով, եղել եմ տարբեր վայրերում, որոնց մասին միշտ երազել եմ»:
Երիտասարդ բժիշկը նկատեց՝ նմանատիպ ծրագրերը բազմաթիվ են. «Շատ դեպքերում ուսանողները տեղյակ չեն լինում դրանց մասին: 21-րդ դարում ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան ինտերնետում է: Միակ սահմանափակող գործոնը միջազգային լեզվի իմացությունն է: Այն հարցին, թե ինչպես կարելի է արտերկրում սովորել կամ վերապատրաստում անցնել, պատասխանս նույնն է՝ պետք է սկսել որևէ միջազգային օտար լեզվի ուսումնասիրությունից: Ներկայումս դա այն բանալին է, որը կարող է բացել ցանկացած դուռ, անգամ, եթե այդ դռների մասին դուք տեղյակ չեք: Բոլոր մարդկանց ընձեռվում են որոշակի հնարավորություններ կյանքում, պետք է բաց լինել, որպեսզի կարողանաս առավելագույնս օգտվել ընձեռված հնարավորություններից»:
Նա համոզված է, որ Հայաստանում կան շատ հնարավորություններ՝ ստացած գիտելիքները ներդնելու և դրանք հայ ժողովրդին մատուցելու համար. «Մտադիր եմ ծրագրի ավարտից հետո վերադառնալ Հայաստան: Տեղյակ լինելով Հայաստանում ուռոլոգիայի ոլորտում առկա խնդիրների և բացերի մասին, մտադիր եմ լրացնել այդ բացերը: Ձգտում եմ մշտապես կատարելագործել իմ գիտելիքները և հմտությունները, մասնակցել տարբեր վերապատրաստումների, դասընթացների և կոնֆերանսների, և այս կերպով բարելավել հիվանդներին տրամադրվող բուժական ծառայությունների որակը»: