Ինչպիսին կլինի 2016 տնտեսական տարին՝ ըստ Կենտրոնական բանկի

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Գնաճի հաշվետվությունն ու 2016թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը։ Բացի 2015 թվականի տնտեսական պատկերի վերլուծությունից՝ ԿԲ մասնագետներն այս զեկույցում նաև կանխատեսումներ են անում տնտեսական հեռանկարների վերաբերյալ։

Ըստ ԿԲ-ի՝ համաշխարհային տնտեսության զարգացումների հետ կապված ռիսկերը, նախորդ կանխատեսումների համեմատ, հիմնականում պահպանվել են։ Շարունակում են արդիական մնալ հումքային և պարենային ապրանքների ցածր գների պահպանման դրական ռիսկերը, որոնք կնպաստեն համաշխարհային պահանջարկի աճին։

Սա պայմանավորված է, նախևառաջ՝ Չինաստանի տնտեսության աճի կտրուկ դանդաղեցմամբ, որի ռիսկերը ևս պահպանվել են։ Դա կարող է հանգեցնել համաշխարհային պահանջարկի էլ ավելի կրճատմանը, ինչն էլ, իր հերթին, հումքի և պարենի միջազգային գների նվազման ռիսկեր կառաջացնի։

Հենց այս պատճառով էլ ԿԲ-ն արդյունաբերության ճյուղի վերաբերյալ կանխատեսումները վերանայել է նվազման ուղղությամբ՝ հիմնականում պայմանավորված հանքահումքային ապրանքների միջազգային գների սպասվող ցածր մակարդակներով։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցի՝ արդյունաբերությունը հունվարին (2015-ի հունվարի համեմատ) 15.7% աճ էր գրանցել, ինչը ոմանց մոտ լավատեսական տրամադրություններ առաջացրեց։ Սակայն Կենտրոնական բանկը 2016 թվականին արդյունաբերության ճյուղում կանխատեսում է ավելացված արժեքի 1.3-2.1% աճ՝ շեշտելով, որ դա բավականին ցածր է ոլորտում արձանագրված հետճգնաժամային միջին աճից։

«Ոլորտի դանդաղ աճը կպայմանավորվի հանքարդյունաբերությունում 2015 թվականին ձևավորված հագեցվածության բարձր մակարդակի արդյունքում հավելյալ աճի հնարավորությունների սահմանափակումներով, հանքահումքային մետաղների գների նվազմամբ, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության ոլորտից դեպի ՌԴ շուկաներ արտահանման ոչ բարենպաստ պայմանների պահպանմամբ»,- նշվում է փաստաթղթում։

Շինարարության ոլորտը, որը հունվարին 5.1% աճ է գրանցել, ԿԲ-ին լավատեսություն չի ներշնչում։

Փաստաթղթում նշվում է, որ տնտեսության ոչ արտահանելի հատվածում պահպանվող ներդրումային ցածր ակտիվության, ինչպես նաև ՌԴ-ից դրամական փոխանցումների նվազման պայմաններում սպասվում է կազմակերպությունների և բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների կրճատում։ 2016 թվականին շինարարության ավելացված արժեքի փոփոխությունն ակնկալվում է -0.8-ից 0.2%-ի շրջանակում։

Ծառայությունների ոլորտում 2016 թ. ավելացված արժեքի կանխատեսումներն էականորեն չեն փոխվել (1.8-2.4%), որը դեռևս ցածր է վերջին տարիներին արձանագրված միջին աճից։ Կենտրոնական բանկն այս ոլորտում աճի սպասվող դանդաղ տեմպերը պայմանավորել է 2016 թվականին ներքին պահանջարկի դեռևս թույլ մակարդակով, ինչի հետևանքով կրկին սպասվում է առևտրի ծավալների կրճատում՝ 2015 թվականի համեմատ՝ ավելի քիչ ծավալով։

Փոքր-ինչ լավատեսություն է նկատվում միայն գյուղատնտեսության ոլորտում։ Ավելացված արժեքի կանխատեսումները նախորդ կանխատեսումների համեմատ ճշգրտվել են փոքր-ինչ աճի ուղղությամբ։ Վերանայման համար հիմք են ծառայել չորրորդ եռամսյակում անասնապահության՝ սպասվածի համեմատ ավելի բարձր աճը, ինչպես նաև՝ ոլորտում նկատվող արտահանման ներուժի ավելացումը։ Արդյունքում՝ ճյուղի ավելացված արժեքի իրական աճը 2016 թվականին կկազմի 4.2-5.0%։

Արտաքին աշխարհից և հատկապես՝ ՌԴ-ից եկող ռիսկերը, ըստ Կենտրոնական բանկի, կպահպանվեն։ Ճիշտ է, 2015 թվականի 4%-ի փոխարեն՝ 2016-ին ՌԴ տնտեսության անկումը կլինի 1.8%, սակայն դրանից, մեծ հաշվով, շատ բան չի փոխվում։

Ըստ ԿԲ մասնագետների՝ Ռուսաստանի տնտեսության անկման նոր կանխատեսումներով և ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ տարվա ընթացքում ակնկալվում է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների դոլարային արժեքի՝ նախորդ կանխատեսման համեմատ՝ ավելի մեծ նվազում (9.0-12.0%), որը կանդրադառնա ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման, հետևաբար և՝ մասնավոր սպառման նվազման վրա։ Ներքին պահանջարկը, ըստ ԿԲ-ի, կնվազի 1.6%-ով։

Արտաքին առևտրաշրջանառության հետ կապված՝ ԿԲ կանխատեսումներն այսպիսին են. 2016 թվականին ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կանխատեսվում է 2.0-4.0% միջակայքում՝ արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերում ակնկալվող չափավոր աճի շնորհիվ։ Իսկ ապրանքների և ծառայությունների իրական ներմուծումը 2016 թվականին կնվազի 6.0-8.0%-ով՝ պայմանավորված թույլ պահանջարկով։

Հաշվի առնելով նաև 2016 թվականին ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների ակնկալվող թույլ վերականգնումը, հանքահումքային գների ցածր մակարդակը, ինչպես նաև՝ հանքարդյունաբերության ոլորտում հագեցվածության բարձր աստիճանը, որը ձևավորվել է 2015 թվականին, Կենտրոնական բանկը 2016 թվականին տնտեսական աճը գնահատում է 1.5-2.6%։ Հիշեցնենք, որ 2016 թվականի պետբյուջեի հիմքում դրված է 2.2% տնտեսական աճ։ Այսինքն՝ ԿԲ գնահատականը համահունչ է կառավարության կանխատեսմանը՝ ի տարբերություն 2015 թվականի, երբ կառավարությունը կանխատեսում էր 4.1% աճ, ԿԲ-ն՝ 0.6-2%։

Միջնաժամկետ հեռանկարում Կենտրոնական բանկն ավելի լավատես է։ ՀՀ տնտեսությունում ներքին պահանջարկի աստիճանաբար վերականգնումը, արտահանմանն ու ներդրումների խթանմանն ուղղված՝ Կառավարության ծրագրի արդյունավետ իրագործումը, արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավումը և կառուցվածքային բարեփոխումներն այն գործոններն են, որոնց ազդեցությամբ տնտեսական աճը 2017 թվականից կարագանա և կանխատեսվող հորիզոնի վերջում կկազմի 3.0-4.5%։

Իսկ ՀՀ տնտեսական աճի երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակը գնահատվում է 4-5%։ Ընդ որում, ԿԲ-ն հատուկ նշում է, որ գնահատված ՀՆԱ երկարաժամկետ աճի տեմպը կարող է նվազել, եթե կառուցվածքային բարեփոխումները դանդաղ ընթանան, և տնտեսության արտահանելի հատվածում ներդրումները զգալիորեն չավելանան։

Տեսանյութեր

Լրահոս