Գործերը լավ չեն
Այն բանից հետո, երբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանից մեծ քանակությամբ ՏՏ մասնագետներ ու ընկերություններ տեղափոխվեցին Հայաստան, ոլորտում բարձր աճեր արձանագրվեցին։ Դա իր ուղղակի ազդեցությունն ունեցավ՝ ինչպես ճյուղի, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության վրա։ Չնայած դրանք այնքան էլ կապված չէին մեր տնտեսության բուն զարգացումների հետ, այնուհանդերձ մեծապես նպաստում էին բարձր տնտեսական աճերի ապահովմանը։
Սակայն վերջին շրջանում այստեղ էլ իրավիճակը սկսել է արագորեն փոխվել։
ՏՏ-ում ևս, ինչպես տնտեսության բազմաթիվ ճյուղերում, գործերը լավ չեն, անկում է գրանցվում, մասնագետների արտահոսք է տեղի ունենում։
Պետական բյուջեի հաշվին ամեն տարի կառավարությունը հսկայական գումարներ է ծախսում ՏՏ աջակցության համար։ Բայց գումարներն իրենց նպատակին չեն ծառայում։
Անցած տարի 10 մլրդ դրամ՝ գրեթե 25 մլն դոլար տվեցին, պարզվեց՝ օժանդակություն ստացած ընկերությունների մի մասը սնանկացել են, փակվել են, չեն աշխատում։ Փողեր են տվել անգամ լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների, որոնք փողը ստանալուց հետո լուծարվել են։
Ոչ մեկն այդպես էլ պատասխանատվություն չկրեց հարկատուների փողերը վատնելու, փոշիացնելու, անարդյունավետ ծախսելու համար։ Ինչպես միշտ, ծածկադմփոց արեցին, գնաց։
Այս տարի էլ որոշել են 5 միլիարդ դրամ կամ ավելի քան 12 մլն դոլար տալ։
Ո՞ւր են գնում այդ գումարները, ինչպե՞ս են ծախսվում, ի՞նչ արդյունք են տալիս, ոչ մի հաշվետվություն ու բացատրություն չկա։
Այսքանից հետո, զարմանալի չէ այն, ինչ տեղի է ունենում. պաշտոնական տվյալները վկայում են, որ այս տարվա առաջին եռամսյակում ՏՏ-ում բավական մեծ անկում է արձանագրվել։ Թողարկումը 8,3 տոկոսով կրճատվել է՝ կազմելով 93 մլրդ դրամ։ Անցած տարի անցնում էր 101 միլիարդից։
Անկումը կապված է ճյուղի հիմնական գործունեության հետ։ Խոսքը ծրագրային ապահովման մշակման և հարակից գործունեության մասին է, որտեղ էլ տեղի է ունեցել անկումը։
Անկումը շատ ավելի մեծ է եղել մարտին։ Պաշտոնական տվյալներով, այդ ամսին ճյուղի թողարկումը նախորդ տարվանից պակասել է գրեթե 15 տոկոսով։
Անկման տեմպը տարեսկզբի նկատմամբ խորացել է։ Մինչև ո՞ւր կհասնի, կերևա առաջիկայում։
Դժվար չէ հասկանալ, որ արտադրության ծավալների անկմանն աստիճանաբար հաջորդելու է աշխատատեղերի կրճատումը։ Ու չնայած ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե նման երևույթներ չկան, ՏՏ աշխատողները Հայաստանից գլխապատառ չեն հեռանում, ճյուղը ոչ միայն հայտնվել է անկման մեջ, այլև աշխատատեղերն են կրճատվել։
«Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի։
2024 թվականի փետրվարին, 2023 թվականի փետրվարի նկատմամբ, ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք, աճը շատ մեծ չէ, բայց, այնուամենայնիվ, աճում է»,- ի պատասխան հնչող մտահոգությունների՝ վերջերս կառավարության նիստում ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ ինչպես միշտ, աղճատելով ու խեղաթյուրելով իրականությունը։
ՏՏ-ում աշխատատեղերի կրճատման միտումները սկսեցին ի հայտ գալ անցած տարվա վերջից։ Նոյեմբերին արձանագրվեց առաջին անկումը։ Այդ ամիս աշխատատեղերն ավելի քան 650-ով կրճատվեցին։ Զբաղվածների թիվը 2 տոկոսով պակասեց։
Միտումն ավելի խորացավ դեկտեմբերին։
Պաշտոնական տվյալներով, եթե ոչ վաղ անցյալում ՏՏ-ում ավելի քան 33,1 հազար մարդ էր աշխատում, դեկտեմբերին նվազեց՝ հասնելով գրեթե 32 հազարի։
Այս տարի ավելի քիչ է։ Մարտի տվյալներով, 31,8 հազարի շրջանակներում է։
Խոսքը պետական ու մասնավոր հատվածում զբաղվածներին է վերաբերում։ Թեև պետականում զբաղվածների թիվը մեծ չէ՝ 400-ի էլ չի հասնում։
Աշխատատեղերի քանակը ՏՏ-ում անցած տարվա վերջերից սկսել է կրճատվել։ Ու չնայած նախորդ տարվա սկզբի համեմատ, դեռ մի փոքր աճ պահպանվել է, եթե կարելի է 0,2 տոկոսը աճ համարել, դա ամենևին չի նշանակում, թե մասնագետները Հայաստանից չեն հեռանում։ Հեռանում են, այն էլ՝ ոչ միայն հարյուրներով, այլև հազարներով։ Ու դրա հիմնական պատճառն այն քաղաքականությունն է, որն իրականացնում են Հայաստանի իշխանությունները՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ ֆինանսական ոլորտում։ Ազգային արժույթի ամրապնդումը, նաև տնտեսական ու սոցիալական իրավիճակը դարձան այն հիմնական պատճառը, որ տեղափոխված մասնագետները սկսեցին հեռանալ Հայաստանից։
Մի կողմից՝ դրամն է ամրապնդվում, մյուս կողմից՝ կյանքն է թանկանում։ Ապրելը Հայաստանում դարձել է թանկ հաճույք նույնիսկ այնպիսի ոլորտի աշխատողների համար, ինչպիսին ՏՏ-ն է, որտեղ աշխատավարձերն անհամեմատ բարձր են. երեք-չորս անգամ բարձր, քան միջին աշխատավարձն է։
Սա է հիմնական պատճառը, որ մասնագետները հեռանում են Հայաստանից, գնում են այլ երկրներ։
ՏՏ-ում ոչ միայն արտադրության ծավալներն են կրճատվել, այլև արձանագրվել է աշխատավարձերի նվազում։
Չնայած այստեղ աշխատավարձերը շարունակում են բարձր լինել, այնուհանդերձ մարտին աշխատավարձերի անկում է գրանցվել։ Միջին աշխատավարձը 2,5 տոկոսով նվազել է։ Նվազումը եղել է գերազանցապես մասնավոր հատվածում, որը ապահովում է հիմնական զբաղվածությունը։
Ակնհայտ է, որ բոլոր առումներով իրավիճակը ՏՏ-ում էլ սրվում է, ինչպես տնտեսության մյուս առանցքային ոլորտներում, որտեղ անկումն ավելի վաղ է սկսվել և գնալով ընդլայնվում է։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է այն արատավոր քաղաքականությունը, որն իրականացվում է տնտեսության ու հատկապես տնտեսության արտադրական հատվածի նկատմամբ։ Բոլոր հնարավոր միջոցներով ճնշում են, ինչն էլ բերել է նրան, որ տնտեսության դիմադրողականությունը գնալով թուլանում է, չի դիմանում մրցակցությանը, դուրս է մղվում, երբեմն էլ՝ հարկադրված տեղափոխվում այլ երկրներ։ Խոսքը միայն ՏՏ-ին չի վերաբերում։ Այլ ոլորտներում ևս կան նման միտումներ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ