Յուրաքանչյուր 45-60 րոպե աշխատելուց հետո հանգիստ տվեք աչքերին
Խստորեն պահպանեք աչքերի հիգիենան. յուրաքանչյուր 45-60 րոպե աշխատելուց հետո հանգիստ տվեք աչքերին, այդ ընթացքում կատարելով հատուկ վարժություններ.
ա) փակեք աչքերը 15-20 վայրկյան և բացեք։ Հայացքը մոտիկից փոխադրեք հեռուն։ Ժամանակ առ ժամանակ նայեք հեռու (գերադասելի է` որևէ կանաչ առարկայի),
բ) 30-45 վայրկյան կկոցեք աչքերը, հետո փակեք և հանգստացեք,
գ) աչքերը պտտեք երկու ուղղությամբ,
դ) նայեք մեկ աջ, մեկ ձախ։
Հոնքերը քաշելուց առաջ դրանք ծածկեք ճարպային քսուքով։ Մաշկը փակվում է, ծակոտիները բացվում են, եւ դուք ցավ չեք զգա։ Վերջում այդ տեղն ախտազերծեք օդեկոլոնով կամ սպիրտով։
Սեւաներկից (տուշ) թարթիչները կպչում են իրար։ Դրանք կարելի է միմյանցից բաժանել փոքրիկ խոզանակով, քանի դեռ տուշը չի չորացել։
Թերթերունքները, ինչպես նաեւ հոնքերը, աչքերը պաշտպանում են փոշուց, կեղտից։ Բացի այդ, գեղեցկացնում են աչքերը։
Վերին կոպի թերթերունքներն ավելի խիտ են, աճում են 3-4 շարքով, իսկ ներքեւի կոպի թերթերունքները նոսր են` 1-2 շարք։
Թերթերունքներն ապրում են 150-200 օր եւ թափվում, դրանց փոխարեն աճում են նորերը։
Կոպերի բորբոքումների ժամանակ թերթերունքների աճը կարող է կանգնել։ Դրանք դառնում են կոտրատվող, կարող են ընդհանրապես թափվել։ Այդ շրջանում վնասակար են տարբեր քիմիկատներ պարունակող գեղահարդարման միջոցները։
Որպեսզի թերթերունքները լավ աճեն, խորհուրդ է տրվում երեկոյան, լվացվելուց հետո, թերթերունքներին քսել մի փոքր տաքացրած գերչակի, նշի, դեղձի յուղ։ Առաջարկվում է 2 քսուք. 50 գր. դեղին վազելին, 45 գր. գերչակի յուղ, 1 գր. թույլ պարաֆին, կամ` 10 գր. գերչակի յուղ, 20 գր. գլիցերին եւ 20 գր. գինու սպիրտ։ Այս քսուքները հարթեցնում են թերթերունքները և փայլ տալիս դրանց։
Թերթերունքների աճն արագացնելու համար ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս տարվա մեջ 3 անգամ թերթերունքների ծայրերը կտրել սղոցանման մկրատով։
Եթե թերթերունքները թափվել են որևէ հիվանդության պատճառով, բուժման հետ զուգահեռ պետք է ամեն երեկո դեմքը սրբել երիցուկի եփուկով, իսկ թերթերունքների արմատներին քսել նշի, ձիթապտղի յուղ կամ սագի տաքացրած ճարպ։
Հաճախ կարելի է հանդիպել երիտասարդ կանանց, որոնց աչքերի տակ կնճիռներ են հայտնվել։ Պատճառները կարող են տարբեր լինել. սրտանոթային համակարգի կամ լյարդի հիվանդությունները, նյարդային կամ էնդոկրին համակարգի ֆունկցիաների կամ ընդհանուր նյութափոխանակության խախտումները։ Նման դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։