Ավելի շուտ կարող է հայտարարություններին հասնեն, քան սկսեն գործը. Իրանցի պաշտոնյան՝ Իրան-Հայաստան երկաթգծի մասին
Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կարելի է համեմատել հերթական մեծ ու գեղեցիկ նախագծերի հետ, որոնց իրականացումը, սակայն, հեքիաթի ժանրից է: ՀՀ կառավարությունը ոչ մի կերպ չի գտնում անհրաժեշտ չափով ներդրումներ երկաթուղու կառուցումը սկսելու համար:
Ֆինանսական ռեսուրսների փնտրտուքի հաջողության հույսով հարցը ոչ մեկ անգամ բարձրացվել է ԵՏՄ տարբեր հանդիպումների ու համաժողովների ժամանակ, Չինաստանում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցի ժամանակ, և այլն: Բայց նախագիծը տարիներ շարունակ մնում է թղթի վրա:
Արևմուտքի պատժամիջոցների վերացման հետ մեկտեղ ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում իրանական կողմը: Իրանի առևտրաարդյուբերական պալատի նախագահ Մոհսէն Ջալալփուրն այսօր Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում խիստ կարևորեց երկաթգծի կառուցումը:
«Իրանի երկաթգիծը Բենդարաբասի նավահանգստից կմիանա Հայաստանի երկաթգծին և դա էլ կշարունակվի մինչև Սև ծով»,- ասաց Մ.Ջալալփուրը: Սակայն թե ե՞րբ կսկսվի երկաթգծի կառուցման գործնական փուլը, Մ.Ջալալփուրը դժվարացավ պատասխանել. «Երկու կողմից պետք է շատ գործ կատարվի և, դա դիտարկելով, կարծում եմ, որ առայժմ ավելի շուտ կարող է հայտարարություններին հասնեն, քան սկսեն գործը»: