Բաժիններ՝

«Որպես արվեստագետ՝ ես իրավունք ունեմ երազել». Ռուբեն Գինեյ

Վերջերս հայ ռեժիսոր Ռուբեն Գինեյը (Գասպարյան) արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին արվեստի բնագավառում` «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի համար։ Պրեմիերան կայացել էր դեռևս անցյալ տարի` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Ֆիլմը Մեքսիկայի, Չինաստանի, Ֆրանսիայի համատեղ արտադրության է։ Աշխատել են 6 երկրների, այդ թվում` Հնդկաստանի, Ղրղըզստանի, Հայաստանի, Ռուսաստանի ներկայացուցիչներ։

Ի՞նչ ազդեցություն ունեցավ նախագահի մրցանակը ֆիլմի ճակատագրում։ Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ֆիլմի ռեժիսորի հետ։

Ռուբեն Գինեյը (Գասպարյան) ծնվել է Երևանում, այժմ բնակվում է Շանհայում։
Մինչև միջնակարգ դպրոցն ավարտելը սկսել է հաճախել Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ 2002 թ.. ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ՎԳԻԿ)։ Եղել է այնպիսի ռուս ռեժիսորների կրտսեր օգնականը, ինչպիսիք են Նիկիտա Միխալկովը և Իգոր Մասլեննիկովը։ 2005թ. տեղափոխվել է Չինաստան, որտեղ աշխատանքի է անցել «Kuiyou Production House» միջազգային գովազդային ընկերությունում` որպես գեղարվեստական ղեկավար։

– Բազմիցս պատասխանել եք այն հարցին, թե ինչո՞ւ եք փոխել Ձեր ազգանունը։ Ի՞նչ եք կարծում` մարդու անվան կամ ազգանվան փոփոխությունն ազդո՞ւմ է նրա ճակատագրի վրա։

Կարդացեք նաև

Giney (4)

– Կարծում եմ, միայն այն դեպքում, երբ մարդ ինքն է հավատում դրան։ Կյանքի մեծ մասն անցկացնելով Չինաստանում, որտեղ մարդիկ կարող են ունենալ հինգ կամ ավելի անուններ (հիշենք չինական կայսրերին), հասկանում ես, թե որքան ճկուն կարող է լինել մարդու անվան հետ կապված առասպելը և, հավանաբար, նրա ճակատագիրը։ Օրինակ` մինչ այսօր Չինաստանի որոշ հատվածներում երեխաներին տալիս են սկզբից մեկ անուն (ոմանք` նույնիսկ հակառակ սեռի), որպեսզի, ինչպես կարծում են` խաբեն մահին, իսկ մեծանալիս երեխաները վերցնում են ուրիշ անուններ։

– Հարցազրույցներից մեկում նշում եք. «Այս բոլոր ճանապարհորդությունների հետևանքն, ասես խմած մարդու կյանք լինի»։ Ի՞նչ նկատի ունեիք։

– Երբևէ ունեցե՞լ եք առիթ՝ չքնել 4-5 օր։ Փորձեք։ Վստահեցնում եմ, որ աշխարհին գինովցած մարդու աչքերով կնայեք։ Իհարկե, հոգնածությունից գինովցած։ Երբ նկարահանումները համընկնում են ճանապարհորդության հետ, երբ երկուշաբթի օրը գտնվում ես Մեքսիկայում, որտեղ կեսօր է, իսկ երեքշաբթի հայտնվում ես Սանկտ Պետերբուրգում, որտեղ նույնպես կեսօր է, և մի քանի ժամից ճանապարհ ես ընկնում Պեկին, որտեղ քեզ նորից կեսօրյա արևն է դիմավորում` հասկանում ես, թե ինչ հոյակապ իրավիճակում ես հայտնվել։ Աշխարհը հանկարծ սկսում է ճոճվել ոտքերիդ տակ։

Giney (6)

Giney (3)

– Ֆիլմի նկարահանումները մի քանի երկրներում են կայացել։ Առավել շատ ո՞ր երկրում էիք Ձեզ, բառիս դրական իմաստով, «խմած» զգում։

– Այդ շարքն ավարտող Փարիզում։

– Հսկայական աշխատանք եք տարել ֆիլմի ստեղծման համար։ Այսօր այն ոչ մի հեռուստաընկերություն չի՞ ցանկանում ցուցադրել։ Ինչո՞ւ։

– Ամեն ֆիլմ իր ճակատագիրն ունի։ Լինում են ֆիլմեր, որոնք ուժեղ են հենց պրեմիերայի ժամանակաշրջանում, բայց գնալով ուժը կորցնում են։ Կան ֆիլմեր, որոնք ժամանակն օգտագործում են ուժ հավաքելու համար։ «Անդինը» դրանց շարքին է պատկանում։ Ֆիլմը երիտասարդ է, ոչ ստանդարտ։ Պահանջվեց կես տարի, մինչև մենք առաջին մեծ առաջարկը ստացանք չինական CCTV-7 ալիքից, որը գնեց ֆիլմի իրավունքը` 13 երկրներում և մարզերում ցուցադրելու համար, այդ թվում` Ճապոնիայում, Թաիլանդում, Հնդկաստանում, Ֆրանսիայում և այլուր։

Giney (5)

– Եթե չեմ սխալվում, հարցազրույցներից մեկում նշում էիք, թե հնարավոր է ֆիլմը դարձնել բազմասերիանոց և հեռուստաեթերով այդ կերպ ցուցադրել։

– «Անդինն» այն կերպով, ինչպես ցուցադրվեց Հայաստանում և Կանադայում, կարելի է համարել ռեժիսորական տարբերակ։ Ես պարտավոր էի ֆիլմը հագեցնել այն բոլոր թարմ և սենսացիոն դրվագներով, որոնք ֆիլմին «էպիկ» ժանրի շարքին կմոտեցնեին, կպատմեին մեր հայրենակիցներին սեփական անհայտ պատմությունը` ասիական ամենահեռավոր երկրներում։ Ես ուղղակի իրավունք չունեի որևէ հատված թերի կամ մակերեսային ցույց տալու։ Ի վերջո, ֆիլմի իմաստը կլիներ ուրիշ։ Ես մեծ ռիսկի դիմեցի` պատրաստելով երկու ժամից ավելի տևողությամբ պատմական ֆիլմ` հագեցած երկու հազար տարվա հայ ժողովրդի քրոնիկոնով։

Giney (7)

Մտքումս ցանկացած ռեժիսորի համար սարսափելի պատկերներ ունեի, թե ինչպես են մարդիկ դահլիճը լքում։ Բայց միևնույն է, ես հստակ զգում էի, որ ճիշտ ուղու վրա եմ, որ ճիշտ ճանապարհը սա է։ Եվ միաժամանակ, եթե հիմա խոսենք եկամտի կամ ցուցադրման մասին, ապա «Անդինը» պետք է իրենից ներկայացներ «pilot» ֆիլմի տարբերակ, այսինքն` կաղապար, որից դուրս կգա ավելի թեթև և մատչելի ֆիլմ հեռուստատեսության համար։ Եվ այդպես էլ պատահեց։ Չինաստանում այս րոպեներին պատրաստվող նախագիծն իրենից կներկայացնի 6 մասից բաղկացած ֆիլմ, յուրաքանչյուրը` 35 րոպե տևողությամբ, ինչը խոսում է այն մասին, որ ֆիլմը կլինի մի քանի անգամ ավելի երկար, քան օրիգինալ «Անդինը», բայց միաժամանակ` մատչելի բոլորին։ Սա իդեալական ճակատագիր է։

– Վերջերս նախագահի կողմից մրցանակի արժանացաք, ինչի առիթով նաև շնորհավորում եմ։ Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար։

– Ճիշտ կլինի ասել, թե ինչ նշանակություն ունի այն ֆիլմի համար։ Ի վերջո, ես դեռ մրցանակ չեմ ստացել` ստացել է իմ երեխան` «Անդին. Հայոց ճանապարհորդությունների տարեգրություն» ֆիլմը։ Ի՞նչ է դա ֆիլմի համար։ Հույսով եմ, որ դա երկրորդ շունչ կլինի ֆիլմի համար, առաջին հերթին` Հայաստանում։ Պատկերացրեք, թե ինչ տարօրինակ երևույթ է, երբ հայերի մասին պատմական ֆիլմը ցուցադրվում է 13 երկրներում, բացի Հայաստանից։ Մրցանակը ֆիլմը ստացավ մի քանի օր առաջ։ Տեսնենք, թե որքան հեռու այն կարձագանքի։ Ցավոք, աշխարհը դարձել է չափից շատ աղմկոտ։ Միշտ չէ, որ լուրն իր ամբողջ պաշարով հասնում է ճիշտ մարդկանց և ժամանակին։

– Միայն անկեղծ, ինչպիսի՞ ընդունելություն էիք սպասում ֆիլմի համար Հայաստանում` նախքան ֆիլմի պրեմիերան։

– Երկու տարբերակ կար իմ պատկերացումով։ Կա՛մ ֆիլմը պիտի թնդար, կա՛մ ամբողջովին անտեսվեր։ Բայց անսպասելիորեն երրորդ տարբերակն առաջ եկավ` առաջին երկուսի խառնուրդը։ Ես դրան անկեղծ չէի սպասում և նույնիսկ խուսափում էի, որովհետև դա այն դեպքն է, որը քեզանից ամենաթանկ բանն է խլում` ժամանակը։ Եթե «Անդինը» ստացված չլիներ, մենք կգնայինք առաջ։ Եթե թնդար միանգամից, մենք կգնայինք առաջ, և արդեն հավանաբար մեր նոր նախագծի վրա աշխատելիս կլինեինք։ Բայց այն դեպքում, երբ ստիպված ես սպասել` ոչ մի առաջ գնալու հնարավորություն չկա։

– Ի՞նչ նախագծի շուրջ եք հիմա աշխատում։ Եվ ի՞նչն է Ձեզ այս անգամ բերել Հայաստան։

– Մի քանի տարի առաջ Պեկինի կինոստուդիան ինձ առաջարկեց սարսափ ֆիլմի սցենար գրել, և այնուհետև, եթե այն ընդունվեր ստուդիայի կողմից, ես պիտի այն նկարեի։ Բայց քանի որ այն ժամանակ ես արդեն սկսել էի աշխատել «Անդինի» վրա, նման հնարավորություն չկար։ Այժմ ինձ տեղեկացրին, որ սցենարը պատրաստ է, որի հեղինակն է հանրահայտ կինոռեժիսոր Ծյա Ջան Քե-ի աշակերտը։ Պեկինի կինոստուդիան նորից առաջարկեց ինձ զբաղվել այդ ֆիլմով։ Մյուս կողմից` երկար տարիներ ես մի գաղափար եմ փայփայում` նկարել Հայաստանի առասպելական աշխարհի հետ կապ ունեցող մի ֆիլմ, որովհետև մենք շատ քիչ բան գիտենք մեր նախնիների կենցաղի մասին։

Ամենատարրական հարցերը` խոհանոցի սպասքից` մինչև ծիսակարգը ներկայացնող մի ֆիլմ, որը կապ կհաստատեր 21 դարի և, ասենք` 15-րդ դարի հայկական ամենահասարակ ընտանիքների միջև։ Նրանց վախերը, երազանքները, խնդիրները և այդ խնդիրների որոշման ձևերը… Բայց այս գաղափարը երկար և լուրջ հետազոտություններ է պահանջում։ Եվս մեկ նախագիծ ինձ բերեց Հայաստան` այս անգամ` գիտական հոդվածների ժողովածու տպելու հնարավորությունը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում պարբերաբար դուրս էին գալիս հայ-չինական կապերի շուրջ իմ հոդվածները Հայաստանում, Չինաստանում և Լեհաստանում։ Այժմ նրանց քանակը թույլ կտա հրապարակել ժողովածու, որը, կարծում եմ, մեծ դեր կխաղա միջազգային գիտական ոլորտում` մանավանդ հիմա, երբ մի շարք երկրներ պատրաստվում են վերականգնել Մետաքսի Ճանապարհը։

Giney (1)– Լինելով Հայաստանում և քիչ թե շատ ծանոթ լինելով մեր իրականությանը, ըստ Ձեզ, ո՞րն է այն կարևորագույն հարցը, խնդիրը, որի մասին պետք է բարձրաձայնի արվեստագետը։

– Կարծում եմ` մենք քիչ ենք դաս քաղում պատմությունից։ Կողմնակի մարդուն կարող է մի պահ թվալ, թե հայերը շատ սերտ կապ ունեն իրենց պատմության հետ և պահպանում են ավանդույթները, բայց, ցավոք, դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Մակերեսային տեղեկությունները թույլ չեն տալիս մեզ հասկանալ մեր անցյալ սխալները և սովորել դրանց հիման վրա։ Իհարկե, այն, ինչ ես ասում եմ, ուտոպիա է թվում, բայց որպես արվեստագետ` ես իրավունք ունեմ երազել։

– Որքանո՞վ է արվեստի խոսքը լսելի և ունակ որևէ բան փոխելու հասարակության մեջ ծառացած խնդիրները։

– Սովորաբար հասարակություն փոխող յուրահատուկ արվեստի` վեպի կամ ֆիլմի պտուղները մի քիչ ուշացումով են հասնում մարդկանց գիտակցությանը։ Իհարկե, լինում են բացառություններ, ինչպես, օրինակ` Գարիետ-Բիչեր Սթոունը` Ամերիկայում, կամ Դիկկենսը` Բրիտանիայում։ Բայց մեծ մասն ուշանում է և վերածվում ուղղակի որևէ պատմական շրջանի արտացոլանքի` Բոկաչչո, Մաքիավելի, Գրիֆիթ, Մուրնաու, Մարկես և նման հեռատեսները։ Հեռատեսությունն այն հատկանիշն է, որին փորձում է ձգտել արվեստագետը, բայց մարդ արարածն այնպիսի մի կենսաբանական էակ է, որ անպայման կսպասի և կստանա հերթական հարվածը, նույնիսկ, եթե նրան շատ անգամ, նախորոք զգուշացրել էին հարվածի մասին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս