Ածխածին չպարունակող դիզելային վառելիքն արդեն իրականություն է
Ըստ sciencealert.com-ի՝ ավտոմեքենաների գերմանական արտադրող Audi ընկերությունը ստեղծել է ածխածին չպարունակող դիզելային վառելիք: Այն բացառապես պատրաստված է ջրից, ածխածնի երկօքսիդից և էներգիա վերականգնող աղբյուրներից, որի շնորհիվ մթնոլորտն ավելի մաքուր կլինի: Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարար Յոհանա Վանկան իր՝ Audi A8 ավտոմեքենայի սնուցման համար արդեն իսկ օգտագործում է նորաստեղծ, բյուրեղյա մաքրություն ունեցող e-դիզելը:
Այս վառելիքի ստեղծումը կնպաստի տրանսպորտի կայունությանը: Audi-ն այժմ Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ստեղծել է փորձնական գործարան, որը վերահսկվում է «մաքուր տեխնոլոգիաների» գործարան Sunfire-ի կողմից, որն առաջիկա ամիսներին ամեն օր կարտամղի 160 լիտր սինթետիկ դիզելային վառելիք:
Նրանց հիմնական արտադրանքը, որը նրանք անվանում են կապույտ նավթ, ստեղծվում է 3 քայլից բաղկացած գործընթացի արդյունքում:
Առաջին քայլն իր մեջ ներառում է վերականգնվող էներգիայի առանձնացումն այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են քամու, արևի և հիդրոէներգետիկայի աղբյուրները: Այնուհետև նրանք օգտագործում են այդ էներգիան, որպեսզի ջրի մեջ առանձնացնեն թթվածինն ու մաքուր ջրածինը: Այս գործընթացը հայտնի է հակադարձելի էլեկտրոլիզ անվամբ:
Այս ջրածինը խառնվում է ածխածնի օքսիդի հետ (CO), որն առաջանում է մթնոլորտում կուտակված ածխածնի երկօքսիդից (CO2): Բարձր ջերմաստիճանի և ճնշման ներքո առաջանում է ռեակցիա, որի շնորհիվ արտադրության մեջ ի հայտ են գալիս երկարաշղթա ածխաջրածնային միացություններ, որոնցից էլ կազմված է կապույտ նավթը: Զտված կապույտ նավթը կարելի է խառնել արդեն օգտագործվող դիզելային վառելիքին, կամ օգտագործել այն առանձին՝ մեքենայի էներգիան ավելի նպաստավոր օգտագործելու համար:
«Sunfire»-ի վերլուծությունները ցույց են տվել, որ սինթետիկ վառելիքը ոչ միայն էկոլոգիապես ավելի մաքուր է, քան հանածո վառելիքը, այլև ավելի լավ է այրվում: Նրանք հաղորդում են, որ e-դիզելի էներգաարդյունավետությունն ընդհանուր առմամբ կազմում է 70 տոկոս: «Շարժիչն աշխատում է ավելի հանգիստ, և ավելի քիչ է աղտոտում մթնոլորտը»,- նշել է «Sunfire»-ի գլխավոր տեխնոլոգ Քրիստիան վոն Օլշաուսենը:
Իհարկե, նախնական այդ գործարանը դեռ բավական չէ, որպեսզի հսկայական շուկայում այդ վառելիքն ունենա մեծ ազդեցություն: Բայց Audi-ն և Sunfire-ը մտադիր են ավելի մեծ գործարան կառուցել, որի շնորհիվ արտադրությունը կմեծանա: Կանխատեսվում է, որ e-դիզելը կվաճառվի մեկ լիտրի համար 1-1.50 եվրոյով՝ կախված վերականգնվող էլեկտրաէներգիայից: Այժմ Գերմանիայում ավանդական դիզելի 1 լիտրն արժե 1.50 եվրո:
Վառելիքը կդառնա խիստ մրցունակ և մատչելի բոլորի համար: «Եթե մենք ստանանք վաճառքի առաջին պատվերները, ապա մենք պետք է պատրաստ լինենք մեր տեխնոլոգիներն առևտրականացնելուն»,- ասել է Օլշաուսենը:
Վառելիքի ստեղծման մասին պարզեք ավելին Sunfire-ի տեսանյութում՝
Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը