Բաժիններ՝

System of a Down-ի երևանյան համերգին մարդկանց թիվը սահմանափակ կլինի

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ամերիկյան System of a Down աշխարհահռչակ ռոք խումբը ապրիլի 23-ին` ժամը 20:00-ին, համերգային ծրագրով առաջին անգամ ելույթ կունենա Երևանում` Հանրապետության հրապարակում` Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագրով:

Ինչպես հաղորդում է Armeniangenocide100.org կայքը, համերգի մուտքն անվճար է, սակայն մասնակիցների թիվը սահմանափակ է լինելու:

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո:
System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» խորագրով համերգների շարքը սկսվել է ապրիլի 6-ին ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում: Երկրորդ համերգը տեղի է ունեցել Լոնդոնում ապրիլի 10-ին: Համերգներ կլինեն նաև Գերմանիայում (Քյոլն, ապրիլի 13), Ֆրանսիայում (Լիոն, ապրիլի 14), Բելգիայում (Բրյուսել, ապրիլի 16), Նիդեռլանդներում (Ամստերդամ, ապրիլի 17) և Ռուսաստանում (Մոսկվա, ապրիլի 20):

Armeniangenocide100.org կայքը նաև հաղորդում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00-ն, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից, Գրիգոր Լուսավորիչ փողոցը՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից, Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:
Կայքը հաղորդում է նաև, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ:

Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաև ապրիլի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս