ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ… ՉԵՐԳԵԻ՝ ԿԱՐՈՂ Է ԽԵԼԱԳԱՐՎԵԻ. ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը երգչուհի Գոհար Հովհաննիսյանն է։

Հաղորդման ընթացքում նա պատմել է ԱՄՆ տեղափոխվելու դժվարությունների, «4 Տարբերակ» խմբից հեռանալու իրական պատճառների, հայկական շոու-բիզնեսի խնդիրների, պատերազմի ցավի և այն մասին, թե ինչու երբեք չի փոխի իր երաժշտական սկզբունքները։

ԱՄՆ տեղափոխվելուց հետո Գոհար Հովհաննիսյանը խոստովանում է՝ առաջին ամիսներն իր կյանքի ամենաբարդ շրջաններից էին։ Ասում է՝ Հայաստանում մշտական համերգային կյանքից հետո երկար դադարը գրեթե անտանելի էր դարձել, և հենց այդ ժամանակ էլ որոշել է ստեղծել մանկական երգարվեստի ստուդիա, որպեսզի օտար երկրում շարունակի ծառայել հայկական մշակույթին։

«Ես հասկացա, որ եթե ոչինչ չանեմ, կարող եմ պարզապես խելագարվել այդ դադարից։ Որոշեցի երեխաների խումբ ստեղծել, նրանց մեջ սերմանել ազգային երգի հանդեպ սերը, և դա ինձ նոր ուժ տվեց»,- պատմում է նա։

Երգչուհին ընդգծում է, որ ԱՄՆ-ում երբեք իրեն մենակ չի զգացել և չի կիսում այն կարծիքը, թե այնտեղ մշտական բնակություն հաստատած արտիստներին հայկական համայնքը վատ է ընդունում։

Խոսելով «4 Տարբերակ» խմբի մասին՝ Հովհաննիսյանը հերթական անգամ անդրադարձել է իր հեռանալու որոշմանը՝ նշելով, որ իր համար ընկերությունը միշտ ավելի բարձր է եղել, քան ցանկացած նախագիծ։

«Ես արդեն ասելիք չունեի։ Ինձ համար ամուր ընկերությունն ավելի թանկ էր, քան գործը։ Եթե շարունակեինք միայն հանուն աշխատանքի, գուցե այսօր այսքան մտերիմ չլինեինք»։

Նա նաև բացահայտել է, որ ամենադժվարն աղջիկներին այդ որոշման մասին հայտնելն էր.

«Ես պատրաստ չէի ասել նրանց։ Վախենում էի, որ կկորցնեմ ընկերներիս»։

Գոհար Հովհաննիսյանը բավական կոշտ գնահատականներ է տվել նաև հայկական երգարվեստում այսօր տեղի ունեցող գործընթացներին։

Նրա խոսքով՝ ազգային երգերի մեծ մասը խեղաթյուրվում է, իսկ կատարողները հաճախ նույնիսկ չեն հասկանում, թե ինչի մասին են երգում.

«Մեր ժողովրդական երգը մեր պատմությունն է։ Չի կարելի վերցնել ու աղավաղել այն։ Չեն էլ գիտակցում՝ ինչի մասին են երգում։ Դա ինձ համար անընդունելի է»։

Երգչուհին նշում է, որ խնդիր չունի ժամանակակից մշակումների հետ, եթե պահպանվում է ստեղծագործության էությունը։

«Կարելի է նորովի մատուցել, բայց իրավունք չունենք փոխել մեր ազգային դեմքը»,- ասում է նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք չի՞ մտածել փոխել իր երաժշտական ուղղությունը՝ ավելի մեծ դիտումներ ունենալու համար, Գոհար Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ինձ շատերն են ասել՝ փոխիր ժանրը, երգիր այն, ինչ հիմա մոդայիկ է։ Բայց ես չեմ կարող ինքս ինձ խաբել։ Ավելի լավ է մնամ իմ ճանապարհին, քան փոխվեմ միայն դիտումների համար»։

Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր արտիստ ունի իր ժամանակն ու իր լսարանը։

Հարցազրույցի ամենահուզիչ հատվածներից մեկը վերաբերում էր Արցախին և պատերազմին։

Երգչուհին խոստովանում է, որ մինչ օրս ամբողջությամբ չի գիտակցում կորստի չափը։.

«Ես դեռ չեմ գիտակցում, թե մենք ինչ ենք կորցրել։ Չեմ ուզում հավատալ, որ այլևս չենք կարող գնալ Արցախ»։

Նա պատերազմից հետո գրեթե ամեն շաբաթ մասնակցել է զոհված զինվորների ծննդյան օրերին ու հիշատակի միջոցառումներին, ինչը լրջորեն ազդել է նրա հոգեվիճակի վրա.

«Մի պահ հասկացա, որ արդեն հոգեբանական խնդիր ունեմ։ Այդ ցավն այլևս ուժերիցս վեր էր»։

Բլից հարցերի ընթացքում Հովհաննիսյանը խոստովանել է, որ ամենից շատ վախենում է մարդկային կորստից, իսկ ամենամեծ ափսոսանքն այն է, որ երբեմն չի հասցնում լինել մարդկանց կողքին։

Ամենացավոտ հարցին՝ ի՞նչ կասեր հորը, եթե հնարավորություն ունենար վերջին անգամ տեսնել նրան, երգչուհին պատասխանեց՝ ոչինչ չէի ասի.

«Պարզապես կուզեի նրա կողքին լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031