Արթնացրեք ինձ 100 տարի անց

Գազի գնագոյացման հարցերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը հասավ իր մուրազին: Նրանց աշխատանքն էլ ավարտվեց կամ կավարտվի այնպես, ինչպես վայել է բոլոր հեքիաթներին: Մինչ այդ ահագին հետաքրքիր փաստեր հրապարակվեցին: Օրինակ` ԱԺ պատգամավորներից մեկն իր ելույթում պնդեց, որ գազի սակագնի հաշվարկում ներառված է մատակարարումն իրականացնող «Գազպրոմ-Արմենիա» ընկերության գրասենյակում աճեցվող ծաղիկների ինքնարժեքը: Փաստն ինքնին խոսուն է:

Եվ, եթե այդ գրասենյակի ղեկավարության իկեբանական ճաշակը շարունակի կատարելագործվել ու նրբանալ ֆլորիստիկայի ու իկեբանայի ոլորտում, ապա Հայաստանում գազի սակագինն աճելու է: Անկախ իշխանությունների նախընտրական ու հետընտրական խոստումներից: Ու ընդհանրապես, եթե գազի գնագոյացման մասին խորհրդարանական քննարկումներն «առեղծվածային» չորակենք, ապա պիտի ընդունենք, որ դրանք առնվազն հեքիաթային էին:

Բոլոր դրվագներով` առանց բացառության: Օրինակ, քննարկումների հետևյալ հատվածը` իրավաբան պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունը Սահմանադրության 89 հոդվածին հակասող գործողություն է կատարել` «պետական սեփականությունը փաստացի վաճառելով` առանց ԱԺ գիտության»: Խոսքն այն մասին էր, որ, ըստ իրավաբանի, կառավարությունը «Գազպրոմ-Արմենիայում» ունեցած 20 տոկոս մասնաբաժինն առանց մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում ընդգրկելու՝ իրավունք չուներ դրա վաճառքի մասին բանակցություններ վարելու:

Իրավաբան պատգամավորին տրված Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի շրջանավարտ Վարդան Այվազյանի տված պատասխանն անսպասելիության աստիճան անհասկանալի էր: «Ձեր հարցը քաղաքական է»,- ասաց Վ. Այվազյանն ու Գ. Ջհանգիրյանին իրավական ոլորտի մի քանի բան բացատրեց: Հետաքրքիր էր: Հետո պարզվեց, որ գազի սակագնի մեջ ներառված են «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակիցների հանգստի սենյակների նորոգումն ու կահավորումը:

Իր հյութեղ համեմատություններով հայտնի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տագնապահար փորձեց պարզել, թե արդյո՞ք այդ հարգարժան հիմնարկությունը չի պատրաստվում իր աշխատակիցների նյարդերը հանգստացնելու համար հանգստասենյակներում կախելու նպատակով Տիցիանի ու Ռենուարի բնօրինակներ գնել: Գնել, բնականաբար, դրանց արժեքը սակագնի մեջ ներառելով: Մոտ մեկ ու կես տարի առաջ էր ԱԺ-ն ժամանակավոր հանձնաժողով ձևավորել` հասկանալու համար, թե ինչ է կատարվել գազի ոլորտում, երբ և ինչպես էր ձևավորվել ՀՀ 300 մլն դոլարի հասնող պարտքը ռուսաստանյան այդ ընկերությանը: Կարծեմ` մոտ կես տարի առաջ հանձնաժողովը դիմեց խորհրդարանին` խնդրելով կես տարով երկարաձգել իր լիազորությունների մանդատը: Խորհրդարանը կարևոր փաստաթուղթ ստանալու ակնկալիքով երկարաձգեց: Երկարաձգեց ու ստացավ մի տեքստ, որ կարելի էր պատրաստել 1-1,5 ամսում:

Բայց կարևորն այս տեքստը չէր: Իրեն իրատես համարող որևէ մեկն այս հանձնաժողովից ոչ իրականության նկարագրություն էր սպասում, ոչ էլ բացահայտում: Շատ ավելի հետաքրքիր էին քննարկումներն ու դրանց ընթացքում հրապարակվող տվյալները: Հայաստան մատակարարվող գազի ոլորտով զբաղվող այս ձեռնարկությունը միշտ էլ եղել է խոշոր հարկատուների ցուցակի առաջին եռյակում: Բայց այս խոշորագույն ընկերությունից Հայաստանը երբեք շահաբաժին չի ստացել: Հենց այս հիմնավորումը բերվեց խորհրդարանում, երբ պատգամավորները փորձում էին պարզել, թե ինչու Հայաստանը զիջեց իր 20 տոկոս մասնաբաժինը: Պարզվում է՝ պետությունը ոչ մի դրամ շահաբաժին չի ստացել, հետևաբար` իմաստ չկա մասնաբաժին ունենալ շահաբաժին չվճարող ընկերությունում:

Ոչինչ, որ գործնականում անհնար է բացատրել, թե ինչպես կարող է խոշորագույն հարկատու ընկերությունն իր սեփականատերերին շահաբաժին չվճարել: Անհնար է, եթե, իհարկե, ծանոթ չես ռուսաստանյան ընկերությունների գործունեության ոճին ու տրամաբանությանը: Տարիներ շարունակ մենք համառորեն մեր տնտեսության ամենաակտիվ ու ամենաշահութաբեր ոլորտները «վստահում» ենք ռուսական մենեջմենթին:

Մինչդեռ համատեղ պատմության համարյա 200-ամյա ընթացքի մեջ միշտ էլ համոզվել ենք, որ այն ամենևին էլ արդյունավետ չէ: Ոչ ոք չգիտի, թե ով է ռուսական մենեջմենթին երբևէ տրված լավագույն բնութագրի հեղինակը: Բայց այն պնդում է. «Արթնացրեք ինձ 100 տարի հետո և հարցրեք. «Ի՞նչ է կատարվում Ռուսաստանում», և ես կպատասխանեմ՝ «Խմում են և գողանում»»: Ռուսական բանավոր ավանդույթը այս միտքը կամ պատմաբան Կարամզինին է վերագրում, կամ գրող Սալտիկով-Շչեդրինին: Այս երկուսն էլ համապատասխան փորձառություն ունեին ռուսական մենեջմենթի այդքան տիպիկ ու համապարփակ գնահատականի հեղինակ լինելու համար: Ռուսաց պատմահոր համբավ ունեցող Կարամզինը ցարի հրամանով պետական պատմագրի պաշտոն ուներ:

Իսկ Սալտիկով-Շչեդրինը գրական գործունեությունից ազատ ժամանակ պետական լրջագույն պաշտոն էր զբաղեցնում: Նա Ռյազանի և Տվերի փոխնահանգապետն էր: Այսինքն` փոխարքա նահանգապետի փոխնահանգապետը: Կամ նման մի բան, որ տրամաբանության չի ենթարկվում: Ժամանակներն ի զորու չեն փոխելու ռուսական մենեջմենթը: Եթե նկատեցիք` ռուսները մինչ այսօր էլ չգիտեն, թե ով է իրենց կառավարման համակարգի լավագույն բնութագրի հեղինակը:

«Եվ դա խորհրդանշական է»,- ինչպես կասեր խորհրդային արկածային կինոնկարի հերոսը: Խորհրդանշական է ու խիստ բնորոշ` անծայր երկիր է, այնքան հարուստ, որ թալանելով չես սպառի: Իսկ մենք այս մենեջմենթին վստահել ենք մեր տնտեսության հետևյալ ոլորտները` էներգաարտադրություն, էներգամատակարարում, գազամատակարարում, երկաթգիծ, հեռահաղորդակցություն…

Տեսանյութեր

Լրահոս