
ՀԷՑ-ը պետությունից բարձր վարկանիշ ունեցող ընկերություն է. ոստիկանությունը մեր ստորաբաժանումների ղեկավարներին երեկվանից հրավիրում է զրույցի. Ես էլ եմ մասնակցելու վաղվա հավաքին. Դավիթ Ղազինյան

Factor.TV-ի եթերում ՀԷՑ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն անդրադարձել է իշխանության կողմից հրապարակված տեղեկություններին, ըստ որոնց՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին պարտադրում են մասնակցել ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին։ Նրա խոսքով՝ նման պարտադրանք չկա, և աշխատակիցները, ըստ ցանկության, ազատ են իրենց ընտրության հարցում։ «Եթե որևէ մեկը ճնշման է ենթարկվում, կարող է դիմել իրավապահ մարմիններին»,- հավելում է նա:
«Մեզ բերովի մարդիկ պետք չեն: Առանց իմ գիտության ոչ ոք չի կարող մարդ տանել: Հիմա մեր ստորաբաժանումների ղեկավարներին կանչում են ոստիկանություն, ասում են՝ մարդ չտանեք: Ժողովրդավարության բաստիոնում է սա տեղի ունենում: Ես ինքս անձամբ կպատժեմ այն ղեկավարին, ով ստիպողաբար մարդ կտանի վաղվա հավաքին»,- ասաց Դավիթ Ղազինյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի հարցազրույցին ու դրան հետևած կալանավորմանը:
«Եթե Սամվել Կարապետյանը 5 անգամ դատված լիներ, էլի կարելի էր ինչ-որ բան գտնել: Անբասիր կենսագրություն ունեցող մարդն ասում է՝ իմ ձևով եմ մասնակցելու Եկեղեցու պաշտպանությանը, ու դրանով գործողության ենթատեքստ են վերագրում նրան: Ես էլ իմ ձևով եմ մասնակցում, օրինակ՝ պատարագի եմ գնում: Կարապետյանն արդարանալու խնդիր չունի: Երբ դիմացի կողմից անմակարդակ բառապաշարով հարձակվում են վրադ, ի՞նչ ասես»,- ասաց «ՀԷՑ ՓԲԸ» գլխավոր տնօրենը:
Նա նշեց՝ այս իշխանությունը սուտ խոսելու հետ խնդիր չունի, և ինչ զրպարտություններ ասես, չեն թափվում ընկերության գլխին:
«Պաշտոնյան, մանավանդ՝ տղամարդը, մի բան որ ասում է, պետք է կա՛մ դրան տեր լինի, կա՛մ ներողություն խնդրի: Մեզ ասում են՝ մի զոհվածի ընտանիքի օգնեիք: 4059 զոհվածի ընտանիքի ենք օգնել, մի բառ չենք ասել»,- ասաց Դավիթ Ղազինյանը:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի աշխատակիցների՝ 2018թ. հանրահավաքներին ուղղորդված մասնակցությանը, տնօրենն ասաց՝ չի եղել նման բան:
«Ես այդ ժամանակ եղել եմ ՀԷՑ-ի Երևանի մասնաճյուղի տնօրենը: Ո՛չ ես եմ գնացել ուղղորդված, ո՛չ որևէ մեկը: Չէր կարող նման բան լինել, ու ես չիմանայի»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարող է 7000 աշխատող ունեցող ընկերությունից ոչ ոք չմասնակցել վաղվա հավաքին, Դավիթ Ղազինյանն ասաց՝ իսկ ո՞վ է ասում, որ չեն մասնակցելու:
«Ես էլ եմ մասնակցելու, շատերն էլ: Աշխատանքային ժամից հետո յուրաքանչյուրն ազատ է իր ժամանակը տնօրինելու հարցում»,- ասաց Դավիթ Ղազինյանը:
Անդրադառնալով պետության կողմից ՀԷՑ-ի կառավարիչ նշանակելու հարցին, նա ասաց՝ ստացվում է՝ մասնավոր ընկերությանը պետությունը կառավարիչ է նշանակում, որի հմտություններին որևէ մեկը ծանոթ չէ, բայց ձախողման պարտականությունն ընկնելու է սեփականատիրոջ վրա:
«Մենք մեծ իրավաբանական թիմ ունենք: Պաշտապանելու ենք ընկերությունը, այդ թվում՝ պետության կողմից նշանակված կառավարչի կամայականություններից: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ իրենք չեն կարողանում կառավարել իրենց պատկանող ԲԷՑ-ը, ուր մնաց՝ ՀԷՑ-ը կառավարեն: Փաստաթղթավորված հայտարարում եմ՝ ՀԷՑ-ը պետությունից բարձր վարկանիշ ունեցող ընկերություն է»,- ասաց Դավիթ Ղազինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: