
«Փաշինյանը բերելու է 300.000 ադրբեջանցիներին. դա իր ընտրազանգվածի կեսն է». Արմինե Ադիբեկյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին, հաղորդում է Carnegie (Քարնեգի) հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների։ https://168.am/2025/07/02/2240376.html
Ըստ հրապարակման՝ քննարկվում է երկու տարբերակ. «Առաջին տարբերակով պետք է կա՛մ համոզել Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր պահանջից և ստորագրել խաղաղության համաձայնագիրը. դրան կարելի է հասնել, օրինակ, Իլհամ Ալիևին Սպիտակ տուն հրավիրելով: Եվ երկրորդ տարբերակը՝ ճնշում գործադրել Երևանի վրա, որպեսզի Հայաստանը համաձայնի ամերիկյան մոդելին և հրաժարվի երթուղու հայկական հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջից։ Փաստելով, որ այս տարբերակն առավել իրատեսական է, Քարնեգիի վերլուծաբանը գրում է՝ ամենայն հավանականությամբ, դրանով Հայաստանը նաև ստիպված կլինի հրաժարվել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ի վերջո արագորեն կնքելու և երկարամյա մեկուսացումից շուտափույթ դուրս գալու հույսերից»:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում հետևողականորեն բավարարելով Բաքվի պահանջները՝ ցույց է տվել, որ և՛ կհամաձայնի երրորդ կողմի վերահսկողությանը հանձնել Սյունիքով անցնող ճանապարհը, իսկ երրորդ կողմը, ըստ նրա՝ դիտարկվում է Թուրքիան, և՛ կփոխի ՀՀ Սահմանադրությունը:
«Փաշինյանի վարչակազմը ոչ մի խնդիր չի տեսնում և՛ Սահմանադրությունը փոխելու մեջ, ինչը Փաշինյանն իր բերանով է ասել, և՛ միջանցք տրամադրելու գաղափարին, որը չի վերահսկվելու Հայաստանի կողմից: Հիմա նա փորձում է բառախաղեր տալ, որ դա անվանում է «Խաղաղության խաչմերուկ», բայց խնդիրն անվանման մեջ չէ, այլ՝ երևույթի բուն բնույթի մեջ, այսինքն՝ ՀՀ-ն հրաժարվում է կառավարել իր սեփական տարածքի զգալի հատված, առավել ևս, որ այդ հատվածը հատում է ՀՀ-ն: Հետևաբար, ունենալու ենք այն, ինչ պահանջում է Բաքուն, իսկ Փաշինյանի բառախաղերն ընդամենը հանրությանը մոլորեցնելու համար է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այս իրավիճակում իշխանությունների կողմից սկսված Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը նույնպես նա համարում է Բաքվի պահանջ, որն Ալիևը հնչեցրել է դեռ 2020թ. «5 տարի նախապատրաստական աշխատանքներ էին գնում: Անգամ 2018-ին էին ագրեսիվ զարգացումներ ընթանում Էջմիածնի շուրջ: Այն ժամանակ հասկացան, որ անպատրաստ էին և մի խումբ խուլիգանների միջոցով ոչնչի չեն հասնում, մարդիկ ավելի հիմնովին մոտեցան հարցին և հիմա արդեն համակարգված ամբողջ պետապարատն ուղղել են Բաքվի հիմնական պահանջներից մեկը բավարարելու ուղղությամբ: Ալիևն իր բոլոր ելույթներում պնդում էր, որ Ադրբեջանն ունի երեք թշնամի՝ Հայկական սփյուռքը, Հայկական եկեղեցին և Հայկական բանակը: Փաշինյանը հետևողական, քայլ առ քայլ սկզբից քանդեց բանակը, հետո Սփյուռքի հետ կապը, հիմա հերթը հասել է Հայ եկեղեցուն: Նա համակարգված գործում է այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն աղանդավոր է, նա ոչ մի կապ չունի Հայ Առաքելական եկեղեցու հետ: Երկրորդ՝ Եկեղեցու գոյությունը և անվտանգությունը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ, այսինքն՝ մարդը գիտակցաբար խախտում է Սահմանադրության հիմնարար դրույթները»:
Ինչ վերաբերում է իշխանությունների և նրանց սատելիտների կողմից Բագրատ Սրբազանին և «Սրբազան պայքարի» մյուս մասնակիցներին առանց դատարանի որոշման միայն հրապարակված ձայնագրությունների վրա հիմնվելով՝ ահաբեկիչ անվանելուն, Արմինե Ադիբեկյանը հորդորեց նրանց նախ բառարանում կարդալ, թե ինչ է նշանակում «ահաբեկիչ» բառը. «Ահաբեկիչները պետք է առաջին հերթին լինեն զինված, երկրորդ՝ թաթախված լինեն արյունահեղության մեջ, այսինքն՝ մարդ սպանած լինեն, պետք է ունենան խմբակ և կառավարման կետ, որի գլխավոր միսիան այն է, որ մարդկանց պահեն վախի մթնոլորտում, այսինքն՝ այն ամենը, ինչ անում է այսօր Փաշինյանը և նրա վարչակազմը. Մարդկանց մտցրել են վախի մթնոլորտ, որ եթե այսպես չլինի՝ պատերազմ կլինի, բոլորիդ կբանտարկենք, կփռենք ասֆալտին և այլն, ինչը դասական ահաբեկիչի դրսևորում է: Իրենք զուրկ են ռեֆլեքսիայից, նրանց թվում է, որ երբ իրենք են ինչ-որ բան անում, դա ճիշտ է և արդարացված, բայց երբ նույն բանն անում է ուրիշը, դա արդեն քրեորեն պատժելի արարք է, տեռորիզմ է և այլն: Փաշինյանն ունի մեծ խնդիր, բացի նրանից, այն, ինչ տեսնում ենք և հաշվի առնելով ապագայում պատասխան տալու հեռանկարները, նա իրեն շրջապատել է կատեգորիալ տգետ մարդկանցով, որոնք խոսում են բաներից, որոնք վերաբերյալ բացարձակ տեղեկություն չունեն»:
Արմինե Ադիբեկյանը նկատեց՝ Փաշինյանն ու նրա տիկինն աջուձախ բոլորին վիրավորում են. «Աննան, որ իրեն դրել էր Սուրբ Աննայի տեղը, հիշեցնում է Մաուգլիի միջի Բալուին, որ նստած աջուձախ խփում է, ու արդեն չի նայում՝ ում է խփում, կարևորը՝ հարվածներ հասցնի, առանց նայելու, թե ում է այդ հարվածները հասնում և ինչպես է դա անդրադառնում նրա ռենոմեի վրա, այսինքն՝ չի գիտակցում, որ իր պահվածքն էլ ավելի է գցում այն կերպարը, որին նա ձգտում էր և փորձում մեզ համոզել, թե դաստիարակված, զուսպ, համեստ տիկին է, որը լույս ու հավատք է բերում հասարակությանը, բայց հասարակ բազարչի է: Իրենց ընկալմամբ՝ Աննա Հակոբյանը երբ վիրավորում է իրենից ավելի խելացի, ավելի արդյունավետ ուղի անցած մարդկանց, դա ճիշտ է և նորմալ, բայց նմանատիպ քայլերին պատասխան քայլերը համարում է քրեորեն պատժելի արարք: Այսինքն՝ նրանք երբ խոսում են օրինականությունից, նրանք իրենց վեր են համարում օրենքից և համարում, որ իրենց իրավունքների ծավալը շատ ավելին է, քան հասարակ քաղաքացիներինը: Այն, ինչպես Փաշինյանը եկավ իշխանության, և այն, ինչպես է նա գործում վարչապետի պաշտոնին, դա դասական ահաբեկչական գործչի ոճ է»:
Նա շեշտեց՝ ՀՀ շահերից միանշանակ չի բխում Փաշինյանի վարչապետ լինելը. «Մեր շահերից չի բխում Արցախի կորուստը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, խաղաղության պայմանագիր կոչեցյալը, Սահմանադրության փոփոխությունը, Ցեղասպանությունից հրաժարվելը, Եկեղեցու ոչնչացումը: Հասկանո՞ւմ եք՝ այն ամենը, ինչ անում է Փաշինյանը, դա չի բխում մեր շահերից: Եվրոպա և Ռուսաստան հակամարտությունը, որն արվում է մեր մսի և արյան հաշվին, դա էլ չի բխում մեր շահերից: Այս պահին «Զանգեզուրի միջանցք» կոչված նախագծից փորձում են կտրել նաև Ռուսաստանին, որովհետև այս նախագիծն առաջին հերթին անհրաժեշտ է նույն Ամերիկային և Եվրոպային: Կա տեղեկատվություն, որ շուտով Ալիև-Փաշինյան հանդիպում է լինելու, որտեղ արդեն վերջնականապես հաստատվելու են վերջին դրույթները և անցնեն ստորագրության: Փաշինյանը գնացել էր Թուրքիա՝ առաջադրանքների նոր փաթեթ ստանալու, և սկսեց գործել»:
Արմինե Ադիբեկյանը միանշանակ կարծում է, որ Փաշինյանի «իրական Հայաստանն» Ադրբեջանի առաջ քաշած «Արևմտյան Ադրբեջան» թեզի իրականացումն է, ինչը ենթադրում է նաև 300 հազար ադրբեջանցիների վերադարձ.
«Հասկանո՞ւմ եք՝ այդ 300 հազարը Փաշինյանի նոր ընտրող է, նրա ընտրազանգվածի ուղիղ կեսն է, իհարկե, Փաշինյանը բերելու է այդ մարդկանց, դա բխում է Ադրբեջանի շահերից, որոնց լիակատար պաշտպանն են Փաշինյանն ու նրա վարչակազմը, դա բխում է անձնապես Փաշինյանի շահերից: Նրանք հետո բարձրացնելու են ինքնավարության հարց, տարածքային պահանջներ են ներկայացնելու, և «Արևմտյան Ադրբեջանը» շատ ավելի իրական նախագիծ է, քան Հայաստանի Հանրապետությունը՝ այսօրվա դրությամբ՝ շնորհիվ Փաշինյանի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում