Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կկատարվեն

Հայաստանի կառավարությունը հուլիսի 3-ի նիստում հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ իրականացնելու որոշումը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2021 թվականին մեկնարկած գործընթացի շրջանակում յուրաքանչյուր տարի կամավոր ատեստավորման կարգը վերամշակվել է գործընթացի վերլուծության, ինչպես նաև ուսուցիչների առաջարկների հիման վրա:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր փոփոխությամբ հստակեցվել են որոշ դրույթներ, որոնք պարզեցման կարիք ունեին։

Մասնավորապես՝ ատեստավորման ընթացքում առաջացող տեխնիկական բնույթի խնդիրները տեղում քննելու հնարավորություն է սահմանվել: Գործող կարգում թեստավորման աշխատանքն ավարտած մասնակիցն անմիջապես դուրս էր գալիս քննասենյակից, իսկ առաջարկվող կարգավորմամբ Էլեկտրոնային թեստավորման դեպքում արդյունքների մասին ամփոփաթերթը ստանալուց հետո, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքէջում արդյունքների հրապարակումից հետո, մասնակիցը 24 ժամվա ընթացքում կարող է բողոքարկման դիմում ներկայացնել անհամաձայնության դեպքում։ Թեստի կամ համակարգչի տեխնիկական բնույթի խնդրի վերաբերյալ մասնակցի ներկայացրած բողոքը ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում խնդիրն արձանագրվում և բանավոր կերպով պարզաբանվում է:

«Նախորդ տարի, երբ էլեկտրոնային եղանակով առաջին անգամ իրականացվեց ուսուցիչների կամավոր ատեստավորումը, պարզ դարձավ, որ պետք է առանձնացնել բովանդակային բողոքարկումը, որը կարող է կապված լինել, օրինակ, թեստի որևէ հարցի հետ: Նոր փոփոխությամբ հնարավորություն է տրվել տեխնիկական հարցերի հետ կապված բողոքարկումն անել անմիջապես ատեստավորումից հետո, ինչը թույլ կտա շատ ավելի օպերատիվ արձագանքել ուսուցիչների բարձրացրած խնդիրներին և տեխնիկական հարցերը լուծել տեղում։ Սա, կարծում եմ, կարևոր և սպասված փոփոխություն է»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Որոշմամբ հստակեցվել է նաև մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցիչների ատեստավորման ընթացակարգը: Մասնավորապես՝ կարգավորվել է՝ որևէ առարկայի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում հաջորդ անգամ ուսուցիչը պետք է ատեստավորում անցնի նույն առարկայից:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 2-ից հայտարարել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն, որը կտևի մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն։ Ատեստավորմանը մասնակցել ցանկացողները հայտերը պետք է ներկայացնեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում՝ matyan.emis.am առավել պարզեցված ընթացակարգով:

«Լրամշակած ուղեցույցները օգտակար կլինեն ուսուցիչների համար: Հույս ունեմ, որ նոյեմբերին անցկացվելիք ատեստավորմանն ավելի քան 6000 ուսուցիչ կմասնակցի»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Նշվում է, որ կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչները և  ուսուցիչ չաշխատող այն մասնագետները, ովքեր ունեն համապատասխան որակավորում։ Նշված դեպքերում կամավոր ատեստավորման հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված  at.emis.am հարթակում։

Տեսանյութեր

Լրահոս