Բաժիններ՝

Ինչպե՞ս են տարիքին զուգընթաց՝ փոխվում մտավոր ունակությունները

Շատերի կարծիքով՝ մտավոր ունակություններն առավելագույն չափով դրսևորվում են քսան տարեկան հասակում, որից հետո անկում են ապրում. մարդիկ սկսում են ավելի դանդաղ մտածել, վատանում է հիշողությունը, և այլն: Սակայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ տարբեր տեսակի ունակությունների դրսևորման համար լավագույն տարիքը տարբեր է, իսկ որոշ ունակություններ առավելագույնս դրսևորվում են 40 տարեկանում և նույնիսկ ավելի ուշ:

Հետազոտության հեղինակները համացանցում տեղադրել էին ճանաչողական բնույթի թեստեր, որոնք լուծելու համար պահանջվում էր ընդամենը մի քանի րոպե: Մի քանի տարվա ընթացքում հնարավոր եղավ հավաքել տվյալներ տարբեր տարիքի շուրջ 3 միլիոն մարդու մասին: Այդ հսկայական տեղեկատվության մշակումը թույլ տվեց անել մի շարք եզրակացություններ: Հայտնի դարձավ, որ դեմքեր ճանաչելու ունակությունն իր գագաթնակետին է հասնում ոչ թե 20, այլ 30 տարեկանում, որից հետո սկսում է թուլանալ: Սա վերաբերում է նաև կարճատև տեսողական հիշողությանը: Հետագայում հետազոտողները մշակեցին մի շարք այլ թեստեր, որոնց մասնակցեց շուրջ 50 000 մարդ: Արդյունքում պարզ դարձավ, որ տեղեկատվության մշակման արագությունն աճում է մինչև 18-19 տարեկանը, որից անմիջապես հետո սկսում է նվազել: Կարճատև հիշողությունն ուժեղանում է մինչև 25 տարեկանը և դրանից հետո պահպանվում է կայուն մակարդակի վրա՝ մինչև 35 տարեկանը: Իսկ մարդկանց էմոցիոնալ վիճակը գնահատելու կարողությունն իր գագաթնակետին է հասնում 40-50 տարեկանում: Առավել հետաքրքիր արդյունքներ են ստացվել մարդկանց բառապաշարի վերաբերյալ: Նոր տվյալների համաձայն՝ մարդն առավել հարուստ բառապաշար ունի 70 տարեկանում, այսինքն՝ մարդն ինֆորմացիա է կուտակում գրեթե մինչև կյանքի ավարտը: Հնարավոր է՝ դա պայմանավորված է նրանով, որ ներկայումս մարդիկ ավելի երկարատև և ավելի որակյալ կրթություն են ստանում, ավելի շատ են կարդում, իսկ մեծահասակներն ավելի հագեցած կյանք են վարում:

Պետք է նշել, որ մտավոր ունակությունների վրա մեծ ազդեցություն են թողնում սոցիալ-տնտեսական պայմանները, ինչպես նաև՝ ժառանգական գործոնները: Ոչ ոք, իհարկե, չի ժխտում, որ ուղեղի որոշ գործառույթներ տարիքին զուգընթաց՝ թուլանում են: Սակայն չի կարելի պնդել, թե թուլանում են բոլոր հատկությունները: Այդ մասին է փաստում նաև մեր ամենօրյա փորձը. ծեր մարդիկ հաճախ ավելի գիտակից և ողջամիտ որոշումներ են կայացնում:

Նյութը հրապարակման պատրաստեց ՊԱՐԳԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս