«Քարֆուրը» երբեք պատահական չի մտնում որևէ երկիր
Ներդրումային գործի փորձագետ, «Management Mix» խորհրդատվական և ուսումնական ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանի կարծիքով` եվրոպական մանրածախ առևտրի ամենախոշոր ընկերության` «Քարֆուրի» մուտքը Հայաստան, վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում կատարված 10 լավագույն ներդրումներից մեկն է։ Ինչպես հաստատում է փորձագետը` Հայաստանում կան նաև այլ խոշոր ներդրումներ, հատկապես` հանքարդյունաբերության մեջ, բայց մանրածախ առևտրի ոլորտում «Քարֆուրի» մուտքն այսօր դիտվում է իբրև ամենամեծ ներդրումը Հայաստանում։
Րաֆֆի Սեմերջյանն այս ներդրումը կարևորում է այն առումով, որ այն ունի թե՛ եվրոպական, թե՛ արաբական ծագում:
«Majid Al Futtaim խմբի (Միացյալ Արաբական Էմիրություններ) կատարած այս հայաստանյան ներդրումը ռազմավարական որոշում է` Սաուդյան Արաբիայում, Օմանում, Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում, Եգիպտոսում, Սիրիայում, Իրանում, Պակիստանում, Իրաքում, Հորդանանում և Վրաստանում «Քարֆուր» բացելուց հետո»,- ասաց նա։
Մեր այն հարցին, թե արդյո՞ք ռիսկային գոտի չի համարվում Հայաստանն օտարերկրյա ներդրումների համար, Րաֆֆի Սեմերջյանը պատասխանեց, թե «Քարֆուրը» երբեք պատահական չի մտնում որևէ երկիր։ ««Քարֆուրն» աշխարհում երկրորդ մեծ դիստրիբյուտորն է, որն ապահովում է ավելի քան 365 000 աշխատատեղ` աշխարհի 34 երկրում։ Այն ունի ավելի քան 10 900 վաճառքի կետ, որոնցից 5000-ը` Ֆրանսիայում են, իսկ մնացած ամբողջը` աշխարհում։ 2014 թվականին ընկերության ընդհանուր վաճառքը կազմել է 75 մլրդ եվրո` ավելի քան 1 մլրդ եվրո օպերացիոն շահույթով։
Majid Al Futtaim-ը համարվում է մուլտի-միլիարդ ներդրումային խումբ, որն ապահովում է ավելի քան 25 000 աշխատատեղ և իրականացնում է ամենատարբեր միջոցառումներ` անշարժ գույքի, առևտրի կենտրոնների, նորաձևության, մանրածախ վաճառքի և այլ ասպարեզներում և համարվում է «Քարֆուրի»` նշված երկրների գործընկերը։ MAF Group-ի ընդհանուր վաճառքը կազմում է մոտ 7 մլրդ ԱՄՆ դոլար և ունի մոտ 1 մլրդ դոլար գրանցված շահույթ։ «Քարֆուրն» ունի տեսլական և ռազմավարական նպատակներ, այնպես որ, երբեք կարճաժամկետ շահույթի համար չի մտնում նոր երկիր։ Դա գալիս է իր բիզնես մոդելից, որը հիմնված է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են «Տեղական պարտավորության նախաձեռնությունները» բոլոր հանգրվաններում` տեղական տնտեսության զարգացում, տեղացիներին աշխատանքով ապահովում։ Մեկ այլ սկզբունք է «Վստահելի աղբյուրները»` աջակցություն մատակարարներին տեղական գներով, և այն ունի նաև «Խթանելով սպառումը» սկզբունքը։ «Քարֆուրի» ամենակարևոր կարգախոսն է` «Les prix les plus bas», որը նշանակում է` ամենացածր գներ։ Հայաստանյան ներդրումը համարվում է խմբի ռազմավարական զարգացումը, և այն երկարաժամկետ է»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այսօր մանրածախ առևտրի ոլորտի գործունեությունը Հայաստանում, «Management Mix» ընկերության տնօրենը պատասխանեց. «Հայաստանում, մասնավորապես` սուպերմարկետներում, մանրածախ վաճառքը մենաշնորհ չունի։ Հայաստանյան սուպերմարկետները («Երևան Սիթին», «ՍԱՍ»-ը, նաև մի քանի ուրիշներ) ունեն կառավարման հմտությունների հետ կապված որոշ խնդիրներ, նաև այլ տեղային խնդիրներ, որոնք ազդում են նրանց գործունեության վրա։
«Քարֆուրի» ժամանումով առկա սուպերմարկետները ստիպված կլինեն վերանայել իրենց կառավարման հմտությունները` մրցակցությանը դիմանալու համար։ Արդեն գործող սուպերմարկետները պետք է գտնեն ավելի նորարարական լուծումներ և առաջարկեն նոր ապրանքներ, որոնք սիրված են հայերի կողմից, այնպիսի նորարարական լուծումներ, ինչպես, օրինակ` հայտնի ապրանքանիշերի ներկայացում առանձին բաժիններով (shop-in-shops), ակցիաների պարբերաբար անցկացում, հավատարմության ծրագրեր, բջջային հավելվածներ, առցանց գնումներ, որոնք հնարավորություն կտան հայ սպառողին ընտրել որակի և գնի լավագույն համադրումը։ Մանրածախ շուկան Հայաստանում դեռ զարգացման երկար ուղի ունի անցնելու։ Վստահ եմ, որ կլինեն նոր նախաձեռնություններ Երևանի ծայրամասերում, նաև որոշ կարևոր քաղաքներում»։
Մեր այն դիտարկումը, որ չնայած ֆրանսիական ծագմանը, «Քարֆուրում», ըստ նախնական դիտարկումների, իշխում են ծանոթ ապրանքներ, իսկ ընկերության հայաստանյան ներկայացուցիչը հայտարարել է, թե սուպերմարկետում 5%-ից քիչ է լինելու ֆրանսիական ապրանքը, արդյոք մտավախություն չկա՞, որ այն կդառնա հերթական «Երևան Սիթի», Րաֆֆի Սեմերջյանն այսպես մեկնաբանեց. ««Քարֆուրի» աղբյուրների ձեռքբերման քաղաքականության համաձայն` առաջնահերթությունը տրվում է տեղական արտադրանքին, սակայն դա կախված է երկրներից և տեղական հասանելի արտադրանքից։ Բանջարեղենի և մրգերի մեծ մասը, ինչպես նաև` ջուրը, պանիրը, ոչ ոգելից խմիչքներն ու շատ այլ տեղական ապրանքներ կընդունվեն տեղական մատակարարներից։ Որոշ պարագաներում, ինչպես, օրինակ` հացաբուլկեղենային արտադրանքի մեջ, «Քարֆուրը» կհանդիսանա նաև` որպես արտադրող։ Կախված է հայ սպառողների կարիքներից և պահանջարկից։ Ամենակարևորն այն է, որ «Քարֆուրը» կսահմանի որոշ որակային չափանիշեր, որոնք կգնահատվեն հայ սպառողի կողմից, և որը կխթանի հայաստանյան ապրելակերպի նոր չափանիշերը»։
Ըստ Ր. Սեմերջյանի, «Երևան Սիթին» լուծում էր հայ սպառողների համար։ «Փաստորեն, շատերը փակվեցին, բայց «Երևան Սիթին» շարունակում է աշխատել ու ժամանակի ընթացքում սկսեց քայլ անել դեպի հաճախորդները։ «Սիթին» աշխարհագրորեն մոտ է իր սպառողներին, իսկ «Քարֆուրը» դեռևս չունի այդ առավելությունը։ «Քարֆուրը» կբերի բիզնեսի նոր սկզբունքներ, իսկ «Երևան Սիթին» կշարունակի աշխատել իր զարգացրած ցանցային բիզնես մոդելով։ Եկող տարիներին պարզ խանութներում վաճառքներն աստիճանաբար անկում կապրեն, և մարդիկ կնախընտրեն օգտվել սուպերմարկետներից։
Այս տնտեսական ֆենոմենը կոչվում է «կենտրոնացում», և այս հարցում Հայաստանը բացառություն չի լինի։ Փոքր խանութները դիվերսիֆիկացման ռիսկի տակ կլինեն, ստիպված կլինեն մասնագիտացված ուղղություններ ընտրել, այլապես ավելի վատ կլինի իրենց համար»,- ասաց Րաֆֆի Սեմերջյանը։
Իսկ «Քարֆուրի» առաջին օրերին գնային քաղաքականությունը, որը, ըստ որոշ տվյալների, չի տարբերվում այլ սուպերմարկետների սահմանած գներից, Րաֆֆի Սեմերջյանը շատ վաղ համարեց մեկնաբանել` նշելով, որ դիտարկում անելու համար ժամանակ է պետք, և սխալ է առաջին օրերի գործունեությամբ դիտարկել ընկերության գնային քաղաքականությունը։