Տիգրան Ջրբաշյան. «Հայաստանը հետաքրքիր հենակետ կարող է դառնալ ԵՏՄ երկրներում աշխատելու համար»

Հարցազրույց ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանի հետ

– Պարոն Ջրբաշյան, հայ-ամերիկյան հարաբերություններում, կարծես, ակտիվացման նոր փուլ է սկսվել քաղաքական դաշտում, ԱՄՆ-ը նոր, փորձառու դեսպան նշանակեց այստեղ, և դրական սպասումներ կան: Տնտեսական ոլորտում ի՞նչ զարգացումներ կան:

– Տնտեսական ոլորտում կա գործընթաց, կառավարական մակարդակով ստեղծված է հայ-ամերիկյան աշխատանքային խումբ, որը զբաղվում է տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, և որի հիմնական խնդիրն այս պահին համապատասխան առևտրի և ներդրումների պաշտպանության համաձայնագրի կնքման գործընթացն է: Դա շատ կարևոր է հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ում հայկական սփյուռքի գործոնը, որն ակտիվ մասնակցություն ունի այստեղ տարբեր ծրագրերով, բայց առայժմ` ոչ բիզնես ոլորտում, թեև արդեն որոշակի հետաքրքրություն կա: Նաև ԱՄՆ և այլ երկրներում Ամերիկայի առևտրի պալատների կողմից հետաքրքրություն կա` տարբեր բիզնես առաքելություններ բերել ՀՀ ու ծանոթացնել այստեղ իրավիճակին ու նոր ստեղծված հնարավորություններին:

Բավականին ակտիվ պրոցեսներ են սկսվել: Նախկինում նկատվում էր որոշակի պասիվությունը, որը, թերևս, պայմանավորված էր նոր իրավիճակում առկա անորոշություններով: Ներկայումս ամենակարևոր գործարքներից մեկը «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի պայմանագիրն է, որն ամերիկյան ամենամեծ ներդրումը կլինի ՀՀ-ում: Հուսով եմ, որ դա հաջողություն կունենա, և հայ-ամերիկյան բիզնես հարաբերությունների միջավայրն էապես կփոխվի: Նաև մենք ենք փորձում համապատասխան հարաբերություններ ձևավորել մի շարք երկրներում գործող Ամերիկայի առևտրի պալատների հետ, մասնավորապես` Վրաստանում, Ռուսաստանում և այլուր, տարածաշրջանային տեսակետից ամերիկյան բիզնես հետաքրքրություններն ակտիվացնելու համար: Վերջերս ՌԴ-ում Ամերիկայի առևտրի պալատը և Ռուս-ամերիկյան բիզնես խորհուրդը (Վաշինգտոն, ԱՄՆ) հանդիպում էին կազմակերպել` քննարկելու եվրասիական գոտու խնդիրները, մասնակցում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, հանձնաժողովի այլ անդամ-նախարարներ, ամերիկյան կողմից` շուրջ 300 խոշոր կորպորացիաների ներկայացուցիչներ, և այլք:

Կարդացեք նաև

Այսինքն` շփումներն ակտիվացել են և, կարծես, նոր փուլ է սկսվել: Առայժմ դա կառավարական մակարդակի վրա է, բայց բիզնեսի հետ կապված հետաքրքրությունը մեծ է:

– Հայաստանում ամերիկյան հնարավոր ներդրումների չափի կանխատեսում կա՞:

– Հուսով լինենք, որ «Կոնտուր Գլոբալի» գործարքը կկայանա, առնվազն այդ մասով ամերիկյան ներդրումների աճ կլինի: Բացի դրանից, մի շարք հետաքրքրություններ կան հանքարդյունաբերության ոլորտում, «Honeywell» միջազգային ինդուստրիալ կորպորացիայի ներկայացուցիչները Հայաստանում էին, բանակցություններ էին վարվում, ՀՊՃՀ-ում կնքվեց հուշագիր հետազոտական կենտրոն հիմնելու մասին, նաև այլ հետաքրքրություններ ունեն: «General Electric» ընկերությունն էներգետիկայի ոլորտում է հետաքրքրված, «Մայքրոսոֆթը» բավականին ակտիվ է այստեղ, մասնակցում է start-up-երի ստեղծման և առաջխաղացման ծրագրերին: Ընդհանուր առմամբ, ամերիկյան մասնակցությունը ՀՀ-ում համեմատաբար մեծ է: Անցած տարի ՀՀ-ում արտաքին մասնավոր ներդրումների ընդհանուր աճ է եղել: Ամերիկյան և ընդհանրապես արևմտյան բիզնեսի համար ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին, հնարավոր է, որ բավականին հետաքրքիր կդարձնի մեր երկիրը: Բիզնես միջավայրը բնորոշող ցուցանիշներով ՀՀ-ն միանշանակ առաջատարն է ԵՏՄ անդամների ցանկում: Այսինքն՝ ՀՀ-ն հետաքրրքիր հենակետ կարող է դառնալ այդ երկրներում աշխատելու համար:

– Իսկ ՌԴ-Արևմուտք հակամարտությունն ինչպե՞ս է ազդում այդ գործընթացի վրա:

– Միանշանակ` բացասական, բայց, կարծում եմ, որ առաջին հերթին` ամերիկյան կողմից կիրառվող պատժամիջոցները զանգվածային չեն, ավելի կետային են, ինչը ենթադրում է, որ, ընդհանուր առմամբ, բիզնեսի համար դեռևս լուրջ խոչընդոտներ չկան: Վ.Խրիստենկոն իր ելույթում նշեց, որ ԵՏՄ կառույցները որպես հավասար գործընկերներ են դիտարկում ԱՄՆ գործարարներին և տարբերություն չեն տեսնում տեղական կամ ամերիկյան ընկերությունների միջև, որոնք գործում են ՌԴ-ում:

Իհարկե, կան ոլորտներ, որտեղ պատժամիջոցների պատճառով ավելացել են ծախսերը, բայց ընկերություններն աշխատում են, և մատակարարումները շարունակում են: Այլ հարց է, որ ռուսական պատժամիջոցները շատ ավելի խնդիրներ են հարուցել, քանի որ ավելի զանգվածային են ու ոլորտային: Կարծում եմ՝ կողմերն այսօր փորձում են պահպանել «նվազագույն վնաս հասցնելու» սկզբունքը: Նաև կարծում եմ, որ այս քաղաքական պրոցեսներն ունեն շատ լուրջ ազդեցություն, բայց բիզնես աշխարհն այսօր այնքան գլոբալ է, այնքան սերտաճած է, որ դժվար է պատկերացնել, որ վաղը կողմերն իսպառ կդադարեցնեն համագործակցությունը:

– Ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկայում:

– Առնվազն առաջիկա տարվա համար ՀՀ տնտեսական վիճակը լինելու է բավականին ծանր: Մի կողմից` դա խնդրահարույց վիճակ է, որ պահանջում է ուժեղ կառավարում և արագ որոշումների կայացում, և, բնականաբար, այստեղ ավելի մեծ պատասխանատվության խնդիր է առաջանում: Բայց մյուս կողմից` ենթադրում է, որ մենք 2 տարի անց կլինենք ամբողջովին այլ երկիր: Ամեն անգամ ճգնաժամից երկիրն ավելի առողջացած է դուրս գալիս: Զարգացած երկրներում, որոնք ցիկլիկ ճգնաժամերի են ենթարկվում, հասարակությունը հոգեբանորեն շատ ավելի պատրաստ է ու գիտի, որ ավելի լավ պայմաններ են հաջորդելու:

ԱՊՀ հասարակությունները ճգնաժամի ֆենոմենին դեռ սովոր չեն: Այժմ ՀՀ-ն մտնում է այդ ծանր փուլի մեջ, և զուգահեռաբար ի հայտ են գալիս նոր հնարավորություններ: Հաշվի առնելով, որ արտաքին շոկերից եկող ճգնաժամի հիմնական աղբյուրը լինելու է ներքին պահանջարկի նվազումը, պետության դերակատարումը կարող է լինել երկակի. նախ` ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ խթանելու սպառումը հանրային ծախսերի ավելացման միջոցով, իրականացնելով տարբեր տիպի ծրագրեր, որոնք ունեն մուլտիպլիկատիվ ազդեցություն (ճանապարհաշինարարություն, էներգետիկ ծրագրեր), երկրորդ` ի հաշիվ ֆինանսական միջոցների ներգրավումների, հարկային ճնշումը բիզնեսի վրա պակասեցնել, որպեսզի կտրուկ անկման պայմաններում բիզնեսը կարողանա գոյատևել ու չփակվել:

Այս երկուսը, կարծում եմ, կառավարությունը պետք է համատեղի: Առաջին և ամենաարագ լուծելի հարցերը հարկային ոլորտում են: Եվ, կարծես թե, այդ քայլերն արդեն արվում են, օրինակ` շրջանառության հարկի փոփոխությունները, ավելացված արժեքի հարկի կիրառման մինիմալ շեմի ավելացումը, և այլն:

– «Կոնտուր Գլոբալի» համաձայնագիրը կնքվեց 2013-ի վերջին, բայց մինչև հիմա գործարքը չի ավարտվում: Լուրեր կային, որ ռուսական կողմն է խոչընդոտում:

– Նման խնդիր չկա: Պարզապես նորանշանակ կառավարությունը նոր մոտեցումներ է ցուցաբերել: Որոշակի անհանգստություն է առաջացնում պայմանագրի ստորագրման պահից հետո տվյալ պայմանագրի պայմանների իրագործման փոփոխությունը: Բայց կողմերն ըմբռնումով մոտեցան իրավիճակին, և կարծում եմ` շուտով խնդիրը հանգուցալուծում կստանա: ՀՀ էներգետիկայի ոլորտն ամենահաջողված, բարեփոխված ոլորտներից է համարվում ընդհանրապես ամբողջ Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների ցանկում, խաղի կանոնները շատ բարենպաստ են ներդրումների ու զարգացման համար:

– Մի քանի տարի առաջ մասնավոր զրույցներում ամերիկյան ներդրողները հրաժարվում էին ՀՀ-ում ներդրումներ անել` հիմնավորելով, որ ՀՀ-ն բոլորովին գրավիչ չէ` իր դատական համակարգի խնդիրներով, մենաշնորհներով, օլիգոպոլիաներով: Այժմ ի՞նչն է փոխվել, որ հետաքրքրություն է առաջացել:

– Հրապուրիչ լինել-չլինելու փաստարկն ընդունելի չէ ինձ համար: Տնտեսական տեսանկյունից ամենակարևորը շահութաբերությունն է: Ցանկացած ռիսկ ունի իրեն համարժեք շահութաբերություն: Բացառություն է, իհարկե, ֆորս-մաժորային իրավիճակը: Եթե այսօր ներդրումներ են կատարվում Լիբանանում, Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում, որտեղ ֆորս-մաժորային ռիսկեր են, ենթադրվում է, որ տվյալ ներդրումների շահութաբերությունը կապված է առկա ռիսկերի հետ: Փողը հոտ չունի, փողը փնտրում է շահույթ: Խնդիրն այն է, որ պետք է ընկալել, որ ՀՀ-ն զարգացած երկիր չէ, և բոլոր այն ռիսկերը, որ բնորոշ են զարգացող երկրներին, բնորոշ են նաև ՀՀ-ին:

Ես չեմ կարող ասել, որ ՀՀ դատական համակարգը, կոռուպցիայի մակարդակը և այլն, ավելի վատն է, քան մյուս նմանատիպ շուկաներում: Պետք է հասկանալ` ում հետ են համեմատականներ տարվում, նաև դիտարկել շահութաբերության մակարդակի համապատասխանությունը ներդրումների ռիսկին: Այսօր խնդիրն այն է, որ մեր երկրի տնտեսությունում առկա շահութաբերության մակարդակը չի համապատասխանում ռիսկին, շահութաբերությունը ցածր է: Բայց պետք է ընդունել նաև, որ նմանատիպ ռիսկերը բնորոշ են մեզ նման երկրներին: Դրանց չեզոքացման ուղղությամբ լուրջ աշխատանք ու բարեփոխումներ պետք է իրականացնել, սակայն, միաժամանակ, պետությունը պետք է ուշադրություն դարձնի նաև տվյալ ռիսկերին համապատասխան շահութաբերություն ապահովելու վրա:

– Եվ ի՞նչն է փոխվել այս մի քանի տարվա ընթացքում:

– ՀՀ-ում ճգնաժամից և ԵՏՄ-ին անդամությունից հետո գոյացել են որոշակի ոլորտներ, որտեղ հնարավոր է, որ շահութաբերության մակարդակն ու շուկայի մեծությունը դառնան ավելի մոտ մեր ռիսկերի գնահատմանը: Չեմ կարող ասել, որ մեր երկրում այնպիսի բարեփոխումներ են իրականացվել, որ կտրուկ փոխել են մեր ռիսկայնության մակարդակը, հակառակը` հնարավոր է, որ որոշ ոլորտներում շահութաբերությունն է ավելացել: Ամերիկյան ներդրողն ավելի զուսպ է, ԱՄՆ-ը ունի ահռելի մեծ շուկա, և դրսում «բախտ փնտրելու» հետաքրքրությունը միշտ եղել է ավելի նվազ, շատերը երբևէ դուրս չեն եկել ԱՄՆ-ից:

Այդ պատճառով ռիսկերի համարժեք շահութաբերությունն ավելի մեծ նշանակություն ունի նրանց համար, քան այլ՝ ռուսական, արաբական, չինական, եվրոպական բիզնեսի համար: Իմ կարծիքով` ավելի շատ գնահատելի են ոչ թե ամերիկյան ներդրողները, այլ ամերիկյան տեխնոլոգիաները: Ես առաջիկա մի քանի տարիներին ակնկալում եմ արտաքին ներդրումների աճ, հատկապես՝ երրորդ երկրներից, որովհետև մեր շահութաբերության մակարդակը, ճգնաժամի հետ կապված, հավանաբար, որոշ ոլորտներում կավելանա, իսկ ռիսկերը, ենթադրում եմ, էապես չեն ավելանա, անգամ կան հույսեր, որ կարող են նույնիսկ պակասել: Օրինակ՝ ունենք էներգետիկ օբյեկտ, որի արտադրողականությունը դուրս է եկել միջազգային մակարդակի` Երևանի ՋԷԿ-ում, ջերմոցներ են կառուցվում լավագույն հոլանդական տեխնոլոգիաներով, և այլն: Այդ ոլորտները, որտեղ շահույթն առավելագույնն է, հրապուրիչ են դառնում ներդրողների համար:

Տեսանյութեր

Լրահոս