Ի՞նչ արտոնություններ են ստացել հայ միգրանտները ՌԴ-ում, և ինչպե՞ս նրանք կարող են դուրս գալ «սև ցուցակներից». պարզաբանում է ՌԴ Միգրացիոն ծառայության պաշտոնյան
Չնայած Ռուսաստանում առկա տնտեսական ճգնաժամին, որի հետևանքով աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնելն այլևս շահավետ չէ միգրանտների համար, քանի որ կրճատվում են միգրանտների աշխատանքի ոլորտներն ու ծավալները` ՌԴ-ն որոշակի արտոնություններ է տրամադրում Հայաստանից Ռուսաստան տարբեր նպատակներով մեկնել պատրաստվող քաղաքացիներին: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ և ՀՀ քաղաքացիների գրանցման կարգի պարզեցման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, իսկ Հայաստանի հետ տվյալ համաձայնագիրը` «Հայաստանի քաղաքացիների կեցության և Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների կեցության կարգի մասին համաձայնագիրը», ստորագրվել է 2014թ. հուլիսի 11-ին՝ Սոչիում: Ռուսաստանի Դաշնությունը նման համաձայնագրեր էր վավերացրել Ղազախստանի և Բելառուսի հետ:
168.am-ի հետ զրույցում ՌԴ միգրացիոն ծառայության օտարերկրյա քաղաքացիների հրավերների և վիզաների տրամադրման բաժանմունքի պետ Նիկոլայ Բիչկովը տեղեկացրեց, որ հայաստանյան միգրանտներին տրամադրվող արտոնությունները պայմանավորված են ՀՀ ԵՏՄ անդամակցությամբ, իսկ ԵՏՄ-ն ենթադրում է միասնական տարածք ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար: Բիչկովն ասաց, որ Պուտինի ստորագրած օրենքը ենթադրում է մի շարք արտոնություններ հայաստանյան միգրանտների համար, որոնցից ամենակարևորն այն է, որ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիներն ազատվում են գրանցվելու պարտականությունից:
Ըստ Բիչկովի, նախկինում նրանք պետք է գրանցվեին ժամանումից սկսած՝ 30 օրվա ընթացքում, ՌԴ պատկան կառույցներում: Այս օրենքի հաստատումից հետո, Բիչկովի հավաստիացմամբ, հայաստանյան միգրանտները կարող են ՌԴ-ում գտնվել առանց գրանցման՝ 90 օրից մինչև 180 օր, և Դաշնային Միգրացիոն ծառայությունը նրանց չի անհանգստացնի գրանցման մասին պահանջներով: Սակայն, նրա խոսքով, Ռուսաստան ժամանել պատրաստվող ՀՀ քաղաքացիները պետք է լավ ծանոթ լինեն ՌԴ օրենսդրությանը և հստակ իմանան` ինչպիսի իրավախախտումներ չպետք է կատարեն Ռուսաստանում՝ ՌԴ մուտքի իրավունքից ժամանակավորապես չզրկվելու նպատակով:
Բիչկովը խորհուրդ տվեց Հայաստանից ՌԴ աշխատելու նպատակով մեկնող քաղաքացիներին՝ ճիշտ լրացնել միգրացիոն թերթիկը և անպայմանորեն նշել, որ իրենց այցի բնույթն աշխատանքային է, քանի որ միայն այս ընթացակարգից հետո նրանք կազատվեն 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից: Ըստ նրա, միգրացիոն թերթիկը ճիշտ լրացնելուց հետո միգրանտի խնդիրները լուծելու հարցով պետք է զբաղվեն ռուսաստանյան գործատուները: Նրա հավաստիացմամբ` համաձայնագիրը ենթադրում է, որ աշխատանքային միգրանտների միգրացիոն բոլոր խնդիրները պետք է լուծեն գործատուները, ուստի միգրացիոն թերթիկի լրացումից հետո ողջ ընթացակարգի պատասխանատվությունը պետք է կրի գործատուն: Հստակեցնող հարցին, թե օրենքն առնչվո՞ւմ է արդյոք աշխատանքային միգրանտի ընտանիքի անդամներին ևս` Բիչկովը դրական պատասխանեց:
Անդրադառնալով հազարավոր ՀՀ քաղաքացիներին, որոնք հայտնվել են ՌԴ Դաշնային Միգրացիոն ծառայության «սև ցուցակներում»` ռուս պաշտոնյան ասաց, որ դրանք պետք չէ որակել՝ որպես «սև ցուցակներ»: «Դրանք այն անձինք են, որոնց համար ՌԴ մուտքն արգելված է որոշակի ժամկետով այս կամ այն հիմքով: Այդ հիմքերը, այսինքն` իրավախախտումները, ամրագրված են օրենքով, ուստի մենք չունենք «սև ցուցակներ», կան միգրանտներ, որոնք կեցության ռեժիմն են խախտել և զրկվել ՌԴ մուտքի իրավունքից»,- հստակեցրեց Դաշնային Միգրացիոն ծառայության պաշտոնյան:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ նախորդ տարի ՀՀ և ՌԴ համապատասխան մարմինները բանակցություններ էին վարում ցուցակներում ընդգրկված մարդկանց այդ ցուցակներից հանելու ուղղությամբ, բանակցությունները որոշակիորեն իրենց արդյունքը տվել են: Սակայն ներկայում, նրա փոխանցմամբ, բանակցություններ չեն ընթանում: «Ասեմ, որ այս հարցում իրականում ընդհանրապես խնդիր չեմ տեսնում: Յուրաքանչյուր դեպք անհատական է և պետք է կարգավորվի անհատական դիմումի շրջանակում: Այսինքն` քաղաքացին կարող է դիմել այն մարմնին, որն արգելել է մուտքը՝ որոշումը վերանայելու խնդրանքով: Այդ դիմումները դիտարկվում են, ավելին՝ վերանայվում են անհատական կարգով»,- պարզաբանեց ՌԴ միգրացիոն ծառայության օտարերկրյա քաղաքացիների հրավերների և վիզաների տրամադրման բաժանմունքի պետ Նիկոլայ Բիչկովը:
Հարցին, թե ՌԴ համապատասխան մարմինները չե՞ն պատրաստվում արդյոք վերանայել իրավախախտումների շրջանակը, քանի որ, ըստ իրավապաշտպանների, անհեթեթ խախտումների համար են միգրանտները հայտնվում, այսպես կոչված «սև ցուցակներում», Բիչկովը պատասխանեց, որ այս պահին նման տեղեկություն իրեն հայտնի չէ: Թեև, նրա խոսքով, կան շատ առաջարկներ: Սակայն, նրա համոզմամբ, այդ ցուցակները մեծ խնդիր չեն, և մարդիկ կարող են վերանայման դիմումներ ներկայացնել: «Այսուհետ վստահ կարող եմ ասել, որ Հայաստանից Ռուսաստան աշխատելու նպատակով մեկնող քաղաքացիները կարող են Ռուսաստանում ապահովել իրենց կեցությունը, ինչպես Բելառուսի և Ղազախստանի միգրանտները»,- ընդգծեց Բիչկովը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը խստացրել է երկիր մուտքի պայմանները՝ սահմանելով նոր կարգ` «Ռուսաստանի Դաշնության տարածք՝ օտարերկրացիների և դաշնային միգրացիոն ծառայության գծով քաղաքացիություն (ՌԴ) չունեցող անձանց չթույլատրելու հիմքեր»:
Այդ նոր կարգի համաձայն` մուտքի արգելումն իրականացվում է երեք և հինգ տարով, վերջերս մշակված օրենքի համաձայն՝ նաև 10 տարով: Երեք տարով փակվել է այն քաղաքացիների մուտքը, ովքեր Ռուսաստանում բնակվելու ժամանակահատվածում խախտել են 90-օրյա կեցության ժամկետը կամ միգրացոն այլ օրենքներ, կամ այլ տեսակի վարչական իրավախախտում են իրականացրել, օրինակ` մեկ անգամից ավելի տուգանվել են Պետավտոտեսչության կողմից: Իսկ հինգ տարով փակվել է այն քաղաքացիների մուտքը, ովքեր արտաքսման են ենթարկվել:
Այս օրենքին գումարվել է մեկ այլ օրենք ևս, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 10-ից: Ըստ դրա, Ռուսաստանում կեցության կարգը խախտողների համար նախատեսվում է ՌԴ մուտքի արգելք շուրջ 10 տարով: ՌԴ Դաշնային Միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին ասել էր, որ 120-օրյա կեցության ժամկետի խախտումն ավտոմատ կերպով կհանգեցնի ՌԴ մուտքի արգելքի՝ 3 տարով, 270-օրյա ժամկետից ավելի ՌԴ-ում ապօրինաբար գտնվելը` հինգ տարով, իսկ 360-օրյա ժամկետից ավելի ապօրինի կեցությունը շուրջ տասը տարով կարգելի մուտքի իրավունքը դեպի Ռուսաստան: