2015-ին տնտեսական անկումը կլինի 10-12 %, գնաճը՝ 8-10%. Բագրատ Ասատրյան
2015 թվականին տնտեսական անկումը կլինի երկնիշ՝ 10-12 տոկոս, գնաճը՝ 8-10 տոկոս, ներմուծումը կնվազի 25 տոկոսով, մի փոքր ավելի քիչ կկրճատվեն արտահանման ծավալները, ամենաէական անկումը կգրանցվի առևտրի և շինարարության ոլորտում: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով, անցած տնտեսական տարին մի կերպ է փակվել, գրանցված աճն էլ աճ չէր. «Տնտեսական աճ կար գյուղատնտեսության ոլորտում, որը հասկանալի է: Արտադրության և ևս մի շարք կարևոր ոլորտներում աճը զրոյական է:Անցած տարվա ցուցանիշներն ավելի վատ էին, քան նախանցած տարիների արդյունքները, երկրում ոչինչ տեղի չի ունենում, յոլա տանելու քաղաքականությամբ է ոլորտը տեղից շարժվում, մյուս կողմից իրավիճակի վրա ազդում է նաև արտագաղթը՝ 2014թ. մեկնողների և ժամանողների տարբերությունը 2013-ի համեմատ ավելացել է 10-12 տոկոսով կամ, համապատասխանաբար, 42 հազարի փոխարեն անցած տարի 47 հազար մարդ է մեկնել երկրից»:
Ինչ վերաբերում է քաղաքական զարգացումների կորին, ըստ տնտեսագետի, 2014թ. այն շարժվել է դեպի Ռուսաստան։ Հասարակության ոգևորությունը, թե արտաքին առևտուրը կաշխուժանա, իրականություն չդարձավ, քանի որ անցած տարի առևտրաշրջանառությունը կրճատվեց. Արտահանումը՝ 7,7 տոկոսով, ներմուծումը՝ 6,7 տոկոսով:
«Եվ ոչ մի Մաքսային միություն էլ չկա, ներդրումները կրճատվել են, տրանսֆերտները ևս, հունվարին նախորդ տարվա համեմատ տրանսֆերտների տարբերությունը կազմել է 60 տոկոս: Այսօր մեր ունեցած ռեսուրսները սահմանափակ են, Ռուսաստանի հնարավորություններն օբյեկտիվորեն սահմանափակված են, այս վիճակը երեք տարի է տևելու, 2017թ. նոր իրավիճակը կսկսի կարգավորվել»,-հայտնեց Բ. Ասատրյանը:
Ստեղծված իրավիճակում հետևանքները ծանր կլինեն Հայաստանի տնտեսության համար՝ կշարունակեն կրճատվել տրանսֆերտները, Հայաստանից Ռուսաստան արտահանումները, զբաղվածությունը և այլն:
Տնտեսագետը կարծում է, որ նման իրավիճակում տնտեսական քաղաքականություն պետք է տարվի երկրի ներսում, պետք է վերանայվեն բյուջետային ծախսերը, զբաղվածությունը խթանող քայլեր իրականացվեն և արտահանման ոլորտն աշխուժացնեն. «Շինարարության ոլորտը զբաղվածություն ապահովելու տեսանկյունից ամենառեսուրսային է, պետք է սկսել ոչ թե էլիտար, այլ էկոնոմ դասի բնակարանաշինությունը»:
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ստեղված իրավիճակի կարգավորման ժամկետների հետ համաձայնեց Բագրատ Ասատրյանի հետ:
Նրա կարծիքով, նշված տնտեսական բացասական նկարագրի կողքին մենք տեսնում ենք նաև միջին աշխատավարձի բարձրացում, հարկերի վճարումների, աշխատատեղերի ստեղծման և մի շարք դրական տեղաշարժեր:
«Նոր կառավարության քայլերից արդյունավետություն ունեն շրջանառության հարկի, տեսչական ստուգումների կառուցվածքի փոփոխության միջոցառումները, սակայն անհրաժեշտ է, որպեսզի հարկային օրենսդրությունը փոփոխվի և օրենքի պահանջներն ավելի հստակեցվեն»,-տնտեսական փոփոխությունների հետ կապված նկատեց Ա. Դավթյանը: