Անմոռուկս անմոռուկիդ վնաս չի
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկի» շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Հիշեցնենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհրդանիշը` անմոռուկ ծաղիկը և կարգախոսը («Հիշում եմ և պահանջում») հանրության դատին ներկայացվեցին 2014 թվականի մայիսի վերջին։
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որն անցկացրել է մրցույթ։ Ներկայացվել են տասնյակ աշխատանքներ, հանձնախումբը որոշել և պետական հանձնաժողովն էլ հաստատել է «Շարմ» ընկերության նախապատրաստած խորհրդանիշը` անմոռուկ ծաղկի տեսքով, որը բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու։
Անմոռուկը ներկայացնելու առաջին իսկ օրվանից սկսվեց քննադատությունների և մեղադրանքների տարափը։ Ոմանք ասում էին, որ խորհրդանիշը լավը չէ, մյուսներն ասում էին, որ գաղափարը գողացված է ռուսական առևտրային ընկերության լոգոտիպից։ Եղան նաև մարդիկ, ովքեր ավելի հեռուն գնացին. լոգոտիպը կապեցին մասոնականության հետ։
Ինչպես ասում են, սև PR-ը նույնպես PR է։ Ու նաև այդ մեղադրանքների շնորհիվ` Անմոռուկը կարծես ճանաչվեց և մասսայականություն ստացավ։ Մեր հայրենակիցներից շատերը սոցիալական ցանցերի իրենց հիմնական նկարները փոխարինեցին անմոռուկով։ Շատ պաշտոնյաների (հատկապես ՀՀԿ-ական) կուսակցական կրծքանշաններին փոխարինեցին անմոռուկի ձևով պատրաստված կրծքանշանները։ Մեքենաների վրա հայտնվեցին կպչուն անմոռուկներ։ Մի խոսքով, անմոռուկը տարածվեց և շարունակում է տարածվել։
Իսկ այն, ինչ ճանաչվում է, բնականաբար, կարող է դառնալ բիզնես ու եկամտի աղբյուր։ Ու սկսվեց բիզնեսը, ընդ որում, բավականին շահութաբեր։ Տպագրական ծառայությունները տպագրում և վաճառում են կպչուն թղթի վրա պատկերված անմոռուկներ` մեքենայի ապակիներին և այլ տեղերում օգտագործելու համար։ Դիզայներներն առաջարկում են ամենատարբեր պարագաներ` անմոռուկային թեմաներով։ Իսկ կրծքանշան-անմոռուկները` ոսկեջրած կամ արծաթաջրած, առաջարկվում են ինտերնետում։ Ընդ որում, բավականին թանկ` 3000-5000 դրամ։ Ոմանք այնքան էին տարվել Ցեղասպանության թեմատիկան փող աշխատելու համար օգտագործելու ձգտումներով, որ անգամ չափերն անցան։ Օրինակ` ատամնաբուժական կլինիկաներից մեկն ակցիա էր առաջարկել` 1.5 միլն հայերի ատամնաքարերի անվճար մաքրում։ Սա հանձնաժողովին ստիպեց ավելի հետևողականորեն գտնվել Ցեղասպանության հետ առնչվող ատրիբուտիկայի օգտագործումը կանոնակարգելու հարցում։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգելու համար ստեղծված կայքում զգուշացվում է. ««Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում և արտերկրում։ Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը։ Այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր ցանկություն ունեն օգտագործել «Անմոռուկը» հուշանվերային արտադրություն կազմակերպելու համար, պետք է դիմեն 010 530062 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկեն հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]»։
Այսինքն` ոչ ոք իրավունք չունի առանց հանձնաժողովի թույլտվության անմոռուկի տեսքով կրծքանշաններ կամ նման այլ պարագաներ վաճառել։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի մամուլի պատասխանատու Հարություն Բերբերյանը` այս պահի դրությամբ 20-ից ավելի ընկերություններ և անհատ ձեռնարկատերեր հայտ են ներկայացրել` անմոռուկը հուշանվերային արտադրության համար օգտագործելու նպատակով։ Հանձնաժողովը վաղը արդեն կհստակեցնի` որ կազմակերպությունները դրա իրավունքը կունենան։
Շատ տեղերում անմոռուկային բիզնեսն արդեն դադարեցվել է։ Սակայն, տարբեր ընկերություններ և անհատ ձեռնարկատերեր շարունակում են անմոռուկների գործը։ Կայքերում առաջարկվում են կրծքանշաններ, հուշանվերներ և այլ պարագաներ` Անմոռուկի լոգոտիպով։
Հարություն Բերբերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առայժմ ոչ մի ընկերության հայտ չի բավարարվել, անմոռուկի կրծքանշան արտադրող և վաճառող ընկերությունները գործում են օրենքից դուրս։ Բայց կա մի մեծ բայց։
Անմոռուկով հուշանվերներ արտադրողներին դատի տալը բավականին դժվար է լինելու։ Մարդիկ կարող են մեկ աննշան դետալ փոփոխել և ասել` սա այն անմոռուկը չէ, որի հեղինակային իրավունքը դուք գրանցել եք։ Իսկ «շփոթության աստիճանի նմանեցնելու» մեղադրանքն այս դեպքում չի աշխատի, որովհետև հենց «Շարմ» ընկերության մշակած լոգոտիպն ինքը շփոթության աստիճանի նման է աշխարհում գոյություն ունեցող բազում այլ «անմոռուկային լոգոտիպերի»։ Ժամանակին, երբ «Շարմին» մեղադրում էին գրագողության մեջ, այս ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանն ասել էր. «Ցանկացած լոգո բերեք, ես նմանատիպ 8000-ը ցույց տամ։ Անմոռուկ ծաղկով ցանկացած մարդ կարող է ինչ-որ բան մտածել» (տես`այստեղ.)։
Դե ահա, այս մարդիկ էլ մտածել են ինչ-որ բաներ` անմոռուկ ծաղկով։ Այսինքն` այն արդարացումը, որը բերվում էր լոգոտիպի հեղինակների կողմից, կարող է օգտագործվել հենց իրենց դեմ։ Գործարարների դեմ հանձնաժողովը, ըստ էության, մեծ լծակներ չունի։
Եթե բացառենք լոգոտիպի և Ցեղասպանության հետ կապված այլ ատրիբուտիկայի շահարկումը (ինչպես վերը նշված ատամնաբուժարանի դեպքում), ապա էթիկայի կանոնների պահպանման դեպքում շատ էլ լավ է, որ կա պահանջարկ, և մեծ թվով մարդիկ են դա արտադրում։ Չէ՞ որ նպատակն ի սկզբանե այդ լոգոտիպի առավելագույն տարածումն էր։ Պարզապես այստեղ գործ ունենք բիզնես շահերի հետ։
Հ. Բերբերյանին հարցրեցինք` եթե այս պահին «անմոռուկային» ատրիբուտներ արտադրողներն օրենքից դուրս են, որտեղի՞ց մեր պաշտոնյաների պիջակներին ամրացված անմոռուկները։ Նա պատասխանեց, որ պետական պատվերով մի խմբաքանակ արտադրվել է արտերկրում, և ներկայումս` մեկ այլ խմբաքանակ այս պահին արտադրվում է։ Դրանք տրվելու են խանութներին ու կրպակներին, և ցանկացողները կկարողանան վերցնել կամավոր նվիրատվության սկզբունքով։
Ի դեպ, Aravot.am-ը որոշ ժամանակ առաջ զրուցել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման գրասենյակի տնօրեն Արմեն Ծատուրյանի հետ, ով ասել էր. «Անմոռուկների մի խմբաքանակ` շուրջ 20.000, Չինաստանից բերվեց ՀՀ, մարտին էլ շուրջ 300.000-ը կբերվի։ Կրծքանշաններն այնտեղ են արտադրվել»։
Ըստ երևույթին, հենց այդ 20 հազարանոց խմբաքանակն է բաժանվել պետական պաշտոնյաներին, և այդ 300 հազարն է տեղ գտնելու խանութներում։ Ամեն դեպքում, չինական ո՞ր ընկերությունն է արտադրողը, ի՞նչ գնով են մատակարարում անմոռուկները և ինչո՞ւ է որոշվել պետական պատվեր իջեցնել ոչ թե հայկական, այլ չինական ընկերությանը։ Այս հարցերի պատասխանները ստանալ չհաջողվեց։ Հանձնաժողովի մամուլի պատասխանատուն խոստացավ ճշտել և պատասխանել, սակայն, քանի որ թերթը տպագրության ուղարկելու պահին պատասխանը դեռ չկար` որոշեցինք հոդվածն ամփոփել առանց այդ պատասխանի։ Պատասխանը լինելուն պես` այն կներկայացնենք առանձին։