ԵԽ ԽՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանամետ զեկույցը չի ունենա որևէ իրավական ուժ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, որպես Ալիևի պաշտպան` հայտնի Ռոբերտ Ուոլթերն առաջիկա օրերին կսկսի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և ադրբեջանական այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ աղմկահարույց զեկույցի նախապատրաստական աշխատանքները։

Զեկուցաբեր նշանակված ԵԽ ԽՎ քաղաքական հարցերով կոմիտեի ներկայացուցիչ, ադրբեջանամետ հայացքներով հայտնի պատգամավոր Ուոլթերն այդ նպատակով մարտի 12-13-ը կայցելի Բաքու` այնտեղ որոշակի «ուսումնասիրություններ» անցկացնելու նպատակով։ Ըստ որոշ տեղեկությունների` ԵԽ ԽՎ պատգամավորը ցանկություն ունի լինել նաև Հայաստանում և Արցախում, ինչի վերաբերյալ հստակ տեղեկություններ առայժմ չկան։

Դեռևս մի քանի ամիս առաջ էր ԵԽ ԽՎ բյուրոն որոշում կայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախաձեռնություն ուղարկել ԵԽ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողով` զեկույց պատրաստելու նպատակով, քաղաքական կոմիտեն` քննարկելով հարցը, խնդրով զեկուցող էր նշանակել Ուոլթերին։ Զեկույցը սեպտեմբերի 29-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հաստատմանն էր ներկայացրել Նիդեռլանդները ներկայացնող պատգամավոր Թինի Կոքսը։

Ավելի վաղ` ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում, մի շարք պատգամավորներ ԼՂ հիմնախնդրի հարցով 2 զեկույցի նախագիծ էին ներկայացրել ԵԽ ԽՎ բյուրո։ Բանաձևերի նախագծերից մեկը ներկայացրել էր ԵԽ

ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովը, երկրորդը` ԵԽ ԽՎ-ում Հունաստանի պատգամավոր, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորա Բակոյանիսը։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոն սեպտեմբերի 2-ին Փարիզում կայացած նիստի ժամանակ որոշում էր կայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևերի նախագծերն ուղարկել ԵԽ ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողով, որը պետք է պատրաստի համատեղ զեկույց։ ԵԽ ԽՎ բյուրոն միավորել է այդ նախագծերը և մի զեկույց պատրաստելու որոշում կայացրել, այսինքն` ներկայումս մշակվող զեկույցն այս երկու նախաձեռնությունների միավորումն է։

ԵԽ ԽՎ Հայաստանի պատվիրակությունը հայտարարել էր, թե բոյկոտում է ԵԽ ԽՎ-ում ԼՂ զեկույցի պատրաստման գործընթացը, թեև, որոշ գնահատականների համաձայն, միայն բոյկոտը չափազանց քիչ է, քանի որ խորհրդարանականները շատ ավելի բարձր նախաձեռնողականություն և դիվանագիտական ունակություններ պետք է ցուցաբերեն` կանխելով ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի դիվանագիտության հաղթանակները, ինչպիսին վերոնշյալ զեկույցի նախապատրաստումն է։

«168 Ժամի» հետ զրույցում Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանն ասաց, որ այդ նախաձեռնությունն իրենից ենթադրում է զեկույց, որը չի ունենալու նույն ուժը, իրավական պարտադրանքը, ինչ բանաձևը։ Թեև, նրա խոսքով, նախընտրելի էր, որ նման զեկույց ԵԽ ԽՎ-ում ընդհանրապես չընդունվեր։ Դեմիրճյանի բնորոշմամբ` դա Ադրբեջանի լոբբիստական հաղթանակն է և ոչ` քաղաքական, և Ադրբեջանին չի տալու որևէ քաղաքական դիվիդենտ։

Peto Demirjyan1«Պետք չէ սպասել, որ զեկույցը կլինի ճիշտ և արդար, որովհետև արդեն բոլորին է հայտնի, թե ինչ դիրքորոշումներ ունի այս անգլիացի պատգամավորը, և չհաջողվեց բեկանել այս զեկույցի պատրաստությունը։ Այդ պատգամավորի տիկինն Ադրբեջանում առևտրով և այլ կասկածելի գործերով է զբաղվում, գաղտնիք չէ, որ հատկապես ԵԽ ԽՎ-ում խավիարային դիվանագիտությունը խախտում է, և այս իմաստով ԵԽ ԽՎ-ն խոցելի է, ու շատ բնաձևերում այս մասին հիշատակումներ են եղել»,- ասաց Պետո Դեմիրճյանը` շարունակելով, որ, դժբախտաբար, Ադրբեջանը վեց ամիս ԵԽ-ի նախագահությունն էր ստանձնել, չնայած այդ ընթացքում Ադրբեջանում մարդու իրավունքների լայնածավալ ոտնձգություններին, որոնց ԵԽ ԽՎ-ն ոչ մի կերպ չհակադարձեց, և շարունակվեց խավիարային դիվանագիտությունը, որի արդյունքն էլ այդ զեկույցն է լինելու։

Այս պահի դրությամբ, Դեմիրճյանի խոսքով, պատվիրակությունն այլ բան անել չի կարող։ «Մեր պատվիրակությունն ինչ կարող էր անել` արեց։ Կուզեմ շատ հստակ ասել, որ ԵԽ ԽՎ-ն այն կառույցն է, որ շատ է ենթարկվում խավիարային դիվանագիտության։ Այլ կառույցների նման չէ, տարին չորս անգամ են հանդիպում, սա ոչ պարզ գործընթաց է, բայց բոլորս էլ աշխատում ենք, ՀՀ պատվիրակությունը հնարավորն անում է, որպեսզի նման որոշումներ չլինեն։ Միշտ չէ, որ հաջողվում է, բայց հասկանալի է նաև դա, սա դժվար ընթացակարգ է, որտեղ Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է ներդնում»,- ասաց Պետո Դեմիրճյանը։

ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ զեկույցն ու Սարսանգի ջրամբարն այն թեմաներն են, որոնք ադրբեջանական քարոզչության մեջ առաջնային տեղն են զբաղեցնում։ Ըստ նրա` նման վերնագրերով զեկույցները ոչ միայն անընդունելի են, այլև իմաստ չունեն, դրանք շատ հեշտ կարելի է պատրաստել միայն Բաքվի օգնությամբ և դիրքորոշումներով։

Davit Babayan«Եթե չի վերանայվում զեկույցի իմաստը, վերնագիրը, ձևակերպումները, ի՞նչ կարիք կա այցելել Ղարաբաղ և նման տեսակի զեկույցներ պատրաստել։ Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրում բռնությունների մակարդակը հասցրել են գրեթե «Իսլամական պետության» մակարդակին, այնինչ որևէ մեկը նման բանաձև չի պատրաստում ԵԽ ԽՎ-ում, սակայն նման բանաձև է պատրաստվում ԼՂ-ի վերաբերյալ։ Պարզապես ահաբեկչական պետությունն ինչ-որ ձևերով հովանավորում է խավիարային դիվանագիտությունը, մարդկանց շահագրգռում, որ անհեթեթ բանաձևեր պատրաստեն, որի վերաբերյալ մեր դիրքորոշումը մնացել է անփոփոխ. կարիք չկա ընդունել այդ պատվիրակին, եթե նա չի պատրաստվում վերանայել իր առաքելության իմաստը»,- նման կարծիք հայտնեց Դավիթ Բաբայանը` շարունակելով, որ եթե եվրոպացի խորհրդարանականները ցանկանում են այցելել Արցախ և հետևել ԼՂ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններին, մայիս ամսին կարող են լինել այնտեղ։ Բայց շահագրգռված և քաղաքականապես ոչ օբյեկտիվ փաստաթղթերը, նրա դիտարկմամբ, իրենց համար իմաստ չեն պարունակում, և ԼՂ իշխանությունների դիրքորոշումն անփոփոխ է` Ղարաբաղ այցելել նման կասկածելի և ոչ օբյեկտիվ փաստաթղթեր կազմելու համար պետք չէ։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է գործի հայաստանյան պատվիրակությունը` թույլ չտալու համար Ադրբեջանի պատվիրակությանը «հաղթանակել»` նա պատասխանեց, որ շփվում են պատվիրակության բոլոր անդամների հետ և գիտեն, թե ինչ քայլեր են նրանք ձեռնարկում` պաշտպանելով Արցախի շահերը։

«Բայց ես ճիշտ չեմ համարում ողջ մեղքը հայկական պատվիրակության վրա բարդելու մոտեցումը։ Ի վերջո, եվրոպական կազմակերպություններն այնպիսի մոդել ունեն, որ ցանկացած պատվիրակություն կարող է զեկույց պատվիրել, ու ի սկզբանե դրա դեմ առնել հնարավոր չէ, այլ բան է, որ նրանք կարող են աննորմալ տեքստ պատրաստել, և մենք կարող ենք միջամտել վերջնական փուլում և տապալել գործընթացը, որպեսզի բոլորի համար պարզ լինի մեր միասնականությունն ու այն, որ դրանք Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող նախագծեր են, և ինչպիսին է իրական պատկերը մեր տարածաշրջանում»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս