Բազմազավակ ընտանիքի համար առաջնայինը հացի խնդիրն է
Asparez.am-ըգրում է.
Բաղդասարյանների ընտանիքը շուրջ 10 տարի է՝ բնակվում է Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում: Ընտանիքը Ձորագյուղից Վանաձոր է տեղափոխվել 2005թ-ին՝ աշխատանք գտնելու ակնկալիքով: Սկզբնական շրջանում երեք անչափահաս երեխաների հորը՝ Արթուրին, հաջողվել է աշխատանք գտնել:
«Քաղաքում մեկի կովերն էինք պահում, ամեն կովի համար 3.000 դրամ էր տալիս: Դրանով կարողանում էի ընտանիքիս ծախսերը հոգալ»,- ասում է Արթուրը:
Անասունների տերը տեսնելով, որ ընտանիքը գտնվում է սոցիալապես խիստ անապահով վիճակում, բնակության համար ժամանակավորապես տրամադրել է իր վագոն-տնակը: ժամանակավորապեսը, սակայն, ձգվել ու դարձել է տարիներ:
Եւ չնայած վերջին տարիներին Արթուրն այլեւս անասնապահությամբ չի զբաղվում՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով, տնակի տերը դեռ թույլ է տալիս բնակվել այդտեղ:
«Արեւ ըլներ, անձրեւ ըլներ, անասունի մոտ մնում էի, մինչեւ իրիկուն: Իրիկունը թրջված գալիս էի տուն: Հիվանդացա, թոքաբորբ ընկա, թոքերումս ջուր է հավաքվում: Նաեւ սրտի հետ կապված խնդիրներ ունեմ»,- նշում է Արթուրը:
Հորը անասուն պահելու հարցում 3 տարեկանից օգնել են նաեւ երեխաները՝ Արսենը եւ Արտակը: Դա, սակայն, անհետեւանք չի մնացել: Տուժել է նաեւ երեխաների առողջությունը:
Տաս տարվա ընթացքում տնակը դարձել է բնակության համար ոչ պիտանի: Ամենուր առնետների կրծած անցքերն են, որոնք տանտերերն արդեն չեն էլ փորձում փակել:
«Մի տեղ փակում ենք, մի այլ տեղ են կրծում: Դրա համար էլ չենք էլ փակում»,- ասում է երեխաների մայրը՝ Ռուզանը:
Այժմ ընտանիքի եկամտի միակ աղբյուրը 34.000 դրամ նպաստն է, որը չի բավարարում ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար: Առօրյա խնդիրների ու թանկացումների արդյունքում օր օրի հարակից մթերային խանութներում ավելանում են պարտքերը:
«Խանութներից նիսյա վերցնում ենք, նպաստով քիչ-քիչ տալիս: Պարտքով մի կերպ յոլա ենք տանում: Հիմա մոտ 150.000 դրամի պարտք ունենք տարբեր խանութներում»,- նշում է Ռուզանը:
Երեխաների կարիքները հոգալու հարցում աջակցում է «Օրրան» բարեգործական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղը, որտեղ երեխաները օրը մեկ անգամ տաք սնունդ են ստանում: Կենտրոնի կողմից երեխաներին պարբերաբար նաեւ հագուստ է հատկացվում:
«Դա իմ համար շատ մեծ օգնություն է,- ասում է մայրը, -որովհետեւ օր է լինում՝ տանը մեկ անգամ եմ կարողանում հաց պատրաստել»: