Բաժիններ՝

«Այսօր հեռուստաընկերությունների միջև մրցակցություն չկա». Սուրեն Թադևոսյան

Հարցազրույց ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի հետ

Սուրեն Թադևոսյանի «Մինչ ես կմեռնեմ» ֆիլմն արդեն հասցրել է մասնակցել բազում կինոփառատոների և արժանանալ կինոմրցանակների: Ի՞նչն էր պատճառը, որ ժամանցային ոլորտի` հեռուստատեսության և տեսահոլովակների բնագավառում հաջողություններ գրանցած ռեժիսորը հանկարծ որոշեց փառատոնային լուրջ, ոչ կոմերցիոն ֆիլմ նկարահանել:

– Կպատմե՞ք ֆիլմի մտահղացման մասին:

– Տվյալ ֆիլմի միտքն ինձ մոտ շատ վաղուց էր: Մոտ երկու տարի ես մտածում էի լիամետրաժ ֆիլմի մասին: Բայց լիամետրաժ ֆիլմը շատ ավելի բարդ է իրագործել` զուտ ֆինանսական տեսանկյունից: Այդ իսկ պատճառով ես նկարահանեցի կարճամետրաժ ֆիլմ: Թեման բացարձակ կոմերցիոն չէ: Այն շատ ծանր դրամա է: Ցավոք, մարդիկ, հատկապես` մեր ժողովուրդը, չի սիրում այդ ժանրը:

Կարդացեք նաև

Suren Tadevosyan (4)

– Մեր սերիալներին հետևելով` դժվար է ասել, թե չենք սիրում դրամա: Մենք, կարծեք, սուպեր ողբերգությունների սիրահար ենք:

– Դե՛, սերիալային և զավեշտի հասնող ողբերգությունների մասին խոսել անգամ չեմ ուզում: Իմ ֆիլմը բացարձակ կոմերցիոն չէ` ո՛չ իր թեմայով, ո՛չ էլ ժանրով: Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում:

– Ինչո՞ւ: Մահանալուց առաջ պե՞տք է Ամերիկան տեսնել:

– Դուք ֆիլմի վերնագիրն եք ակնարկում… Հենց սկզբից որոշել էի, որ ֆիլմը պետք է լինի անգլերեն լեզվով: Անձամբ լինելով որոշ կինոփառատոների ժյուրիի անդամ, զգացել եմ այն բոլոր խնդիրները, որոնց առջև կանգնում են ոչ անգլալեզու ֆիլմերը: Տվյալ ֆիլմերը, լավագույն դեպքում, գնում են տիտրերով, ինչն ամեն դեպքում շեղում է ֆիլմից, կամ էլ շատ անհաջող և տեղում կատարվող թարգմանությամբ: Այդ իսկ պատճառով ես որոշել էի, որ իմ ֆիլմում պետք է խոսեն անգլերեն:

– Դուք ի սկզբանե որոշե՞լ էիք, որ նկարահանում եք փառատոնային ֆիլմ` ժյուրիի համար:

– Չէի ասի, թե ժյուրիի համար: Բայց, այո, միանշանակ կինոփառատոների համար: Իսկ փառատոներում ամենակարևորը լեզուն է, որը պետք է բոլորը հասկանան:

– Ձեր ֆիլմը ցուցադրվեց եթերում, բացի այդ, այն այսօր նաև համացանցում է: Ի՞նչ եք կարծում, այն կարողացա՞վ հետաքրքրություն առաջացնել սովորական հանդիսատեսի մոտ` ոչ կինոգետի:

– Նորից եմ կրկնում, այս ֆիլմը կոմերցիոն հետաքրքրություն չի ներկայացնում: Իհարկե, շատերը սկսեցին քննադատել, թե` «վա՜յ, այսինչ դերասանը շատ վատ անգլերենով է խոսում»: Բայց մենք այդպիսի ազգ ենք` ամեն ինչի մեջ մի վատ բան պարտադիր տեսնում ենք: Ես շատ հանգիստ եմ տանում նմանօրինակ զրույցները: Հասկացա, որ լավ էր, որ ֆիլմը հայտնվեց հայկական շուկայում մեկ տարի անց` փառատոներին մասնակցելուց և բազում մրցանակների արժանանալուց հետո: Եթե ֆիլմը հայ հանդիսատեսին ներկայացնեի միանգամից, միգուցե և ավելի շատ նեղվեի:

– Քանի՞սն են բազում փառատոներն ու մրցանակները:

– Ֆիլմը մասնակցել է արդեն 14 միջազգային կինոփառատոների: Ունենք արդեն 7 հաղթանակ: Երբ 2000 ֆիլմից ձեր ֆիլմն ընտրվում է` որպես լավագույն եռյակ կամ հնգյակ, և մասնակցում է եզրափակիչ փուլին, հավատացեք` արդեն իսկ հաղթանակ է:

Suren Tadevosyan (10)

– Կինոփառատոների քանակն այսօր անթիվ է: Կան ռեժիսորներ, որոնք գլուխ են գովում, թե իրենց ֆիլմը մասնակցել և հաղթել է, օրինակ, Տաջիկստանում կայացած «Քիշլաք» կինոփառատոնին: Բայց ակնհայտ է, որ սկսնակ կինոփառատոներն իրենք են շահագրգռված ֆիլմեր ներգրավելու և փառատոնը միջազգային դարձնելու գործում:

– Իհարկե, մեծ նշանակություն ունի, թե ինչ փառատոնի ես մասնակցում: Առանձնապես մեծ դժվարություն չի ներկայացնում պարզելը, թե տվյալ «գլուխգովան» ռեժիսորն իրականում ինչ մակարդակի կինոփառատոնի է մասնակցել: Այդ ամենի համար պետք միայն ինտերնետ և տեղեկանալու մեծ ցանկություն:

– Կներեք, բայց Ձեր ինչի՞ն էր պետք լուրջ փառատոնային ֆիլմ նկարահանելը: Դուք արդեն վաղուց Ձեր տեղը գտել էիք ժամանցային ասպարեզում` հեռուստատեսությունում, տեսահոլովակների նկարահանման ոլորտում:

– Դուք պարզապես մոռանում եք, որ ես մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ և սովորել եմ Իսպանիայում: Ի դեպ, շատ լավ ավարտել եմ Վալենսիայի կինոյի ինստիտուտը: Դրանից հետո առանց քննությունների ստացել եմ Պեդրո Ալմադովարի կինոակադեմիայում սովորելու հնարավորություն: Սակայն այդ ժամանակահատվածում երեխաս դեռ փոքր էր, իսկ ևս 4 տարի սովորելու համար պետք է տեղափոխվեի Մադրիդ… Կարճ ասած, ընտանեկան պատճառներով չստացվեց ինձ մոտ Մադրիդ տեղափոխվելը:

– Ժամանակին TV5 հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն էիք, նաև համագործակցել եք Դար 21-ի հետ` որպես գլխավոր ռեժիսոր: Սակայն, երբ փակվեց TV5-ը, Դուք մեկնեցիք Իսպանիա: Երբ կրկին վերադարձաք` ստանձնեցիք Երևան TV-ի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Վիրավորական չէ՞ր ընդունել Երևան TV-ի առաջարկը, երբ ժամանակին համագործակցել էիք մեծ ռեյտինգ ունեցող հեռուստաալիքների հետ:

Suren Tadevosyan (9)

– Ընդհանրապես վիրավորական չէր: Անգամ հետաքրքրական էր:

– Բոլո՞ր հարցերում եք դրականը փնտրում: Դա փրկո՞ւմ է:

– Բռի ասած` ես իմ ամեն խոսքի տեր եմ: Նույն TV5 հեռուստաընկերությունը շատ ցավալի իրավիճակում էր նախքան իմ այնտեղ հայտնվելը: Ես կարող եմ հաստատ գլուխ գովալ, որ որտեղ մտել եմ` ռեալ դրական արդյունք եմ բերել տվյալ հեռուստաընկերության ռեյտինգին: Նույնն էլ եղավ Երևան TV-ի հետ:

– Այսօր Դուք որտե՞ղ եք աշխատում:

– Ճիշտն ասած` այսօր արդեն Հայաստանի հետ ոչ մի պլաններ չունեմ և ոչ էլ ուզում եմ ունենալ:

– Ո՞վ է Ձեզ այդքան «նեղացրել»:

– Ոչ ոք, իհարկե: Պարզապես այսօր հեռուստաընկերությունների միջև չկա մրցակցություն: Պարզ օրինակ բերեմ: Ժամանակին մրցակցություն կար երկու «դինոզավր» հեռուստաընկերությունների միջև` «Շանթի» և «Արմենիայի», և արդյունքում` շահում էր հեռուստադիտողը: Եթե «Արմենիան» ժամանակին ծախսում էր, օրինակ, ամսական 15 000 դոլար մի հեռուստասերիալի նկարահանման համար, ապա «Շանթը» սկսում էր ծախսել 20 000 դոլար, որ ավելի բարձրացներ իր սերիալի որակն ու ռեյտինգը: Այդ ժամանակ «Արմենիան» 25 000 դոլար էր ներդնում սերիալի նկարահանումների մեջ… Մի խոսքով` այն գումարը, որ նրանք աշխատում էին գովազդատուներից, նրանք մաքսիմալ ներդնում էին նախագծերի մեջ, որպեսզի հեռուստադիտողներին «դարձնեին» իրենցը: Դրանից շահում էին բոլորը: Իսկ այսօր այդ ամենից հետք անգամ չկա, որովհետև գաղտնիք չէ, որ հեռուստաընկերությունների տերը մեկն է: Իսկ նա նպատակ չունի ինքն իր հետ մրցելու:

Suren Tadevosyan (7)

– Միայն մրցակցությո՞ւնն է պատճառը, և ոչ մի մարդկային գործո՞ն:

– Մրցակցությունն ուղղակի խոսք չէ: Ես չեմ կարող բերել, օրինակ, Պողոսին, ով սուպեր օպերատոր է և բարձր է վարձատրվում, և խնդրել նրան` հանուն վեհ գաղափարների` շատ ցածր աշխատավարձով ինձ հետ տեսահոլովակ նկարահանել: Եթե չկա մրցակցություն, նշանակում է` չկա և ներդրում: Եթե չկա ներդրում, հնարավոր չէ բարձրորակ մասնագետներով, տեխնիկայով նկարահանումներ և մոնտաժ իրականացնել, իսկ այդ ամենը բերում է անորակ արդյունքի:

– Իսկ տիպիկ հայկական` ես` և՛ ռեժիսոր, և՛ օպերատոր, և՛ լուսավորող, և՛ մոնտաժող, և՛ մոմ բռնող, տարբերակն այլևս չի՞ անցնում:

– Այնպես չէ, որ չեմ կարող այդպես անել: Ի տարբերություն շատերի` սովորել եմ այդ բնագավառում: Ուղղակի ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Նշեմ, սակայն, որ ունեմ նման տեսահոլովակներ, օրինակ, Անի Քրիստիի համար նկարահանված: Երկու գործոն կա, որոնք շատ կարևոր են ինձ համար` կա՛մ պետք է կատարողն ու երգն անչափ լավը լինեն, կա՛մ, այդ հանգամանքների բացակայության դեպքում, ինձ պետք է ձեռնտու լինի ֆինանսական կողմն այնքան, որ ես անտեսեմ` երգի և երգչի որակական հատկանիշները:

– Նարեկ Բավեյանի համար ևս տեսահոլովակ եք նկարահանել` ես ռեժիսոր, ես օպերատոր տարբերակով:

– Սա այն դեպքն էր, երբ իմաստ չկար լրացուցիչ ծախս անել և օպերատոր տանել մեզ հետ Հորդանան: Ե՛վ նկարահանել ենք, և՛ հանգստացել:

– Թե՞ գնացել էիք հանգստանալու, ընթացքում էլ տեսահոլովակ նկարահանեցիք:

– Եթե ինձ բացատրեք հատուկ Նարեկի հետ Հորդանանում հանգստանալու իմաստը, շատ կուրախանամ:

– Դե, ընկերներով, քավոր-սանիկ եք, ի վերջո:

– Պարզապես մենք համատեղեցինք օգտակարը հաճելիի հետ:

– Բազում տեսահոլովակներ եք նկարահանել: Կա՞ն նրանց մեջ, օպերատորների սիրելի բառապաշարով ասված` «գռդոններ»` անորակ, իմիջիայլոց արված աշխատանքներ:

– Իհարկե կան, ինչպե՞ս կարող էին չլինել: Ես շատ երկար փորձեցի ետ պահել ինձ դրանից:

– Երեք երեխաների հայր լինելով հանդերձ, ի՞նչը, ի վերջո, դարձավ Ձեր ամուսնալուծության գլխավոր պատճառը:

– Ինձ թվում է, որ ես մի փոքր ավելի շատ եմ պահանջում մարդուց, քան նա կարող է տալ: Երևի ոչ մեկի համար հաճելի չէր լինի իմ խառնվածքի մարդու հետ երկար ապրելը: Ես ընդունում եմ, որ բարդ բնավորություն ունեմ: Բացի այդ, ոչ մի կին երկար չէր կարող դիմանալ մի ամուսնու, ով երկար ժամանակ բացակայում է ընտանիքից` գործի բնույթով: Ես անգամ չեմ կարողացել ներկա լինել իմ զույգ բալիկների ծննդյան օրը` կրկին աշխատանքիս պատճառով: Ամուսինը պետք լինի մոտ իր ընտանիքին, գոնե նույն երկրում, իսկ ես չեմ կարողացել դա ապահովել:

Suren Tadevosyan (12)

– Դուք Ձե՞զ եք մեղադրում:

– Ինչն էլ որ եղած լինի պատճառը, ես ամեն դեպքում ինձ եմ մեղադրում: Յուրաքանչյուր բնագավառում, եթե դու չես կարողանում ինչ-որ հարց լուծել, դա առաջին և վերջին հերթին` քո խնդիրն ու մեղքն է: Ես իմ առաջին կնոջ հետ 10 տարի ապրել եմ, մենք երեք երեխա ունենք, ես իմ երեխաների ցավը տանեմ: Ես թույլ չեմ տա ինձ` իմ երեխաների մոր հասցեին ինչ-որ վատ բան ասել:

Suren Tadevosyan (2)

Suren Tadevosyan (1)

– Դուք ամուսնալուծությունից կարճ ժամանակ հետո ամուսնացաք կրկին` մասնագիտությամբ հոգեբան և տարիքային մեծ տարբերությամբ Աննայի հետ:

– Չէի ասի, թե շուտ ամուսնացա: Գրեթե 8 ամիս էր անցել: Աննայի հետ ծանոթացել ենք արդեն Երևանում` իմ գրքի շնորհանդեսի շնորհիվ: Նրա հոգեբան լինելը շատ է օգնում: Նա ինձանից լավ է հասկանում ինձ: Ես շատ ուրախ եմ, որ գտել եմ նրան:

Suren Tadevosyan (11)

– Դուք նաև բուլդոգ ցեղատեսակի շուն ունեք: Չընդունեք, իհարկե, որպես վիրավորանք, բայց նա շատ նման է Ձեզ` հատկապես համատեղ սելֆիներում:

Suren Tadevosyan (6)

Suren Tadevosyan (8)

– Նեղանալու ոչինչ չկա: Մեր Աֆինան մեր ուրախությունն է, եթե անտեսենք, որ նա մեր տան կեսն արդեն կերել է: Նա շատ խելացի հայացք ունի և, իր լռությամբ հանդերձ, ամեն ինչ հասկանում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս