Բնության ուժը. թեյերի առողջարար հատկանիշները
Երկիր մոլորակի վրա տարբեր տեսակի, տարբեր բույրերի, համերի թեյեր կան, և դրանցից յուրաքանչյուրն օգտագործվում է առողջական տարբեր խնդիրների դեպքում: Ձեզ ենք ներկայացնում այդ թեյերի որոշ տեսակներ.
Մասուրի թեյ- Մասուրի թեյը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է երիկամներն ու միզապարկը մաքրելու նպատակով: Այն նաև օրգանիզմից, նշյալ օրգաններից դուրս է բերում կուտակված ավազն ու քարերը: Մասուրի թեյը շատ համեղ է, այն կարելի է խմել ամեն օր՝ որպես վիտամիններով հարուստ ըմպելիք, քանի որ իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C:
Անանուխով թեյ- Անանուխով թեյն օգտագործվում է ստամոքսի աշխատանքը լավացնելու, լարվածությունը թուլացնելու և գլխացավը վերացնելու համար, ինչպես նաև այն հեշտացնում է լեղապարկի սեկրեցիան և նպաստում աղեստամոքսային տրակտից տարբեր թունավոր նյութերի հեռացմանը:
Խնձորի թեյ- Խնձորի թեյը պահպանվում է հերմետիկորեն փակված տարաներում, քանի որ այն հեշտությամբ կլանում է օդի աղտոտված մոլեկուլները: Խնձորի թեյի փոշին օգտագործվում է բուժական նպատակներով: Բոլորովին վերջերս, ի դեպ, խնձորի մեջ բացահայտվել է տանին կոչվող օգտակար նյութը, որ կալիումի աղերի հետ միասին կանխում է միզասեռական համակարգի վարակները, արգելակում օրգանիզմում միզաթթվի կուտակումը, օգտակար է սիրտ-անոթային հիվանդությունների համար և ամրացնում է ատամներն ու լնդերը:
Վայրի ելակի թեյ- Վայրի ելակի թերթիկներն իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ տանիններ և անուշահոտ յուղեր: Դրանք օգտագործվում են որպես արյունը մաքրող, միազմուղ միջոց, ինչպես նաև՝ փորլուծության, ռևմատիզմի և լյարդի տարբեր հիվանդությունների ժամանակ:
Եղեսպակի թեյ- Եղեսպակի թեյը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես ախտահանիչ միջոց՝ բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների ժամանակ: Այն նաև օգտակար է կոկորդի և լնդերի բորբոքումների ժամանակ: Այս թեյն օգտագործվում է նաև ստամոքսի, լեղապարկի և միզապարկի բորբոքումների դեպքում:
Լորենու թեյ- Բժշկության մեջ այս թեյն օգտագործվում է քրտնարտադրության համար: Այդ պատճառով՝ այն խորհուրդ է տրվում օգտագործել հարբուխների և մրսածության ժամանակ: Լորենու թեյը բարելավում է միզապարկի աշխատանքը, ինչպես նաև օգտակար է նյարդային լարվածության և հազի դեպքում:
Սերկևիլի թեյ- Սերկևիլի բաղադրության մեջ են մտնում այնպիսի նյութեր, ինչպիսիք են՝ տանինները, յուղերը, գլիկոզիդը, ամիգդալինը, էմուլսինը և այլն: Այս թեյն օգտագործվում է փորլուծության, արյունահոսության, հազի և քրոնիկ գաստրիտի դեպքում: Սերկևիլի տերևներն օգտագործվում են ռուսական թեյի համը փոխարինող թեյ ստեղծելու համար:
Տանձի թեյ- Տանձի տերևներն իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ արբուտին: Այս բուժիչ թեյն օգտագործվում է միզուղիներից կուտակված ավազը հեռացնելու և ցավերը հանգստացնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը