Ռուսաստանն իր ռազմական ավանտյուրաները կենտրոնացրել է Ղարաբաղի վրա. Պիոնտկովսկի
168.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին:
– Պարոն Պիոնտկովսկի, տարին անբարենպաստ է սկսվել Ռուսաստանի տնտեսության և Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտների համար: Նախագծեր, որոնց հունվարի 2-ից պաշտոնապես միացել է նաև Հայաստանը: Ճգնաժամային տնտեսությունն ու տարաձայնությունները Բելառուսի հետ Ռուսաստանին թույլ չեն տալիս զարգացնել Եվրասիական տնտեսական միությունը ողջ ներուժով: Դեպի ո՞ւր են այս իրողությունները տանում Եվրասիական տնտեսական միությանը, այն կմնա՞ որպես ձևական կառույց, թե՞ այդ միության կյանքը կարճ կլինի:
– Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացավ ամենաանհարմար պահին, երբ այդ պրոյեկտից որևէ բան ակնկալելն անիմաստ է: Ի՞նչ կարելի է սպասել մի մաքսային տարածքից, որտեղ Լուկաշենկոն մաքսային աշխատող է տեղակայել ռուս-բելառուսական սահմանին: Սա նշանակում է, որ տարրական մաքսային միությունը և մաքսային կանոնակարգերն այդ միությունում չեն գործում: Այս միությունն անհրաժեշտ է Ռուսաստանին՝ բավարարելու համար սեփական կայսերապաշտական նկրտումները, իսկ ընդհանրապես այս տարածաշրջանում նախաձեռնված ինտեգրացիոն պրոյեկտները դատապարտված են անհաջողության, քանի որ այդ միությունների մասնակից երկրները տարբեր նպատակներ ու մոտեցումներ ունեն: Օրինակ` Մոսկվայի նպատակը չեն կիսում իր եվրասիական գործընկերները, այդ թվում՝ Հայաստանը:
Բելառուսը խաղում է այս խաղը, քանի որ դրա միջոցով երկար տարիներ շարունակ կարողանում է տնտեսական արտոնություններ պոկել Ռուսաստանից: Հայաստանը ստիպված է, որովհետև ռազմական անվտանգության տեսանկյունից գտնվում է բավականին բարդ և խոցելի իրավիճակում: Չէ՞ որ Մոսկվան պայմանավորում է Հայաստանի ռազմական անվտանգությունը եվրասիական պրոյեկտներին Հայաստանի նվիրվածությամբ: Նազարբաևը՝ որպես այս պրոյեկտների հիմնական նախաձեռնող, ուներ սեփական խնդիրը՝ պահպանել Ղազախստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ ուկրաինական սցենարի կրկնության սպառնալիք Ղազախստանում ևս գոյություն ուներ: Ուստի ԵՏՄ ստեղծումը ԵՏՄ անդամ բոլոր երկրների կողմից արհեստական, կեղծված խաղ էր:
Լուկաշենկոյի հարաբերությունները Մոսկվայի հետ փչացել են, Պուտինն ու Լուկաշենկոն իրենց վերջին հանրային ներկայացման ժամանակ իրար էին նայում անթաքույց ատելությամբ: Լուկաշենկոյի բոլոր խոսքերը մամլո ասուլիսի ժամանակ ուղղված էին Պուտինին, նա շատ լավ է հասկանում է, որ Մոսկվան լրջորեն մտածում է 2015 թվականին Լուկաշենկոյին մեկ այլ` Ռուսաստանի տեսանկյունից պրոռուսական նախագահով փոխելու մասին: Մոսկվայի երազանքն է՝ ունենալ պրոռուսական նախագահներ իր հարևանությունում: Այս պայմաններում եվրասիական պրոյեկտների համար ապագա չեմ տեսնում:
– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը: Ըստ Ձեզ` Ռուսաստանը կցանկանա՞ փոխել այս իշխանություններին:
– Հայաստանյան իշխանություններն իրենց պատկերացումներով հայամետ են: Քայլ առ քայլ ՀՀ իշխանությունները Հայաստանը ենթարկեցնում են Կրեմլի շահերին, նրանց արդարացումների համաձայն՝ Հայաստանն իսկապես գտնվում է խոցելի աշխարհաքաղաքական իրադրությունում, թափ է առնում Ադրբեջանը, որն ամեն օր խոսում է ռևանշից, Ադրբեջանն ունի նաև Թուրքիայի աջակցությունը, իսկ Մոսկվան, բնականաբար, խաղում է այս ամենի վրա` խոստանալով ռազմական աջակցություն Հայաստանին՝ դրանով իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ենթարկեցնելով իրեն: Հայաստանի թեթև քայլերը դեպի Եվրոպա կարժանանան Մոսկվայի բուռն բացասական արձագանքին և պատժին: ՌԴ ներկայիս իշխանությունները դա չեն հանդուրժի:
– Պարոն Պիոնտկովսկի, Ռուսաստանը Հայաստանին այդ նվիրվածության համար պետք է «պաշտպանի թշնամիներից», Ռուսաստանը ՀԱՊԿ պայմանագրերի համաձայն՝ հանդիսանում է ՀՀ անվտանգության երաշխավորը, այնինչ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունն ավելի է սրել հայ-ադրբեջանական հակամարտությունը: Ինչո՞վ է սա պայմանավորված:
– Իմ համոզմամբ` սա հրահրվում է Մոսկվայի կողմից: Մոսկվան այս կամ այն կողմի վրա ազդելով՝ իրացնում է չորրորդ համաշխարհային պատերազմի ու Ռուսական աշխարհի սեփական ծրագրերը: Ուկրաինայում Ռուսաստանի համար դժվար է, բարդ է նաև ներքաշվել Մերձբալթյան երկրներ, քանի որ այնտեղ ցանկացած ներխուժում լի է ԱՄՆ-ի հետ առճակատվելու վտանգով: Ղազախստանի հետ ևս բարդ է, Չինաստանին դա դուր չի գա, ուստի քաղաքական իրավիճակի սրման համար և Ռուսական աշխարհի հաջողությունների ցուցադրության համար Ռուսաստանին անհրաժեշտ է Կովկասի հարավային ուղղությունը: Ի դեպ, այս քաղաքականության մի մասն է կազմում Աբխազիայի հետ Մոսկվայի կնքած համաձայնագիրը: Լեռնային Ղարաբաղը բարենպաստ հող է Ռուսաստանի համար: Սա է պատճառը, որ Ռուսաստանն իր ռազմական ավանտյուրաները կենտրոնացրել է ԼՂ-ի վրա: