Բաժիններ՝

Ի՞նչ են փնտրում նաիրիտցիները

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վաղը հերթական անգամ կհավաքվեն գործարանի մոտ, ապա երթով կգնան Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահին ներկայացնելու ստեղծված իրավիճակը` ակնկալելով խնդրի օրինական լուծում: Որպես այդպիսին՝ նաիրիտցիները պահանջում են փետրվարի 6-ին կրճատվող աշխատակիցների աշխատավարձի պարտքը մարել ամբողջությամբ:

Նախկինում կառավարության բազմաթիվ խոստումներից հուսահատ նաիրիտցիներն այժմ, կարծես, երկրորդական պլան են մղել «Նաիրիտի» վերագործարկման հարցը և իրենց ուժերն ու գործողություններն առաջնահերթ կենտրոնացրել են աշխատավարձի կուտակված պարտքը ստանալու խնդրի վրա: Դրա համար պահանջվող շուրջ 15 մլն դոլարը հայթայթելու համար նաիրիտցիները մի քանի ճանապարհ էին մատնացույց արել: Նրանց համակարգող խմբի կողմից ընկերության խորհրդին ու կառավարությանն ուղղված նամակում նշվում էր, որ «Նաիրիտ 2» ՓԲ ընկերությունը, որի 100% սեփականատերը ՀՀ կառավարությունն է, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին ՀՀ դատարանի ուժի մեջ մտած վճռով պարտք է 4 մլրդ 150 մլն 449 հազար դրամ: Ըստ այդմ՝ նաիրիտցիները պահանջում են միջոցներ ձեռնարկել այդ պարտքն ընկերությանը վերադարձնելու համար և, մասնավորապես, այդ նպատակով պահանջում են դիտարկել «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական ձեռնարկության՝ ՀՀ կառավարությանը պատկանող 40 % բաժնեմասը կամ դրա մի մասն օտարելու հնարավորությունը:

Նաիրիտցիները պահանջում են նաև վերադարձնել մեկ այլ պարտք. «Նաիրիտ» ԲԲԸ ընկերությունը, որի 100% սեփականատերը կրկին ՀՀ կառավարությունն է, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին պարտք է 883 մլն 856 հազար դրամ: Ընդ որում, այս ընկերությունը գտնվում է սնանկացման գործընթացում:

Այս ընդհանուր մոտ 5 մլրդ դրամը պահանջելիս՝ նաիրիտցիները, սակայն, գուցեև արդարացի, հաշվի չեն առնում դրանց ծագումնաբանությունը: Խնդիրն այն է, որ այդ 5 մլրդ դրամը ՀՀ կառավարությունը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով էր նվիրել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին: 5 տարի շարունակ 100%-ով պետական երկու ձեռնարկություններ՝ «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն և «Նաիրիտ» ԲԲԸ-ն, դատական քաշքշուկների մեջ էին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ: Եվ մոտ 2 տարի առաջ ՀՀ վճռաբեկ դատարանում ավարտվել էր վերջին դատավարությունը, որում պետական ձեռնարկությունը պարտվել էր մասնավորին: Արդարադատական համակարգում այս նոնսենսի մասին մամուլը հրապարակել էր:

Մասնավոր սեփականություն հանդիսացող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, հիշեցնենք, 2000-ական թվականների սկզբներին ստեղծվել էր «Նաիրիտ» ԲԲԸ-ի միջոցով: Վերջինս հիմք էր դրել նաև «Նաիրիտ 2»-ին, որն ամբողջությամբ պետական է: «Նաիրիտ» ԲԲԸ-ն դարձել էր «Նաիրիտ գործարանի» բաժնետերը՝ տրամադրած գույքի փոխարեն ստանալով համապատասխան քանակի բաժնետոմսեր: Սակայն ինչ-ինչ պատճառներով՝ 2008 թվականին «Նաիրիտ գործարանի» սեփականատեր «Rhinoville Property Limited» ընկերությունը որոշել էր, որ «Նաիրիտ» ԲԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության 26 դեկտեմբերի 2000թ. թիվ 875 որոշման 3-րդ կետով սահմանված գույքի ներդրման պարտավորությունը կատարվել է մասնակի. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին հանձնվել են միայն նախկին «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման մեջ մտնող քիմիական գործարանի կառուցվածքում ընդգրկված օբյեկտները, իսկ վերջիններիս հետ տեխնոլոգիապես կապված, կառավարության որոշմամբ նախատեսված շինություններն ու այլ կառույցները չեն հանձնվել: Մասնավորապես՝ քլորի և սոդայի արտադրության օբյեկտները, կեղտաջրերի մաքրման կայանը, պոմպակայանը, աղաթթվի ստացման արտադրամասը, էլեկտրական հիմքի շոգեհարման արտադրամասը, արհեստական քլորի գազի սեղմման կայանը, և այլն, որոնք «Նաիրիտ» ԲԲ ընկերությունը 2007-2008թթ. վաճառել էր:

«Բեյքեր Թիլի Արմենիա» ՓԲ ընկերության կողմից 2009-ին տրված անշարժ գույքի փորձաքննության եզրակացությունների ընդհանուր շուկայական արժեքը 13.08.2009-ի դրությամբ կազմել էր 1 մլրդ 24.8 մլն ՀՀ դրամ։ «Նաիրիտ գործարանը» սկզբում դատարանից պահանջել էր հենց այդքան էլ բռնագանձել «Նաիրիտ» ԲԲԸ-ից, ապա մեկ այլ դիմումով նվազեցրել էր հայցապահանջի չափը և խնդրել «Նաիրիտ» ԲԲ ընկերությունից բռնագանձել 883.8 մլն ՀՀ դրամ։ Այս «մասնավոր-պետական» պայքարում հաղթել էր մասնավորը. 2010-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր «Նաիրիտ գործարանի» հայցը:

Սրանից հետո «Նաիրիտ» ԲԲԸ-ն հակընդդեմ հայց էր ներկայացրել՝ ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` պահանջելով իրեն տրամադրել «Նաիրիտ գործարանի» համարժեք բաժնետոմսեր։ Եվ այստեղ ի դերև է ելել մեր դատական համակարգի ողջ «գաղջությունը». պետական ընկերության հայցը մերժվել է: Եվ մերժվել է ոչ թե՝ ի փառս արդարադատության, այլ միայն այն պատճառով, որ «Rhinoville Property Limited»-ի թիկունքը պաշտպանում էր անձամբ Տիգրան Սարգսյանը:

Այսինքն, աբսուրդ է, որ պետությունն աչքերը փակում է բրիտանական «Rhinoville Property Limited» ընկերության և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանի գործողությունների հանդեպ, այն դեպքում, երբ հենց ՀՀ կառավարությունն էր որոշել, թե որ գույքը և ինչպես հանձնվի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին: Այսինքն, «Նաիրիտ գործարանը» ՀՀ կառավարության որոշումը չեղյալ է համարել, ու կառավարությունը դա լուռ կուլ է տվել ու ձայն չի հանել: Իսկ նման մակարդակի լուծումներ տրվում են միայն վարչապետի մակարդակով:

Հիմա երկրորդ պետական ձեռնարկության՝ «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին կրած պարտության մասին. «Նաիրիտ գործարանը» հայ-չինական համատեղ «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկության հայկական կողմի 40 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: 2005-ին «Նաիրիտ 2»-ը «Նաիրիտ գործարանից» կառավարության որոշումով «Շանսի-Նաիրիտի» համար Չինաստան է տարել կաուչուկի արտադրության հոսքագիծը, որի արժեքը «Նաիրիտ գործարանում» ձևակերպվել է 4 մլրդ 100 մլն դրամ: «Նաիրիտ գործարանը» հաշիվ-ֆակտուրա է տալիս ստորագրելու, սակայն «Նաիրիտ 2»-ը, որն այն ժամանակ ղեկավարում էր Ալբերտ Սուքիասյանը, հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ շատ բարձր գին է նշված, իսկ «Շանսի-Նաիրիտն» այդ հոսքագիծն անհամեմատ ցածր գնով է ձեռք բերել:

«Նաիրիտ գործարանը» 2008-ին դատի է տալիս «Նաիրիտ 2»-ին՝ հաշիվ-ֆակտուրան չստորագրելու համար, և պահանջում է 4 մլրդ 100 մլն դրամ, ու կրկին մասնավորը ՀՀ դատարանի շնորհիվ հաղթում է պետական ընկերությանը: Ընդ որում՝ «Նաիրիտ 2»-ի 100% բաժնետոմսերը պատկանում էին «Հայգազարդ» ընկերությանը: Այսինքն, «Հայգազարդն» է դատը պարտվել:

Այսինքն, այս 2 դատական գործերով Հայաստան պետությունն ինքնակամ է մոտ 5 մլրդ դրամի նվիրատվություն տվել «Նաիրիտ գործարանին»: Որը մինչ օրս չի էլ վճարել ու, ըստ ամենայնի, վճարելու մտադրություն երբևէ չի էլ եղել: Հիմա նաիրտցիներն իրենք կարող են դատել, թե որքանո՞վ է արդյունավետ նման պահանջ ներկայացնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս