Նախատոնական անկում
Տնտեսագիտության ոլորտում մասնագիտացող ուսանողների համար լավագույն ժամանակներ են սկսվել: Նրանք այսօր բախվել են մի իրավիճակի, որ միայն դասագրքերում է նկարագրված: Խոսքն արժեզրկման, ֆինանսատնտեսական համակարգի գահավիժման ու դրանց ուղեկցող հասարակական խուճապի մասին է: Տնտեսությունը, տնտեսվարողներն ու սպառողները հայտնվել են աննախադեպ բարդ վիճակի մեջ: Հասարակական ուշադրության կենտրոնում բացառապես այս հարցերն են: Մարդկանց անգամ նախատոնական եռուզեռը չի շեղում այս թեմաներից:
Համարյա բոլորը խոսում են: Բոլորը՝ և՛ ՀՀ վարչապետը (ներկա ու նախկին), և՛ ՀՀ ԿԲ նախագահը (նույնպես ներկա և նախկին), հայտնի ու ոչ այնքան հայտնի տնտեսագետները: Թվում է, թե խոսքի պակաս չկա: Յուրաքանչյուրը փորձում է վերլուծել ու բացատրել ստեղծված իրավիճակի պատճառները:
Կարծիքները տարբեր են: Այսօրվա տնտեսական իշխանավորները փորձում են պատասխանատվությունը բարդել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացների վրա: ԿԲ-ի ղեկավարությունն իր հերթական ասուլիսում դասագրքախոհական տերմինաթաթախ ելույթով փորձում էր մեղմել հասարակական խուճապը: Ափսոս, որ հասարակությունը ոչինչ չհասկացավ:
Ոչինչ չհասկացան նաև ասուլիսին ներկա լրագրողները՝ անկախ իրենց մասնագիտական կրթությունից: Ամենաշփոթվածը հենց տնտեսագետի որակավորում ունեցող լրագրողներն էին: Կան նաև պարզ ու հասկանալի վերլուծություններ: Ոմանք, օրինակ, կարծում են, որ ֆինանսատնտեսական ցնցումների ազդակը գալիս է Ռուսաստանից: Նրանք որպես փաստարկ` մատնանշում են ՌԴ-ի հետ տնտեսական սերտ կապվածություն ունեցող երկրները: Երեկ, օրինակ, Բելառուսի կառավարությունն ու ԿԲ-ն հայտարարություն տարածեցին, որ մեր կառավարության ու ԿԲ-ի հայտարարությունների կրկնությունն էր: Մերոնց հայտարարությունն էլ, իր հերթին` հար ու նման էր ռուսաստանյան՝ մի քանի օր առաջ եղած հայտարարություններին:
Այս մոտեցումը կիսող փորձագետներից ոմանք նույնիսկ առաջարկում են մեր երկրում արգելել ՌԴ ռուբլու փոխարկելու հնարավորությունը: Նրանց կարծիքով` տարադրամի «սովի» պատճառը Հայաստան մտած ռուբլու աննախադեպ քանակն է, որ փոխարկվում է ավելի կայուն տարադրամի՝ դոլարի ու եվրոյի: Փոխարկվում ու «վերադառնում է» Ռուսաստան: Բայց իշխանամետ ու անկախ վերլուծությունները մի ընդհանուր բան ունեն: Բոլոր վերլուծություններում նշվում է, որ ազգային դրամը թերարժևորված է:
Այս պնդման հետ դժվար է չհամաձայնելը: Խուճապային իրավիճակում սա բացառելը համարյա անհնար բան է: Հետևաբար` բոլորը հույս ունեն, որ իրավիճակն ինչ-որ պահի կխաղաղվի: Բայց «Ե՞րբ» հարցին ոչ ոք պատասխան չունի: Խուճապի առաջին օրերին ԿԲ-ն միայնակ էր, ու նրա հայտարարություններում հոխորտանք ու սպառնալիքի ակնարկներ կային: Սպառնալիք, որ տարադրամի շուկայում ակտիվություն ցուցաբերող բոլոր սպեկուլյանտները պատժից չեն խուսափի:
Սակայն առայժմ որևէ օրինակ չի արձանագրվել: Իրավիճակը չհանգստացավ այն բանից հետո էլ, երբ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը հայտարարեց, որ խստորեն հետևելու է գնաճին: Իսկապես դրամատիկ իրավիճակը համընկել է նախատոնական առևտրի հետ: Միջազգային ընդունված նորմերով Սուրբ ծննդյանը նախորդող շրջանին բաժին է ընկնում տարեկան առևտրի 40 տոկոսը: Կարծում եմ` սա բնորոշ է նաև Հայաստանին: Այսինքն` այս նախատոնական եռուզեռն էլ ֆինանսատնտեսական ցնցումների մեջ իր բաժինն ունի: Ունի իր բաժինն ու ավելի է բարդացնում իրավիճակը:
Մեր առաջին նախատոնական օրերն են, երբ հեռուստաեթերը հեղեղված չէ կենցաղային տեխնիկայի ու բազում այլ ապրանքների գովազդներով: Նախատոնական «աննախադեպ առաջարկների» ու «ակցիաների» գովազդով: Ոչ ոք ոչինչ չի առաջարկում: Ոչ ոք ստույգ չգիտի նույնիսկ բոլորի սիրելի խոզի բդի մեկ կիլոգրամի արժեքը, որովհետև դա էլ է շաղկապվել տարադրամին: Բոլորին միայն տարադրամի փոխարժեքն է հետաքրքրում: Սակայն ոչ ոք տվյալ պահին չգիտի, թե որքան է այդ փոխարժեք ասվածը: Սա իրավիճակի բացասական կողմն է:
Բայց կան նաև դրական, դրական, բայց թույլ ազդակներ: Երեկ, օրինակ, ՀՀ Ֆինանսների սուպեր նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարեց. «Դրամավարկային քաղաքականության հետ կապված խնդիր է, որ ԿԲ լիազորությունների մեջ է մտնում: Բայց դա բոլորիս խնդիրն է, որովհետև դրամի արժեզրկումը տնտեսության վրա մեծ ազդեցություն ունի»: Իհարկե, կարելի է հակադարձել, որ դասագրքային սովորական միտք է: Բայց դրականն այն է, որ տնտեսական ղեկավարությունը հասկացել է, որ ԿԲ-ին միայնակ թողնել չի կարելի:
Մեր ԿԲ-ն մասնագիտական հնարքների կիրառմամբ վաղուց աչքի չի ընկնում: Խոսքը տնտեսության վրա դրական ազդեցություն թողնող մասնագիտական հնարքների մասին է: Այլապես ԿԲ-ն շատ նեղն ընկնելուց կհիշի իր հանրահայտ գործիքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Կհիշի ու կբարձրացնի այն: Կբարձրացնի ու կբացատրի, որ դա դասագրքային պարտադրանք է: Իբր փողը թանկացնելը կարժևորի դրամը: Հատկապես, որ մի քանի օր առաջ նույն բանն արեց Ռուսաստանի ԿԲ-ն: Բայց իրական տնտեսությունը ոչ դասագիրք է, ոչ էլ թվաբանություն: Երեկոյան ռուբլու փոխարժեքը 60-65 էր մեկ դոլարի դիմաց: Գիշերը ՌԴ ԿԲ-ն 10 տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և առավոտյան փոխարժեքը դարձավ 80-85: Մինչդեռ 2008-09թթ. տնտեսական ճգնաժամի սկզբին ԱՄՆ ֆինանսական ղեկավարությունը կտրուկ նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ավելի ճիշտ, համարյա զրոյացրեց (այն դարձավ 0-0,25 տոկոս): Այս տարօրինակ քայլը հիմնավորվեց հետևյալ բացատրությամբ՝ փողի էժանացումը կաշխուժացնի տնտեսությունը:
Ահա այսպիսի տրամագծորեն իրար հակառակ քայլեր, որոնցից մեկը մի քանի տարում հնարավորություն տվեց հաղթահարել ճգնաժամը, իսկ մյուսի հետևանքները դեռ հայտնի չեն: Ինչ կլինի մեր պարագային՝ ավելի անհայտ է, որովհետև իրավիճակի վերլուծությունները միայն տարբեր պատճառներ են մատնանշում: Առայժմ ֆինանսատնտեսական գահավիժման պատճառներից են խոսում: Դա հաղթահարելու մասին ոչ մի առաջարկ չկա: Հուանք, որ հաղթահարման գործընթացը տնտեսագիտության ոլորտում մասնագիտացող ուսանողների ուսերին չենք թողնի: