«Կոռուպցիայի մակարդակը մեր երկրում չի իջնում». Գործատուների միության նախագահ

Հայաստանում կոռուպցիայի դեմ «պայքարում» են տարվա մեջ մեկ օր՝ դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Տարվա մյուս 364 օրերին կոռուպցիան, կարծես, զարգացնում են՝ այս օրը պայքարի համար «թշնամի» ունենալու համար: Անցած տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում ընդունել են Հակակոռուպցիոն 2 ռազմավարություն, երրորդն էլ՝ 2014-2018 թթ., ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, ակտիվորեն մշակվում է: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում, ի՞նչ ազդեցություն են ունեցել այդ ռազմավարությունները: Մեր զրուցակիցն է Հայաստանում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

 

– Պարոն Մակարյան, կոռուպցիայի հետ կապված իրավիճակն ինչպե՞ս է փոփոխվել անցած տասնամյակում:

– Կոռուպցիայի մակարդակը մեր երկրում չի իջնում: Նոր ռազմավարության քննարկմանը մենք էլ ենք մասնակցել: Դրանում մեխանիզմներ են նախատեսվել, որ պետք է արդյունավետ աշխատեն, բայց իրականում այնքան էլ արդյունավետ չի: Կոռուպցիայի պատճառներն ունեն գոյատևելու օբյեկտիվ հիմնավորումներ: Առաջինն այն է, որ ձեռնարկություններն ունեն ցածր վճարունակություն, և ամեն մի ստուգում ակտերի առումով մեծ բեռի է վերածվում: Խնդիրը լուծվում է երկկողմ համաձայնությամբ: Այսինքն՝ ցածր վճարունակ հիմնարկի համար մեծ տուգանքների տակ ընկնելը կնշանակի՝ կրիտիկական, փակվելու կամ պարտքերի մեջ հայտնվելու պատճառ, և դրանից խուսափելու ձգտումը նրան դրդում է գնալ այդ քայլին: Երկրորդ պատճառը բյուրոկրատիան է: Մարդիկ ինչո՞ւ են գնում կոռուպցիայի՝ խնդիրներն արագ լուծելու համար, որ պարզապես այնքան կարող է տանեն-բերեն, հոգնեցնեն, անորոշ պատճառաբանություններ բերեն։  Ու չինովնիկներին պատասխանատվության ենթարկելու միջոց չկա: Եվ այդ բյորոկրատական քաշքշուկներից խուսափելու համար մարդիկ տալիս են գումարը: Երրորդ՝ բարձր, անհավասար մրցակցությունը, որ գոյություն ունի և պահպանվում է մեր երկրում: Նման պայմաններում գործն ի օգուտ քեզ լուծելու համար ստիպված ես լինում գնալ նաև դրան: Եվ հաճախ խնդիրը լուծվում է կոռուպցիոն ճանապարհով: Նաև պատճառ է թույլ երկխոսությունը պետության և բիզնեսի միջև, որ շատ հաճախ պետությունը հստակ չի տիրապետում մասնավոր բիզնեսի կամ հասարակության մեջ առկա խնդիրներին և դրանց ճիշտ լուծման ուղիներին, ու ոչ միշտ է, որ դրանք բարեփոխումների արդյունքում, լավ մեթոդաբանության արդյունքում են իրականացվում, կամ ներկայացվում են ճիշտ ռեֆորմներ: Կոռուպցիան առաջանում է նաև այդ երկակի վիճակներից: Կամ նույնիսկ երբեմն այնպիսի հոդվածներ են միտումնավոր ձևակերպվում ու շրջանառության մեջ մտցվում, որոնք հետագայում կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում: Եվ քաղաքացիների անտեղյակությունը կոռուպցիայի հնարավորություն է ստեղծում: Հաճախ մարդիկ օրենքները կարգին չգիտեն, կամ նյութերը լավ չեն հրատարակվում, պետական մարմինները զլանում են ճիշտ իրազեկել, և դա առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր:

Այս թվարկված խնդիրները մնում են, և վերջին տարիներին, չնայած բոլոր ջանքերին կամ տարբեր բարեփոխումներին, բոլորն էլ իրենց ուժգնությամբ համարյա չեն նվազել և առաջացնում են կոռուպցիա:

– Ըստ Ձեզ՝ նոր ռազմավարությունն ինչքանո՞վ կյանքի կկոչվի:

– Ես, օրինակ, թերահավատ եմ այդ ռազմավարության հանդեպ: Քննարկումների ժամանակ ներկայացված փաստաթղթի նախագիծը բազմաթիվ թերություններ ունի և կատարելագործելու կարիք կա: Նույնիսկ եվրոպական փորձագետներ են մասնակցել դրա մշակմանը, բայց շատ դասական, ուժեղ մոդել չէ, աբստրակտ է: Եվ, կարծում եմ, կոռուպցիայի դեմ հատուկ ծրագրով պայքարել նույնիսկ պետք չէ, որովհետև դա լինում է անտեղի մի բան, որը նույնիսկ հեղինակազրկում է մեզ, որ պայքարում ենք, բայց չի ստացվում: Այդ ծրագրերի համար գումարներ են ստացվում դրսից: Բայց կոռուպցիայի դեմ պայքարել պետք է՝ իմ նշած պատճառները վերացնելով: Դա ավելի արդյունավետ կլինի, քան, եթե ամեն ինչը պահպանեն, բայց հատուկ պայքարի ծրագիր ունենան: Սա նման է նրան, որ փորձեն կրակից դուրս եկող ծուխը վերացնել, մինչդեռ պետք է պատճառը՝ տվյալ դեպքում կրակը վերացնել: Քանի դեռ կրակը չեն վերացրել, ծուխը կլինի, բայց ուզում են այն քշել: Այդպես չի լինում:

– Կարո՞ղ ենք ասել, որ մեր կյանքի մյուս ոլորտներում կոռուպցիայի առկայությունը քաղաքական կոռուպցիայի հետևանք է:

– Երբ պետական չինովնիկները զգում են, որ հանգամանքների լիակատար տեր են, ավելի ազատ են աշխատացնում բյուրոկրատիան, երբ տեսնում են, որ իրենց նկատմամբ պատժելիության հարց չկա, դա առաջացնում է ավելորդ վստահություն, ավելորդ ինքնուրույնություն, նույնիսկ լկստվածություն, և, երբ բիզնեսը տեսնում է, որ գործ ունի անպարտելի չինովնիկի կամ կառույցի հետ, ստիպված ինքը պետք է անի կամ անի այլ ճանապարհով: Այս մոդելը շատ հստակ մեր երկրում տարբեր մակարդակներում աշխատում է:

– Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ քաղաքական կոռուպցիան է ծնում այլ ոլորտներում կոռուպցիան:

– Չէ, այդպես միարժեքորեն պետք չի ասել, որովհետև կոռուպցիան ունի շատ տարբեր դրսևորման ձևեր: Օրինակ՝ գործարարության մեջ իր խնդիրներն ունի, որով պայմանավորված է: Իհարկե, ամենաթողությունը կարող է խթանել կոռուպցիան բոլոր մակարդակներում: Կոռուպցիայի զարգացման համար բարենպաստ պայմաններ են պետք: Այն որդի նման է, որ ընկնի մի տեղ, հարմար միջավայր լինի, կսկսի զարգանալ: Իհարկե, բոլոր երկրներում էլ կոռուպցիա կա, ուղղակի դա կամ անտեսանելի է, կամ չնչին է: Կա նաև կոռուպցիա, որ ավելի բարձր մակարդակի, ինտելեկտուալ, գրագետ է, ավելի մեծ գումարների հետ գործ ունի, բայց մեզ մոտ տեսանելի է, որովհետև բոլոր մակարդակներում կա՝ տեսուչից սկսած, համատիրությամբ, մինչև տարբեր բարձր էշելոններ:

Տեսանյութեր

Լրահոս