Գործարար. «Առաջին անգամ է, որ հայն արտագաղթում է հայի ձեռքով»
Հարցազրույց շվեյցարահայ գործարար Հակոբ Ավագյանի հետ
Հակոբ Ավագյանին շվեյցարահայ համայնքում գրեթե բոլորն են ճանաչում։ Գործարար է` գորգերի վաճառքով զբաղվող Tapis dգOrient ընկերության հիմնադիրն ու սեփականատերը։ Նաև քաղաքականության մեջ է ակտիվ, Շվեյցարիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության` Ժնևի փոխատենապետն է։ Հ. Ավագյանի հետ մեր զրույցը պետք է լիներ շվեյցարահայերի մասին, սակայն այնպես ստացվեց, որ ավելի շատ խոսվեց Հայաստանի ու հայաստանցիների խնդիրների մասին։
– Պրն Ավագյան, ասում են, որ Դուք Շվեյցարիայի հայկական գաղթօջախի ամենաակտիվ մարդկանցից եք։ Նաև ասում են, որ Հայաստանից արտագաղթողներին շատ եք օգնում։ Շա՞տ մարդիկ են գալիս Հայաստանից Շվեյցարիա։
– Վերջին շրջանում այդքան շատ չեն գալիս, եկողներն արդեն եկել են։ Հիմնականում Գերմանիա են գնում, Իսպանիա։ Բայց արտագաղթի այդ մեծ ալիքն ինձ իրոք շատ է մտահոգում։ Մենք աշխատասեր ժողովուրդ ենք։ Եթե մարդիկ աշխատանք ունենան, իրենց երկիրը չեն լքի։ Անգամ պատերազմի ժամանակ լույս չկար, գազ չկար, բայց ժողովուրդը երկրից չէր արտագաղթում։ Նաև արդարության պակասն է դեր խաղում։ Ամեն տարի զորակոչի թիվը նվազում է։ Սա է վտանգը, երբ երկրում բանակ գնացողների թիվը նվազում է։ Այսքան մտահոգ երբեք չեմ եղել։ Ու առավել ցավում եմ, որովհետև պատմության մեջ առաջին անգամ է, որ հայն արտագաղթում է հայի ձեռքով։ Նման բան երբեք չի եղել։
– Ի՞նչ հարցերով են Ձեզ դիմում նոր եկածները, ի՞նչ խնդիրներ ունեն։
– Ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Ինձ ավելի շատ մտահոգում է հարցի մյուս կողմը` ինչպե՞ս անել, որ մարդիկ չարտագաղթեն, մնան Հայաստանում։ Չէ՞ որ մենք` հայերս, ստեղծող ազգ ենք։ Մենք Եղեռնի ժամանակ ոտաբոբիկ, քաղցած գաղթել ենք արաբական երկրներ` առանց ոչինչ ունենալու, առանց լեզուն իմանալու։ Բայց կայացել ենք։ Ոչ միայն կայացել ենք, այլև նպաստել ենք, որ այդ երկրները զարգանան, ծաղկեն։ Իսկ մեր սեփական երկրի մեջ` Հայաստանում, թույլ չեն տալիս դա անել։ Ոչ թե չենք կարողանում, այլ թույլ չեն տալիս։ Ես չեմ ուզում մարդիկ Հայաստանից մեկնեն։ Գիտե՞ք` քանի անգամ եմ օդանավի տոմս գնել և մարդկանց ետ ճանապարհել Հայաստան։
– Բայց չէ՞ որ, եթե Հայաստանում այդ մարդու համար ավելի լավ լիներ, նա չէր լքի երկիրը։
– Որովհետև բոլորի մոտ տպավորություն է, որ Եվրոպայում շատ լավ է, դրամը թափված է։ Գիտեն, թե հենց ինքնաթիռից իջնեն` 50 դոլարանոցները թափված են լինելու ոտքերի տակ, իրենք էլ հավաքելու են։ Դա այդպես չէ։ Գալիս են, հետո են համոզվում, որ հեշտ չի։ Անգամ մենք, որ մի քանի սերունդ այստեղ ենք, ինչ-որ բանի հասել ենք, խնդիրներ ունենք։ Բայց մենք այստեղ մեր խնդիրները մի կողմ դրած` ուրիշ բաներով ենք մտահոգվում։ Շվեյցարացին երեկոյան նստում է ու կնոջ հետ քննարկում` ուր գնան հանգստանալու կամ մեքենան փոխեն` որի՞ց գնեն։ Մենք նստում-քննարկում ենք արտագաղթի հարցը, Ցեղասպանության ճանաչման հարցը, սահմանի կրակոցները…
Ես Հայաստան շատ եմ այցելում ու լավ գիտեմ վիճակը։ Գյումրեցին աշխատանք չի գտնում, գնում է Երևան։ Երևանում էլ աշխատանք չի գտնում, հուսահատվում է և գնում ուրիշ երկիր։ Իսկ եթե Գյումրիում գործ ունենար` Գյումրին էլ չէր թողնի։ Կամ` Երևանում շքեղ խանութ կա, հարցնում ես` ո՞ւմն է, ասում են` այսինչինը։ Այն մյո՞ւսն ումն է, նորից այդ նույն մարդունը։ Այդ մարդը խանութներ ունի, գործարաններգ Ամբողջը մի քանի հոգու ձեռքում է։ Նման պայմաններում փոքր ու միջին բիզնեսն ինչպե՞ս զարգանա։ Այդ մարդիկ անոթի չեն, անկուշտ են։ Դրա համար էլ երկիրը դատարկվում է։
Արդեն ժամանակն է զսպելու։ Ժամանակն է, որ ագահ չլինեն, նրանք, ովքեր այսօր աթոռի վրա նստած են` բավական է ուտել։ Թող գործարաններ դնեն, ներդրումներ անեն հայրենիքում։
– Իսկ սիրիահայերը գալի՞ս են Շվեյցարիա։
– Ոչ։ Սիրիահայերը Հայաստան են գնում։ Որովհետև հայրենասեր են, ուզում են իրենց հայրենիքում ապրել։ Ու եթե հավասար պայմաններ լինեն, արդարություն լինի` կհիմնավորվեն, օգուտ կտան երկրին։ Շատ լավ մասնագետներ են, ու ամենակարևորը` շատ ազնիվ են։ Ես եթե բիզնես ունենայի Հայաստանում` մեծ հաճույքով հալեպցի հայերին կվերցնեի աշխատանքի։ Չգիտեն` ինչ է խաբելը։ Ոչ թե չեն խաբում, այլ չեն էլ մտածում, որ կարելի է խաբել։
– Պրն Ավագյան, Հայաստանում տնտեսությունը զարգացնելու ու աշխատատեղեր բացելու ամենակարևոր պայմանը ներդրումներն են։ Ինչո՞ւ սփյուռքայերը Հայաստանին օգնում են, բայց բիզնես ներդրումներ գրեթե չեն անում։
– Որովհետև բիիզնես անելու համար օրենք ու պարկեշտություն պետք է լինի։ Եթե ես Հայաստանում բիզնես դնեմ ու խնդիր ունենամ այդ օլիգարխներից մեկի հետ, ինչպե՞ս կարող եմ օրինական ճանապարհով իմ իրավունքները պաշտպանել։
– Որքան գիտեմ, Դուք Հայաստանում բիզնես եք ունեցել։ Ինչո՞ւ չշարունակեցիք։ Ձեր նշած խնդիրների պատճառո՞վ։
– Որովհետև ինձ խաբեցին։
– Իշխանություննե՞րը։
– Ոչ, առանձին մարդիկ։ Խաբեցին, հիասթափվեցի և դուրս եկա։ Բայց հիմա այսքանից հետո նորից պատրաստվում եմ մի խոշոր գործ ձեռնարկել Հայաստանում։ Մոտ ապագայում արաբ գործարարների մի խմբի հետ կայցելեմ հենց այդ հարցերով։ Ես շատ հարուստ մարդ չեմ, բայց կապերս շատ են։ Եվ այդ կապերն օգտագործելով` կփորձեմ ինչ-որ բաներ անել։
Հիմա Հովիկ Աբրահամյանի նկատմամբ շատ վստահություն ունեմ։ Ճարպիկ մարդ է, պրակտիկ, խելացի մարդ է։ Տեսական չէ։ Տիգրան Սարգսյանն ավելի տեսական էր, իսկ Աբրահամյանն ավելի գետնի վրայի մարդ է։ Վստահ եմ, որ փոփոխություն կլինի, և ես էլ բոլոր ուժերս կներդնեմ։
– Բայց չէ՞ որ համակարգը նույնն է։ Ինչո՞ւ եք այդքան հավատում Հովիկ Աբրահամյանին։
– Ինքը ավելի ուժ ունի, քան Տիգրան Սարգսյանը։
– Իսկ ցանկություն ունի՞ փոխելու ինչ-որ բան։
– Կարծում եմ` այո։ Նորից եմ կրկնում, ինքը Տիգրան Սարգսյան չէ, ինքն ուժի մի մասն է, իսկ Տիգրան Սարգսյանն աութսայդեր էր։ Ես ներքին քաղաքականության մեջ չեմ ուզում խառնվել։ Ինձ նման իրավունք չեմ վերապահում, որովհետև ես հայաստանցի չեմ։ Դե, ձեր ներքին գործն է։ Բայց կողմ եմ, որ ոչ թե իշխանափոխություն լինի, այլ իշխանությունն իր քաղաքականությունը փոխի, մի քիչ կշտանա։ Մեզ ցնցումներ պետք չեն, թշնամին մեր դռանն է։
– Շվեյցարիան աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկն է, որտեղ աշխարհի մեծահարուստները պահում են իրենց միլիոնները։ Ասում են` Հայաստանից նույնպես մեծ գումարներ են հոսում դեպի Շվեյցարիա։ Դուք նման տեղեկություններ ունե՞ք։ Գիտե՞ք մարդկանց, որ իրենց փողը տեղափոխում են Հայաստանից Շվեյցարիա։
– Նման բան ասելու համար պետք է ձեռքիդ փաստեր ունենաս։ Չեմ կարող բամբասանք անել և նման բաներ ասել, եթե վստահ չեմ։ Բայց ընդհանուր առմամբ, լսում ենք նման բաների մասին։ Մյուս կողմից` ավելի լավ է` փողերը եվրոպական բանկերում լինեն, քան կազինոներում մսխեն։ Գոնե կիմանանք` բանկերում հայկական հարստություն է, կուտակված է մի տեղ, և մի օր կարող է օգտագործվել։
– Հայկական համայնքն այստեղ կազմակերպվա՞ծ է, միասնակա՞ն է։ Որքանով հասկացա, ինչ-որ խնդիրներ կան։
– Դժբախտաբար, այո, դուք ճիշտ եք։ Մինչև 4 տարի առաջ մենք Եվրոպայի ամենից լավ կազմակերպված գաղութներից մեկն էինք` հայախոս, միասնական, որը մեծապես օգնում էր Հայաստանին։ Ու այս գաղութն արժանի չէր, որ այս օրին հասներ։
– Խնդիրը ո՞րն է, ի՞նչը փոխվեց:
– Այսպես ասեմ` պետք չէ, որ Հայաստանը խառնվի գաղութների ներքին գործերին։ Այդ գաղութները, եթե զորավոր լինեն ու խաղաղ, շատ ներդրումներ կարող են անել Հայաստանում, օգնել քաղաքականապես ու տնտեսապես։ Բայց երբ խանգարում ենգ
– Ո՞վ է խանգարում:
– Չեմ կարող ասել։ Անհամություն կա այսօր գաղութի մեջ… Ու դրա արդյունքում` այս գաղութն իր պոտենցիալի 15%-ն էլ չի կարողանում օգտագործել։ Խնդիրները ներքին չեն։ Դրա համար ասում եմ` Սփյուռքը մի քանդեք։ Եթե կարողանում եք` Հայաստանում մի բան արեք օգտակար, Սփյուռքի գործերին մի խառնվեք։