«Թափառաշրջիկ պարուսույցը» Արցախ վերադառնալու հույս ունի

Ինչպես ինքն է իրեն կոչում կատակով՝ «թափառաշրջիկ պարուսույցը» եւ ազգագրական պարերի շուրջ համախմբված ավելի քան 200 երիտասարդ օրերս Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իսկական «պարային հրավառություն» կազմակերպեցին։ Այն անշուշտ չէր լինի, եթե մի օր բազմաթիվ հրավերների հետքերով Սարգիս Պարսամյանը՝ երիտասարդ պարուսույցը, չգար Արցախ։

«Տողի արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանի առաջարկով եկա Արցախ, սկսեցի դասավանդել նույն դպրոցում։ Որպեսզի ազգագրական պարի շարժ սկսվի՝ իմ մի քանի ընկերների հետ կարճ ժամանակահատվածում ստեղծեցինք պարի խումբ եւ մեզ հռչակեցինք «Արցախ ազգային պարի նախաձեռնություն»,-նշում է Սարգիսը։

Ինչպես ինքն է նշում՝ պարել ցանկացողների թիվը ձնագնդի էֆեկտ ստացավ, որը հետագայում հանգեցրեց արդեն անհատական խմբերի ձեւավորման, բաց դասերի։ Այդ ամենում Սարգիսը կարեւորում է ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությունը, որի շնորհիվ այդքան երիտասարդ, ինչպես նաեւ մեծահասակներ՝ 50 տարեկանից բարձր ծանոթացան ազգագրական պարերի նրբություններին։ «Փետրվարին, երբ հանդիպեցի մշակույթի նախարարի հետ՝ առաջարկ եղավ իրականացնել մի ծրագիր՝ «ազգային պարերի ուսուցման ու տարածման», ինչը սկսեց իրականություն դառնալ մարտից։ Ծրագրի շրջանակներում մեզ համար կարվում են 14 զույգի համար ազգային տարազ /երկու տեսակի՝ Արցախ-Սյունիք, կանաչ-կարմիր ավանդական տարազ, մյուսը՝ Սեբաստիայի նորահարսի տարազ/ ու տրեխ»։

Ազգային պարը 27-ամյա Սարգիսին ուղեկցում է դեռեւս վաղ մանկությունից. «3 տարեկան էի, երբ մորս ձեռքից բռնած հաճախում էի իմ ծննդավայր Աբովյանի կուլտուրայի պալատ. երկար ճանապարհ, երբեմն հոգնում էի, այն ժամանակ էլ տրանսպորտը լավ չէր աշխատում։ Մինչեւ 12 տարեկանս ժողովրդական պարերի էի գնում, ավարտեցի պարի դպրոցը, ստացա վկայական։ Այնուհետեւ որոշ ժամանակ թողեցի պարը, մինչեւ ուսանողությանս տարիները»:

Սարգիսի դեգերումները սկսվեցին 2011-ից, երբ սկսեց պարուսույցի իր աշխատանքը. սկզբում Երեւանի 91-րդ դպրոցում, նույն տարում Արմավիրի շրջանի մի գյուղում, այնուհետեւ նրան հրավիրեցին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքներին, որին մասնակցում էին հարյուրավոր հայ երիտասարդներ Հայաստանից եւ աշխարհի հայաշատ այլ ծագերից: 2006-2011թթ. ընկերոջ հրավերով պարում էր «Կարին» ավանդական երգի եւ պարի համույթում։ 2012-ի սեպտեմբերին Սարգիսը հրավեր ստացավ Լիբանանից. ուսումնական մի տարի դասավանդեց Այնճարի «Գալուստ Գյուլբեկյան» վարժարանում:

Անցած տարվա սեպտեմբերից մասնագիտական կյանքի օրագրին ավելացավ նաեւ Տողի եւ ճարտարի արվեստի դպրոցները։ «Պատասխանատվության զգացումն օրեցօր ավելանում էր ազգագրական պարերի հանդեպ հետաքրքրության բարձրացման հետ մեկտեղ»,- նշում է Սարգիսը, ում դասավանդմամբ Ճարտարի արվեստի դպրոցի սաները «Մշակութային խաչմերուկ-2013» մրցույթ-փառատոնի լավագույն պարողներ հռչակվեցին:

Սարգիսի աշակերտների եւ բազմաթիվ արցախցիների մասնակցությամբ օրեր առաջ կայացավ ազգային պարերի երեկոն. ստեփանակերտյան գալա համերգին մասնակցում էին շուրջ 200 հոգի՝ ոչ միայն Ստեփանակերտի, այլեւ շրջանների արվեստի դպրոցների սաներ, ինչպես նաեւ Կովսականի, Բերձորի, Շուշիի եւ մյուս բնակավայրերի պարասեր երիտասարդներ:

Սարգիս Պարսամյանը գալա համերգին ուներ անակնկալ՝ Արցախյան շուրջպարի պրեմիերա: Սարգիսը նշում է, որ 3 ամիս պարի բեմադրությամբ է զբաղվել՝ Տողի սաների մասնակցությամբ: «Շրջանային այցերի ժամանակ ես տեսա, թե տոնակատարությունների թեժ պահերին ինչպես էին մարդիկ ազգային պարերի շարժումներ անում, առաջին անգամ մտածեցի, որ պատահականություն է, սակայն հերթական անգամներն արդեն համոզիչ էին. հասկացա , որ սրանք Արցախյան շուրջպարի պատառիկներ են»,-մտքերն է կիսում Սարգիսը, ում բեմադրած Արցախյան շուրջպարին մասնակցում էին հրապարակում հավաքվածները եւ նույնիսկ Արցախ ժամանած զբոսաշրջիկները:

Այսպես ասած աշխատանքների եզրափակիչ փուլն արդեն տրված է. ուսումնական տարվա արդյունքներն արդեն հայտնի են. մոտ 200 երիտասարդ Սարգիսի շնորհիվ կարողանում են պարել: Թե ինչ կլինի նրանց հետ, արդյոք, հետագայում կշարունակե՞ն ազգագրական պարերի դասընթացները եւ կլինի մեկը, որ շարունակի պարապմունքներ՝ Սարգիսն այսպես պատասխանեց. «Մնալու դեպքում առաջնահերթ խնդիրը Արցախում մի քանի պարուսույց պատրաստելը կլինի, որպեսզի բոլոր շրջանների երեխաներին հասու լինեն ազգագրական պարերը: Հիմա էլ կան մի քանի աշակերտներ, ովքեր բավականին պատրաստ են շարունակել գործը։ Իսկ ես հակված եմ Արցախում մնալ, ցանկություն ունեմ»:

Սարգիսը նշում է, որ մեկ տարվա ընթացքում հասած հաջողության համար պարտական է իր ընկերներին, եւ յուրաքանչյուր աշակերտի, որովհետեւ նրանց մեջ էլ ուսանելու անսպառ ցանկություն կար: «Արցախցի երեխաները շատ տաղանդավոր են, եւ շուտ ըմբռնող»,-փաստում է Սարգիսը։

«Թափառշրջիկ պարուսույցի» մասնագիտական կյանքի դժվարությունը կայանում է ամեն անգամ երեխաներից բաժանվելու մեջ, բայց այս անգամ նա վերադառնալու հույս ունի. նույնիսկ կատակով նշում է. «Վեր մին սիրուն աղջիկ ճարիմ է՜…»:

karabakh-open.info

Մարիամ Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս