«Կալանքը որևէ մեկին պետք չէ` ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին, և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծարահեղ միջոց». Արթուր Ղամբարյան. pastinfo.am
Կալանքի` որպես խափանման միջոց կիրառման պրակտիկայի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերի շուրջ «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը:
– Վերջին շրջանում հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող մի շարք քրեական գործերի շրջանակներում պարբերաբար բարձրացվում է կալանքը` որպես խափանման միջոց կիրառման հարցը: Անգամ որոշ իրավաբանների կողմից հայտարարություն եղավ, թե կալանքը կիրառվում է` մեղադրյալին տուժողի հնարավոր վրեժխնդրությունից պաշտպանելու համար: Կարո՞ղ է արդյոք կալանքը կիրառվել` որպես պաշտպանության միջոց:
– Մենք շատ ենք խոսում խափանման միջոցի կիրառման հիմքերի, հիմնավորվածության մասին, բայց հաճախ անտեսում ենք, որ խափանման միջոցը կիրառվում է նաև, այո՛, քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության նպատակով: Բայց արդյոք նման կարգավորումը ենթադրու՞մ է, որ մեղադրյալին պաշտպանելու համար, որպեսզի տուժող կողմը նրա նկատմամբ ոտնձգություն չիրականացնի, պետք է նրան կալանավորել:
Կարծում եմ` գործող օրենսդրությունը նման հնարավորություն չի նախատեսում: Իհարկե, գործնականում հնարավոր է նման իրավիճակ, որ տուժողները ցանկանան հաշվեհարդար տեսնել մեղադրյալի հետ: Բայց դա չի նշանակում, որ դա կարելի է հիմք ընդունել՝ մեղադրյալին պաշտոնապես ազատությունից զրկելու համար միայն այն պատճառաբանությամբ, որ տուժողները նրան վնաս չպատճառեն: Եթե նման պրակտիկա լինի, դա նշանակում է` պետությունը ցույց կտա իր անգործունակությունը, ցույց կտա, որ ինքը մեղադրյալին այլ եղանակով չի կարողանում պաշտպանել տուժողից:
Գործող Քրեական դատավարության օրենսգրքում հատակ ձևակերպած է հետևյալ միտքը, որ կալանքը կամ խափանման միջոցը՝ որպես պաշտպանության միջոց, կիրառվում է այն դեպքում, որպեսզի բացառվի կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այլ անձին վնաս հասցնելու հնարավորությունը:
Հստակ է` օրենսդիրը ցանկանում է կալանքը կամ այլ խափանման միջոց կիրառել կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ, այն դեպքում, երբ վտանգը բխում է մեղադրյալից կամ կասկածյալից, և ոչ թե` նրա նկատմամբ:
Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի է, որ նման մեկնաբանություն կարող է տրվել: Ինձ համար զարմանալի է, որ կարելի է խափանման միջոց կիրառել՝ մեղադրյալին պաշտպանելու նպատակով: Դա չի բխում կալանքի ինստիտուտի էությունից:
– Միջազգային փորձն այս հարցի վերաբերյալ ի՞նչ է հուշում: Կա՞ նման դիրքորոշում միջազգային իրավունքի պրակտիկայում, որ հնարավոր է հետագայում ներդրվի նաև մեր երկրում, եթե արդեն այսօր նման միտում նկատվում է:
– Ես փորձեցի նաև ճշտել Եվրոպական դատարանում նման հնարավորություն նախատեսված է, թե՝ ոչ՝ մի փոքր իմանալով նաև ԵԴ իրավամտածողությունը սույն հարցի վերաբերյալ: Համապատասխան մասնագետների հետ զրուցելով՝ փորձեցի պարզել՝ կա՞ արդյոք նման դիրքորոշում, որ կարող են մեղադրյալին զրկել ազատությունից` նրան պաշտպանելու նպատակով: Եվ, համենայնդեպս, մասնագետները, որոնք երկար տարիների փորձ ունեն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրության, ինձ հստակ պատասխանեցին, որ նման պրակտիկա իրենց հայտնի չէ, և դա տրամաբանական է:
Ուստ՝ այս կտրվածքով, եթե մենք ունենք իրավակիրառ պրակտիկայում այնպիսի իրավիճակներ, որ տուժողները սպառնում են մեղադրյալին, վնասում են նրա գույքը կամ փորձում են մարմնական վնասվածքներ պատճառել, ապա պետք է փորձել մեղադրյալին պաշտպանել այլ եղանակներով: Քրեական դատավարության օրենսգիրքը` գլուխ 12-ը, նախատեսում է 12-ից ավել պաշտպանության միջոցներ, որոնք կարող են կիրառվել նաև մեղադրյալի նկատմամբ:
Եվ շատ դեպքերում մենք հենց մեղադրյալին պետք է պաշտպանենք մեկ այլ մեղադրյալից: Գործնականում ունենք դեպքեր, երբ երկու մեղադրյալ են, ունեն հակադիր շահեր, և նրանցից մեկը սպառնում է մյուսին: Մենք պետք է փորձենք այդ մեղադրյալին պաշտպանել, բայց ոչ երբեք նրան կալանավորելու եղանակով: Պետք է կալանավորել այն մեղադրյալին, ով վտանգ է ներկայացնում տուժողի, վկայի համար:
Մանրամասներն՝ այստեղ