ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատարը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելու առթիվ

Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելու առթիվ։ Մարթա Կոսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելու առթիվ։ Սա վճռական քայլ է տևական խաղաղության և կայունության ուղղությամբ։ Ես անհամբեր սպասում եմ իմ առաջիկա այցերին Հայաստան և Ադրբեջան և պատրաստ եմ աջակցել կարգավորման գործընթացին և տարածաշրջանային կապակցվածությանը»,- գրել է նա։

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դրանով կողմերը պաշտոնապես հաստատել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և անփոփոխելի։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է շարունակեն աշխատանքները համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս